×


«Հիմա բոլոր մտքերս ծնվում են Վարդանիս հետ ենթագիտակցորեն զրուցելիս». Դավիթ Ամալյան

«Մետրո» թատրոնի դաhլիճում սպասում եմ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին: Երբ հեռախոսով պայմանավորվում էի, ասաց՝ «Ոչ թե պարոն Ամալյան, այլ պարզապես Դավիթ: Միայն այդ դեպքում շարունակենք խոսել»: Հետո արդեն հարցազրույցից սահուն անցանք զրույցի: Զրույցի ավարտին ասաց՝ «Գիտե՞ս, ես շփման մեջ չեմ սիրում «արդուկային» հարաբերություններ: Ոչ էլ կենցաղային այդ սարքն եմ սիրում ու դրա տված օգուտը։ Երբ տանը չեմ լինում, նոր արդուկ են անում։ Էդ կոկիկությունն իմը չի»:

Իսկ մեր զրույցը սկսվեց ու ավարտվեց Վարդանով: Թատրոնի բեմում մի քանի օր հետո ներկայացվելու է  որդու՝ 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի  պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացում՝ «Ապրեցնող երկխոսություն Վարդան Ամալյանի մտքերի հետ» խորագրով։ Վարդանի մասին խոսում ենք  ներկայով: Ու ամբողջ մեր զրույցի ժամանակ տպավորություն էր, որ Վարդանը ներկա է ու մյուս զրուցակիցը հենց ինքն է:

«Դե, մայիսի 14-15-ին Վարդանիս գործերն են բեմադրվելու: Կներես, թող անհամեստ չթվա, բայց Վարդանի գործերն անհամեստանալու գործեր են։ Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Էդգար Մեհրաբյանը՝ խորեոգրաֆիկ հետաքրքիր  լուծումներով, գրական սինթեզներով համեմված։ Նրա համար 15-ամյակի առթիվ տպագրեցի պատմվածքները, զոհվելուց հետո էլ վերատպագրեցինք, բայց ոչինչ չենք փոխել»,-պատմեց երգիչը:

Արմինե Գեւորգյանը եւ Դավիթ Ամալյանը


- Դավիթ, Վարդանն ունի մի հետաքրքիր պատմվածք՝ «Ինչպես բոլորը գիտեն», որը գրել է 14 տարեկանում: Բայց գիտեմ, որ այդ ժամանակ թվերին ուշադրություն չես դարձրել ու միայն նրա զոհվելուց հետո ես նկատել:

- Ճիշտ ես, էդ ժամանակ, որ կարդացի, ասացի՝ «Վարդան, էս մեկը շշել ես»: Քթի տակ ժպտաց, ու վերջ: Բայց թվերին ուշադրություն չէի դարձրել: Ընկերս՝ Արսեն Ղազարյանը, զանգեց, հարցրեց՝ ուշադրություն դարձրել եմ այդ թվերին։ Ասաց՝ նորից կարդամ: Կարդացի ու սարսռացի: Այն պատմում է մի մարդու մասին, ով մահից հետո հայտնվում է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։ Նախաբանն այսպես  է․

- Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, եւ հիշողությունները ջնջվում են լիովին։

-Լսիր, իսկ դա ցավո՞տ է։

- Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը...

Նա իսկապես ապրեց 19 կյանք: Ընկերներն ասում են, որ պատերազմի դաշտում գրել է, ցավոք սրտի, չի հասել մեզ, հավանաբար, թշնամու ձեռքն է ընկել, այլապես եթե մերոնց մոտ լիներ, կտային։ Էդ բառն արդեն չեմ էլ ուզում օգտագործեմ, բայց իսկականից դուխով էր, ոչ թե էս դուխովների նման։

- Դավիթ, նախկինում մեր հարցազրույցներից անբաժան են եղել Արցախյան ազատամարտի մասին հիշողություններդ, խոսել ենք միշտ քո ընկերներից՝ Դուշման Վարդանից, Վոժդից, Կարենից, Ցուլից, հիմա էլի պատերազմից ենք խոսում: 30 տարի անց պատմությունը կրկնվեց, նոր հերոսները համալրեցին ընկերներիդ շարքերը ու այն կարծես ամբողջացավ Վարդանով։

- Ցավոք, պատմությունը չկրկնվեց: Կրկնվեց պատերազմի եւ ավելի վատ պատերազմի տեսքով ու ավելի վատ արդյունքով։ Ինձ միշտ այս հարցերը մտահոգում են ու այդ հարցերի պատասխանները դեռ չեմ գտնում: Իմ ընկերները կփաստեն, որ այս սերունդն ավելի ուժեղ էր: Զինատեսակներով էլ Ադրբեջանն էն ժամանակ մի քանի անգամ ավելի էր զինված։ Չհասկացա՝ այս պարտությունն ով կազմակերպեց։ Չեմ ուզում վրեժ փնտրել, դավաճան փնտրել, բայց իրականում դավաճան գոյություն ունի՝ օդում, չմարմնավորված։ Չէ՛, սրանք դավաճան լինելու համար էլ են փոքր, քանի որ դավաճանն ավելի լուրջ բան է, քան իրենք։

- Գիտեմ, որ Վարդանի զինակից ընկերները հիմա դարձել են նաեւ քո ընկերները: Կա՞ն բաներ, որ պատմել են պատերազմի դաշտից, ու դա զարմացրել է քեզ:

- Թող անհամեստ չթվա, բայց չի զարմացրել: Ինքն իսկապես անվախ էր։ Մեկ-երկու տարեկան էր, երբ բակ էինք իջեցնում, մեկ էլ կարող էինք տեսնել, որ ձեռքը մտցրել է մեծ շների բերանը։ Ինքը ոչ մի կենդանուց չէր վախենում։ Բայց գենետիկորեն ինձ էր նման՝ սողուններից էր վախենում։ Ասում էր՝ «Պա՛պ, հենց օձ տեսնեմ, վազելով կգամ տուն»։ Կենդանի սողունն էլի տանելի է, բայց մարդ սողունն ի՜նչ զզվելի է։ Իսկ ընկերների հետ ընկերություն եմ անում: Ռաֆո անունով մի ընկեր ունի: Վարդանի հուղարկավորության օրը նրա զանգելու ժամին զանգեց, Վարդանի համարի նման համար էր, մի տեսակ սարսռացի։ Հետո, որ խոսեցի, ասաց՝ «Հոպար, էս ժամին զանգեցի, քանի որ Վարդանն էդ ժամին էր զանգում»։

Դավիթ Ամալյանը


- Ձեր հարաբերությունները հայր ու տղայի հարաբերություններ չէին:  Ընկերներ էիք ավելի շատ:

- Ես առհասարակ ոչ մեկի հետ չընկերություն չեմ անում, ոչ մեկի հետ անընկեր չեմ շփվում։

- Դավիթ, գերբնական ուժ մարդ պետք է ունենա ու վեհ լինի ամենից, որ Եռաբլուրում  երգի «Շնորհակալ եմ» երգը:

- Չեմ կարծում՝ ես վեր եմ ամեն ինչից, մարդ եմ՝ իմ բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով։ Իհարկե, դժվար է, երբ տղաս դիմացս պառկած է, բայց եթե Վարդանս զոհված չլիներ, միեւնույն է՝ ես այդ երգը պետք է երգեի։ Ուղղակի շնորհակալ լինելն ու ներողություն խնդրելն իմ ապրելակերպն է։ Այդ երգը գրվել էր ավելի վաղուց, իմ ընկեր Վրեժ Իսրայելյանին էր նվիրված, պարզապես Վարդանից հետո այն ավելի տարածում ունեցավ։ Կռիվը 4-5 օր էր՝ սկսվել էր, տղերքից մեկը զանգեց, հարցրեց՝ ինչ կա Վարդանից, ասացի՝ լավ է, նորմալ է, խոսել եմ։ Ասաց՝ դե, փառք Աստծո։ Ասացի՝ փառք Աստծուն որն է, Վարդանն արդեն զոհվել է: Ի՞նչ տարբերություն՝ գնդակն իրեն կպել է, թե՝ չէ, իր կողքին հարյուրավոր ընկերներ արդեն զոհվել են։ Ուղղակի ինքը ֆիզիկապես կա: Ես, որպես հայր, ուրախ եմ... Բայց ճակատագիրն այդ ուրախությունս երկար չպահեց։  



Նժդեհն ասում է.«Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, հայրենիքը՝ նրա մշակույթն ու ժողովուրդը»։ Եթե մենք մշակույթ ու ժողովուրդ ենք զոհում  պատերազմի ժամանակ, հայրենիքն էլ հետն ենք կորցնում։ Հա՛մ տարածք չունենք, հա՛մ մարդ չունենք։ Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է,տղերքը՝ չկան» տողերը դարձան՝ բարձունքն էլ չկա, տղերքն էլ։ Խաչիկի բանաստեղծությունը գողացան։ Էդ գործն ամեն կարդալուց իմ մեջ կշռում էի՝ բարձունքն էր պետք, թե՞ Դուշմանը։ Մեծ առումով ավելի լա՞վ չէր՝ Դուշմանը, Վոժդը, Կարենը, Ցուլը մնային ու սերունդ դաստիարակեին: Միգուցե մեր հասարակությունն այսպիսին չլիներ։ Էն օրը մեկը գրել է․«Դե, Շուռնուխի հերն էլ անիծած, դուք էլ, ձեր Շուռնուխն էլ։ Բա չասե՞ս․․․ Շուռնուխում ես ընկեր եմ կորցրել»։

- Որտե՞ղ, ե՞րբ կորցրինք մեր արժեհամակարգը։

- Նյութարժեւորման մեջ: Ինքը երբեք, ոչ մի գիշեր դիրքերում չի եղել։ Ամեն անգամ ուզում եմ մի անուն տալ... Այդ ճղճղոցի մեջ միայն տնտեսական հարցեր էր առաջ քաշում՝ կարագի գինը թանկ է, էս ինչի գինը թանկ է, ու ժողովրդին գրգռում էր։ Իսկ ժողովուդը նյութի հանդեպ հատուկ համակրանք ունի։ Պետություն քանդելու առաջին քայլը սոցիալական խնդիրներ ներարկելն է։ Ես 2008-ի մարտի մեկին հրապարակում եմ եղել, բայց հասկացա, որ ոչ մի քաղաքականություն մեծ արժեք չունի։ Թող ինձ ներեն հատկապես այն քաղաքական գործիչները, որոնք արժեք են:

Դավիթ Ամալյանը


- Դավիթ, ստեղծագործողներ կան, որ իրենց քաղաքական հայացքների մասին խոսում են երգերի, ստեղծագործությունների միջոցով: Բայց դու արտահայտվելու այդ ձեւը կարծես թե չես ընտրել: Գուցե այդպես ասածդ ավելի հասցեական լինի:

- Ես քաղաքական երգեր չեմ սիրում, բողոքի երգեր ունեմ՝ կապված մարդու տեսակի հետ: Օրինակ՝ «բիզնեսմեն տերտեր, թմբլիկ ասպետներ՝ դիրքերից փախած, հեղափոխական սեռափոխվածներ»։ Իսկ քաղաքականությունն այնքան փոքր է, որ նստես, մտածես, դրա մասին երգ գրես։ Իհարկե, բողոք կա մեջս, բայց հիմա այն, ինչ անում եմ, Վարդանիս հետ եմ անում։ Այսօր բոլոր մտքերս որ ծնվում են, ծնվում են Վարդանիս հետ ենթագիտակցորեն զրուցելիս։ Իսկ հոգեհանգստի օրն իր ձայնը լսել եմ, խոսել եմ հետը։ Այս ընթացքում դեռ մեղեդի չեմ գրել, չգիտեմ՝ ինչից է. չի ստացվել նստել գործիքի մոտ։ Բայց մտքեր թղթին տրվել են։

- Կենդանության օրո՞ք էլ էիր Վարդանի հետ զրուցում ու ամեն ինչ իր հետ քննարկում:

- Գիտես, շատ խոր հարց տվեցիր։ Առհասարակ, մարդիկ չեն հասկանում, որ կարելի է այնքան կապվել, որ կորցնելուց չափսոսաս: Իհարկե,  կապված էի, բայց մենք այս թեմաներով չէինք զրուցում: Ինքն, այսպես ասեմ, քուչի տղա էր, որ նման թեմաներով զրուցեի, կասեր՝ «Պա՛պ, լավ էլի, ախպոր պես»։ Մեր կապն ընկերական էր, մարդկային: Բայց խոհափիլիսոփայական զրույցներ երբեք չենք ունեցել:

- Բայց իր գրվածքներն այլ բան են ասում:

- Հա, ճիշտ ես։ Խոհափիլիսոփայական հումորներ ենք արել, բայց ոչ՝ զրույց։ Դե, իմ գրածներն էլ այդ մասին չեն խոսում, բայց մենք շփման մեջ կենցաղային ենք եղել։

- Հայրենասիրությունից չե՞ք խոսել:

- Միշտ ասում եմ, ընկերներս վիճում են հետս. Վարդանս, ես, ընկերներս՝ Դուշմանը, ընդհանրապես հայրենասեր չենք: Դուշմանը պատրաստված մարդ էր, որ գիտի՝ ինչի համար է կռվում եւ ինչ է անում։ Նժդեհի գրվածքներում հայրենասիրությունը չի շահարկվում։ Հայրենիքը ոչ թե պիտի սիրենք, այլ զգանք։ Մորը կարո՞ղ է պարտադրում են, որ սիրի։ Եթե սովորեցնում ես՝ ինչպես իր մորը սիրի, ուրեմն խաբում ես։ Ես վախենում եմ հայրենասիրության քարոզողներից: Եթե սկսում են քարոզել, հասկանում եմ, որ հայրենիքից մի բան չեն հասկացել։

Դավիթ Ամալյանը


- Դավիթ, «Հոգու հնչյուն» երգում մի միտք կա․ «Սակայն ես ինքս մի ստեղն եմ կյանքի, ու ինձ էլ ասես կյանքն է նվագում»: Գրվել է մոտ 20 տարի առաջ, բայց էլի  կյանքն է մեզ նվագում:

- Ցավոք սրտի, այո: Կներես անհամեստություն համար, բայց երգեր ունեմ, որ հիմա լսում եմ, մի տեսակ մարգարեական բան կա։ «Հոգու հնչյունը» գրել եմ 96 թ.-ին՝ բոլորվին այլ զգացողություններով, այլ մղումներով, բայց այս երգն այսօր ավելի արդիական է դարձել։ Ու այդպես շատ երգեր ունեմ, որ ուրիշ բանի համար եմ գրել, բայց հիմա ավելի արդիական են՝ «Հերիք եղավ, տեր», «Առուծախ»։ Երգացանկիցս դուրս եկավ «Եռաբլուր» երգը։ Մի ֆրազ կա․ «Էսքան որձեր որ ծնվեցին, տեսնես տղերք կդառնան»: Էն էլ ապրիլյան քառօրյայից հետո չերգեցի, քանի որ որձերն եկան, ասացին՝ տեսեք դո՞ւք եք տղերքը, թե՞ մենք։ Էս սերունդն այլ սերունդ է։

- Պարբերաբար ակումբային փոքրիկ մենահամերգներ ես ունենում, բայց նախկինում այդքան հաճախ հանդես չէիր գալիս: Կարոտո՞ւմ ես հանդիսատեսին։

- Պատկերացրու՝ ինքս կարիք ունեմ մարդկանց հետ խոսելու։ Ես հանդիսատեսի լռությունից եմ ինչ-որ բան վերցնում, բայց թե ինչ, չեմ կարող ասել։ Երբ համերգը վերջանում է, հոգիս իմաստավորված՝ նստում եմ խմելու։ Գիտես, երբ հանդիսատեսի հետ երկխոսություն մեջ ես մտնում, ու մարդիկ, քեզ լսելով, լռում են, դրանից թանկ բան չկա։ Իրենց լռության մեջ ամեն ինչ կա։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին