×


«Զինվորից նամակ ստացա. «Դիրքերում Ձեր երգերն եմ լսում»». Շուշան Գեւորգյան

Երգչուհի, ռեժիսոր, դերասանուհի, մանկավարժ... Մեր զրուցակցի  գործունեության այս բոլոր ուղղությունների կողքին այսօր ավելացել է եւս մեկը՝ «հայապահպանության ջատագով» տիտղոսը։ Իմ այս դիտարկմանն, իհարկե,    Շուշանը  ժպիտով պատասխանեց ու ասաց՝ «մեծ բան չեմ անում»: Բայց իրականությունն այն է, որ մոսկվաբնակ մեր հայրենակիցն արդեն մի քանի տարիներ լծվել է այդ գործին, ինչը, կարելի է ասել, դարձել է նրա ապրելակերպի մի մասը։ 

- Ի՞նչը տարավ ապարանյան ու ջավախքյան արմատներով աղջկան Մոսկվա եւ ի՞նչը  պատճառ հանդիսացավ, որպեսզի նա երկու տարի մնալու փոխարեն, մնա մի փոքր ավելի երկար:  

- 2016-ին ընդունվեցի Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ВГИК) վերապատրաստման բարձրագույն կուրսեր: Միաժամանակ սկսեցի աշխատել Մոսկվայի Հայորդաց տանը՝ որպես գեղարվեստական ղեկավար, ու երեք տարի աշխատեցի այնտեղ։ Այստեղ, բացի  հիմնական մասնագիտական գործունեությունից, շատ էի շփվում մոսկվաբնակ մեր հայրենակիցների հետ,  ծանոթանում էի մարդկանց խնդիրներին ու հոգսերին, անհանգստություններին ու կամաց-կամաց եկա այն գիտակցությանը, որ հայապահպանության մեծ, անհանգստացնող խնդիր կա սփյուռքում, ու ես իմ համեստ ուժերով եւս պետք է  դառնամ այդ մեծ գործի մի մասնիկը։ Պատերազմից հետո մեր առաքելությունը փոխվել է, ավելի ճիշտ` հստակեցվել է։ Մենք ընդամենը 10 մլն ենք ու ամեն միավորը կարեւոր է մեզ համար։ Այսօր հայրենիքին ծառայելը պետք է լինի առաջնային։ Գիտեք, զգացել եմ, որ մեր օրերում վեհ, մաքուր բաներից խոսելն ընկալվում է որպես պաթոս, բայց ասածիս մեջ բացարձակ պաթոս չկա. մեր իրականությունն է: 

Շուշան Գեւորգյանը


- Մոսկվան բազմազգ քաղաք է, ինչպիսի՞ն է շփումը տարբեր մենթալիտետի մարդկանց հետ եւ արդյո՞ք միանգամից են հասկանում, որ հայ եք:

 -Ոչ, հակառակը, միշտ սխալ են «գուշակում»՝ «Вы дагестанка, грузинка, лезгинка, талышка, чеченка?»: Ասում եմ` չէ, այ մարդ, հայ եմ (ծիծաղում է,- խմբ.)։ Իրենք հայերին թուխ են պատկերացնում ավելի. խարտյաշ ու սպիտակ հայ աղջիկն անակնկալ է իրենց համար։ Մի անգամ շատ ծիծաղելի դեպք եղավ. հավելվածով տաքսի եմ պատվիրել ու չեմ կարողանում գտնել՝ մեքենան որտեղ է կայանել: Հեռախոսով երկար «բանակցում» էի վարորդի հետ, նա էլ ռուս չէր ու ռուսերեն շատ վատ էր խոսում: Երբ վերջապես գտա մեքենան ու նստեցի, վարորդն իր կոտրտված ռուսերենով հարցրեց՝ «Վի արմյա՞ն», ասացի՝ «да, я армянка», ասաց՝ «յա էտու սռասու փոնյալ, փօ վաշեյ աքսենթու (я это сразу понял, по вашему акценту)» (ծիծաղում է,- խմբ.)։

- Գողտրիկ Երեւանից տեղափոխվեցիք մեգապոլիս: Ձեզ փոքր չե՞ք զգացել երբեւէ, չե՞ք մոլորվել մեծ քաղաքում։

-Երբեք: Մարդու հոգին ու ոգին աշխարհագրության հետ կապ չունեն: Երբ երեխան ծնվում է, նա չի նայում քարտեզին ու մտածում՝ «ես փոքր երկրում եմ ծնվել, ուրեմն՝ պստլիկ հոգի պիտի ունենամ»: Մեր՝ հայերիս, հոգին ուղղահայաց է, մեր լեռների պես, ու մեզ հաճախ պակասում են տարածությունները լայն հորիզոնում, այդտեղից էլ սկսվում են դեգերումներն ու փնտրտուքը։

- Շուշան, երեք տարի անց Մոսկվայում ստեղծեցիք կենտրոն՝ «Արեգ-Արփի»՝  դարձյալ հայկականությունը պահպանելու համար։

- Այո, «Արեգ-Արփի» (ժպտում է,-խմբ.) անունը պատահական չէ ընտրված։ Մեր կենտրոնի սաները 6-15 տարեկան հայ արեւներն են։ Կրթամշակութային ծրագրեր ենք իրականացնում. երեխաները սովորում են գրել-կարդալ հայերեն, բանավոր խոսքի վրա ենք աշխատում, շատ բաներ սովորում ենք նաեւ խաղերի միջոցով, լսում ենք ազգային երգեր, սովորում ենք ազգագրական պարեր, հայ պոեզիային են ծանոթանում եւ այլն: Այսինքն` մշակույթի միջոցով փորձում ենք հայ պահել երեխաներին։ Մի օրինաչափություն եմ նկատել, իհարկե, բնավ չեմ ուզում  նեղացնել հայրիկներին (ժպտում է,-խմբ.), բայց այն ընտանիքներում, որտեղ հատկապես մայրն է հայրենասեր, երեխաները շատ ամուր են կառչած իրենց արմատներից ու նրանց ձուլման վտանգ գրեթե չի սպառնում:

Շուշան Գեւորգյանը


- «Խոսենք հայերեն, երգենք հայերն» հաղորդմանդ մասին. ինչպե՞ս այն ծնունդ առավ։  Ովքե՞ր են թիրախային լսարանը։

- Ինչի՞ց է ծնվում երգը, պոեզիան, նույնիսկ՝ կենացը (ժպտում է,-խմբ.), ասելիքից։ Ինչպես նշեցի, Մոսկվայում շատ էի շփվում մեր հայրենակիցների հետ, ու հասունանում էր նաեւ ասելիքը, գաղափարը։ Բայց, ինչպես գիտենք, կարեւոր է ոչ միայն բովանդակությունը, այլ նաեւ ձեւը։  Ու այսպիսի ձեւաչափ մտածեցի. նկարահանում ենք հայ բժշկի, խոհարարի, կավագործի կամ այլ մասնագիտության տեր մարդու՝ իր աշխատավայրում։ Խոսում ենք խոհանոցից, ամուսնությունից, հայապահպանությունից, հայ մշակույթից ու էլի շատ բաներից եւ ամենավերջում՝ երգում։ Բայց ոչ թե հինգ հոգով վեց երգ (ժպտում է,-խմբ.), ինչպես «Եռանկյունի» ֆիլմում է, այլ բոլորս միասին՝ մեկ երգ։ Երկրորդ հաղորդումը նկարահանեցինք Սանկտ Պետերբուգի մեր հայրենակիցների մասին։ Հուրախություն մեզ՝ որոշ ժամանակ անց հաղորդումից մի հատված ցուցադրվեց Պետերբուրգի Էթնոգրաֆիկ թանգարանում, որտեղ ներկա էին Պետերբուրգի գիտական էլիտայի ներկայացուցիչները։ Ի դեպ, երբ նոր էինք պատրաստվում նկարահանում իրականացնել թանգարանում, որոշ ադրբեջանցիներ տեղեկացել էին այդ մասին  ու քայլեր էին ձեռնարկում նկարահանմանը խոչընդոտելու համար։ Սակայն  թանգարանի տնօրինության, ու նաեւ Պետերբուրգի մեր հայրենակիցների շնորհիվ, ամեն ինչ հարթվեց։ Գիտեք, սփյուռքում եւս թշնամին ամենուր է, ու մենք պետք է մեր տեղում լինենք ու տեր կանգնենք մեր եղածին։

- Խոսենք երգարվեստի մասին. ձեր ընտանիքում բոլորը երգում են, ու քո երգելը ոչ մեկի համար զարմանալի չէր։ Բայց սկսեցիր երգել ավելի հասուն տարիքում։

- Դե, հասուն տարիքում երգեցի, քանի որ փոքր տարիքում ձայն չունեի (ծիծաղում է,-խմբ.)։ Ավելին՝ գնացի, որ ընդունվեմ երգչախումբ, ինձ ասացին՝ «Բալիկ ջան, դու ոնց որ հայոց լեզվից էիր, չէ՞, լավ» ու չընդունեցին (ծիծաղում է, -խմբ.)։ Հասունացման շրջանում ձայնս բացվեց։ Մի շրջան աշխատեցի Երգի պետական թատրոնում, միաժամանակ Թատերական ինստիտուտում էի սովորում։  Մասնագիտացա որպես ռեժիսոր, սակայն երգն անընդհատ ինձ հետ էր։

Շուշան Գեւորգյանը


- Պատերազմն ավարտվեց ու համացանցում հայտնվեց «Սարդարապատ» երգը՝ քո կատարմամբ։ Անկեղծ ասած՝ զարմացա, քանի որ այդ երգը հիմնականում երգում են երգչախմբով, կամ կատարում է արական սեռի ներկայացուցիչ։ Աղջկա կատարմամբ չէի լսել։ Ինչո՞ւ հենց այդ երգն ընտրեցիր։
 
- Պատերազմը դեռ չէր ավարտվել, որոշեցի ոգեւորող որեւէ երգ ներկայացնել, իսկ «Սարդարապատ» երգն անասելի սիրում եմ ու հենց այն ընտրեցի։ Իմ լավ ընկեր Արման Փահլեւանյանը, որն այս երգի գործիքավորողն է, շատ զարմացավ երգիս ընտրությունից, բայց գործին մոտեցավ իրեն հատուկ պրոֆեսիոնալիզմով։ Ռուս հնչյունային ռեժիսորի դեմքի արտահայտությունը հիշեցի (ծիծաղում է, -խմբ.)։ Երգը ձայնագրել ենք նոյեմբերի 7-ին, կպատկերացնեք՝ ինչ հոգեվիճակում եմ եղել: Ձայնագրման ժամանակ հայացքս մի պահ ընկավ Կոլյայի վրա (հնչ․ ռեժիսորի,-խմբ.)։ Զարմացած ու տագնապած ինձ էր նայում (ծիծաղում է, -խմբ.), հետո ասաց՝ «որ երգում էիր, տպավորություն էր՝ տանկերի շարասյունը գալիս է մարդու վրա»։ Մայրս միշտ ասում է՝ «Շուշիկ ջան, ախր դու աղջիկ ես, նուրբ երգեր երգիր» (ծիծաղում է,-խմբ.)։ Ես էլ պատասխանում եմ՝ «Մամ ջան, ճիշտ ես, բայց այսօր քնարական երգերի կողքին պետք է ռազմի երգերը լինեն, այո, հատկապես այսօր»։

Պատերազմի օրերին մեր դաշնակահարի հետ փոքրիկ տեսանյութ էի նկարել՝ փորձից, որտեղ երգում եմ «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը, ու այն տեղադրել էի համացանցում։ Որոշ ժամանակ անց մի զինվորից ֆեյսբուքյան հաղորդագրություն ստացա, որ դիրքերում իմ երգը մեծ ուժ է տալիս իրենց, ու որ անպայման շարունակեմ այդ ուղղությամբ։ Կներեք, երեւի անհամեստ եմ, չէ՞, որ բարձրաձայնում եմ(ծիծաղում է, -խմբ.), բայց դրանից մեծ գնահատական չի կարող լինել։ Ինձ համար կարեւոր չէ, որ ես ամեն գնով լինեմ ճանաչված, կարեւորը՝ սիրված լինելն է։ Այսինքն՝ այն, ինչ անում ես, դիպչի մարդկանց սրտին, թեկուզ նրանք լինեն հինգ հոգի։ Երգ ընտրելիս երբեք չեմ մտածում «շահեկան» է , թե՝ չէ։ Մեր գործում պետք է անկեղծ լինել։




-Պատերազմից հետո ասում են՝ սփյուռքում հիասթափության մեծ ալիք է բարձրացել ու հայրենիքից նեղացել են։

- Նեղացե՞լ։ Ոչ։ Կարելի է աշխարհում բոլորից ու ամեն ինչից նեղանալ, բայց ոչ hայրենիքից։ Հայրենիքը լավ կամ վատ պաշտոնյան կամ ներքեւի բամբասկոտ հարեւանը չէ, որ նեղանաս։ Ամբողջ սփյուռքի մասին չեմ կարող խոսել, կարող եմ ասել մոսկվաբնակ մեր հայրենակիցների մասին։ Եթե մենք Ձեզ հետ զրուցեինք դեկտեմբերին, կասեի, որ շատ թեւաթափ վիճակ է։ Բայց հիմա վերականգնողական փուլում ենք, լավ առումով՝ «բարկանալու» փուլում։ Մեքսիկական լավ ասացվածք կա․«Նրանք ուզում էին մեզ թաղել, բայց նրանք  չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

- Հաճա՞խ ես այցելում հայրենիք:

- Քովիդի ժամանակ փակ էր սահմաններն, ու ինձ համար կյանքը կանգ էր առել: Չգիտեմ կհավատաք, թե՝ ոչ, բայց, ֆիզիկական աստիճանի նույնիսկ, ինձ ուժ է տալիս միայն իմ հայրենիքի հողը։ Գալիս եմ Հայաստան, ու սիրտս նորից լցվում է կյանքով։ Գիտես, Մոսկվան սիրում եմ,բայց այն մի թերություն ունի՝ բույր չունի բառի ուղիղ իմաստով։ Իսկ Հայաստանը մեզ «երես» է տվել համերի, բույրերի, գույների առատությամբ: Ու ինձ հաճախ դա շատ պակասում է:

Շուշան Գեւորգյանը


- Իսկ ո՞րն է քո կյանքի բույրը։

- Հմմ, փորձեմ զգացողություններս «թարգմանել»: Օրինակ, երբ մորս գրկում եմ՝ արեւի հոտ է իրենից գալիս, հիմա կասեք՝ արեւի հոտը որն է։ Չգիտեմ, բայց մամայի հոտն է երեւի հենց։ Ասեմ ավելին` երբ ավագ քույրս բալիկներ ունեցավ, այդ արեւի հոտը նաեւ իրենից սկսեց գալ։ Մենք 4 քույր ենք ու իրար բաժանել ենք տարվա եղանակների։ Ինձ բաժին է ընկել գարունը(ժպտում է,-խմբ.)։ Այո, գարնան բոլոր բույրերն, ուղղակի կամ անուղղակի իմաստով, կյանքի իմ ընկալումն են. ծաղկած ծառերի ու յասամանի բույր, այդպես եմ ես զգում աշխարհը: Գիտեմ՝ միամիտ է, բայց այդպես է։

- Պատերազմից հետո առաջին անգամ էիր Հայաստանում. ի՞նչն է փոխվել:

- Արտաքուստ ոչինչ չի փոխվել, բայց... քայլում եմ Երեւանով ու ինձ թվում է՝ թախիծի մի մեծ ամպ կախված է քաղաքի վրա: Գնում եմ Գեղարդ, Սեւան, Դիլիջան, արեւոտ օր է, բայց թախիծի ամպը չի անցնում. ամենուր է: Դա այն լուսավոր թախիծը չէ, դա արցունքի հոտով, բթացած ցավի թախիծն է:

- Կհաղթահարե՞նք թախիծի ամպը, թե՞ դրա ներքո ենք ապրելու:

- Ես հավատում եմ, որ մեր արեւը ծագելու է, ջերմացնելու է, իսկ ով արժանի չէ այդ արեւին, վառվելու է... Ես հավատում եմ մեր ոգուն, կամքին, մտքին: Ես հավատում եմ մեզ: Ես հավատում եմ:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW