×


Սեւակ Խանաղյանը՝ Երեւանի փոխված տրամադրության եւ Գոռ Սուջյանի հետ հնարավոր զուգերգի մասին

44-օրյա պատերազմի օրերին հայերի համար զգացմունքների եւ կուտակված ապրումների արտահայտչամիջոցներից մեկը դարձավ Սեւակ Խանաղյանի «Արցախ» երգը: Չնայած նրան, որ Հայաստան հաճախ գալիս է, ռուսաստանաբնակ երգիչը վաղուց ելույթ չէր ունեցել այստեղ: Պատերազմից հետո նա առաջին անգամ հենց «Արցախ» երգով Երեւանում բեմ բարձրացավ մայիսի 5-ին՝ «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգի ընթացքում: BRAVO.am-ի հետ զրույցում Սեւակը նշեց, որ առաջին անգամ այստեղի հանդիսատեսի համար պետք է կատարեր այդ երգն ու իր համար կրկնակի հուզիչ էր իրավիճակը:

«Ինչպես շատ հայերի, այնպես էլ անձամբ ինձ համար «Արցախը» շատ կարեւոր եւ սրտաշարժ երգ է, քանի որ նախ մեր հայրենիքի մասին է, բացի այդ, երգի հեղինակն իմ լավ ընկեր, տաղանդավոր Սոսի Խանիկյան է, ով դժբախտ պատահարի հետեւանքով այլեւս մեզ հետ չէ: Երգը պատերազմից առաջ էր գրվել, բայց, կարծես, իր մեջ ամփոփում է նաեւ այդ օրերի ասելիքը: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, առաջիկայում նոր երգ կլինի այս թեմայով: Հույս ունեմ, որ մենք կհաղթահարենք այս դժվար փուլը եւս, Հայաստանի համար կրկին կգան այնպիսի օրեր, որ բոլորս իրար տեսնելիս սկսենք ժպտալ եւ երգել ուրախ երգեր»,- ասաց նա:

Երգիչը ստեղծագործական ակտիվ շրջանում է. սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ: Նրա խոսքով՝ մտքեր կան Գոռ Սուջյանի հետ նոր աշխատանք ներկայացնել, քանի որ նրա գործունեությունն իրեն դուր է գալիս: Համագործակցության մասին առաջիկայում կխոսեն. մտքերը դեռ իրականացման ճանապարհ պետք է անցնեն:

Սեւակ Խանաղյանը


Սեւակը շատ է սիրում քայլել Երեւանով, նայել մարդկանց, ուսումնասիրել, թե ինչպիսի փոփոխություններ են այստեղ եղել, եւ այս անգամ նկատել է, որ քաղաքն առաջվանը չէ:

«Հայաստանում կոնկրետ վայր չկա, որ առանձնացնում եմ, բայց ամեն այցիս ժամանակ երկար շրջում եմ Երեւանով: Պատերազմից առաջ քաղաքն ուրախ էր, լուսավոր եւ ժպտուն, հիմա այն տխուր է: Բնական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ այդ իրադարձություններից, այդպիսի կորուստներից հետո ամեն ինչ փոխվել է, կյանքն է փոխվել, տրամադրությունն առաջվանը չէ, եւ դա օդում է պտտվում»,-ասաց նա:

Հայաստանյան հանդիսատեսը միշտ է սպասում Սեւակին, ինչը նկատել է նաեւ ինքը. «Ես ամեն տեղ, բոլոր իմ հարցազրույցների ժամանակ եմ նշում՝ ինձ Հայաստանում ընդունում են այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ: Պատճառը պարզ է՝ ես հայ եմ: Ինչպես տանը մայրն է իր երեխային դիմավորում, այնպես էլ Հայաստանում ինձ են դիմավորում եւ ընդունում: Հայաստանն իմ տունն է, եւ դրա համար էլ ես իսկապես շատ կարոտում եմ, երբ այստեղ չեմ լինում»:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սեւակ Խանաղյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին