×


«Օլիմպիկոսի» պրեմիերան. 6 տարվա աշխատանք, ոգեւորված դերասաններ ու կատարված երազանք

Մեծ էկրաններին է «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը, որի ստեղծման աշխատանքները 6 տարի են տեւել:

Այն պատմում է Մեծ Հայքի Վարազդատ Արշակունի արքայի մասին, որը Հունաստանում Օլիմպիական չեմպիոն է հռչակվել: Նա 394 թվականի խաղերում 1-ին տեղն է գրավել բռնցքամարտի մրցումներում, կասեցրել իր թշնամու կողմից կազմակերպված դավադրություններն ու հաղթանակած վերադարձել Հայաստան:

BRAVO.am-ը ներկա է եղել առաջին ցուցադրությանը, զրուցել է մուլտֆիլմի ստեղծողների ու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասանների հետ:

Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սահակյանցը


Դավիթ Սահակյանց (ռեժիսոր)

Վարազդատի մասին անիմացիոն ֆիլմ ստեղծելու գաղափարն ավելի շուտ է առաջացել, քան «Անահիտինը», սակայն ավելի բարդ էր, դրա համար էլ սպասեցինք: Աշխատանքներն ավարտվել են 2020 թվականին, բայց կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով պրեմիերան հետաձգվեց:

Ուրիշ տրամադրությամբ էինք սպասում պրեմիերային, բայց ամեն դեպքում օրը եկավ: Ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ, առաջին դիտողներն էիք: Ձեզնից առաջ անգամ դերասաններից շատերն ամբողջությամբ այն դեռ չէին հասցրել նայել: Շնորհակալ եմ, որ այստեղ եք:


Արման Նավասարդյան (Վարազդատ արքա)

Այնքան վաղուց եմ աշխատել մուլտֆիլմի վրա, շատ բաներ չեմ էլ հիշում, ընթացքում հնչյունավորման էտապներ են եղել եւ երգերի ձայնագրություն: Տպավորություններս լավն են, մուլտֆիլմը մեզ անհրաժեշտ է:

Երկիրը ներկայացնող ուժեղ հայ տեսակի մասին է, որը պետք է կարողանանք վերագտնել ու փորձել այդպիսին լինել: Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է մեր քայլերին հաշիվ տանք, պատասխանտվության բեռից չխուսափենք ու ուժեղանալու համար ամեն մեկս պարզաապես մեր գործն անենք:


Զարուհի Բաբայան (Գոհար թագուհի)

Բոլորիս ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ աշխատանքի կապակցությամբ: Ինձ համար անիմացիոն ֆիլմում աշխատելու առաջին փորձն էր, հեշտ չէր, քանի որ պետք է կարողանալ կերպարի հույզերը, շարժումներն ու ամեն շունչը ճիշտ փոխանցել: Բայց երբ կողքիդ պրոֆեսիոնալ մարդիկ շատ են, աշխատանքդ հեշտանում է, որովհետեւ անընդհատ օգնում էին: Հետաքրքիր ընթացք էր, ուրախ եմ, որ իմ փոքրիկ լուման ունեցա մուլտֆիլմի ստեղծման գործում: Հուսամ՝ այն կսիրվի, կտարածվի աշխարհում ու կընդունվի:

Իրականում ծանր շրջան է բոլորիս համար, գուցե, շատ մարդիկ մտածեն, թե ինչու պրեմիերան այս օրերին արվեց, բայց հիմա, առավել քան երբեւէ, մեզ հաղթանակներ են պետք, անգամ փոքրիկ, որոնք կոգեշնչեն: Մուլտֆիլմում շատ եմ սիրում այն պահերը, որոնք հայրենասիրական են ու մտածելու տեղ են տալիս, օգնում են շատ բաներ վերարժեւորել:

Գոհարից հայ կանանց խոհեմություն ու իմաստնություն կսովորեն, եւ ամենակարեւորը, ինչն ընտանիքների հիմքն է՝ փոքրիկ զոհաբերություններ, որ ամուսինները միմյանց համար պետք է անեն:


Մկրտիչ Արզումանյան (գլխավոր չարագործ)

Իմ ամենասիրելի աշխատանքներից է՝ ձայնավորել մի կերպարի, որին նկարով ես տեսնում: Նրան ամեն կադրում հետաքրքիր ստանալը մեծ ջանքեր էր պահանջում: 5-6 տարի տեւեց ընդհանուր աշխատանքը, ուրախ եմ, որ այն անընդատ կարողացել եմ լավացնել: Բացասական կերպար սիրով եմ մարմնավորել, անիմացիոն ֆիլմերում նման հերոսներն աշխատելու ավելի տեղ ունեն ու հուզական են ստացվում: Մնայուն գործ է, կարծում եմ՝ «Օլիմպիկոսը» դուր կգա հանդիսատեսին:

Շատ անհասկանալի օրեր ենք ապրում, բայց մուլտֆիլմն իր մեջ հայրանասիրություն է պարունակում, գեղեցիկ հայերեն խոսք, մի փոքրիկ հաղթանակ է մեզ համար: Տարբեր լեզուներով էլ զուհագեռ փորձ է արվում արտերկրում ներկայացնել:

Մոլաթորին այնքան եմ սիրել, ռուսերեն տարբերակում էլ եմ ես կարդացել, փորձել եմ իմ ձայնով փոխանցել նրա կեղտոտության աստիճանը:


Ջուլիետա Ստեփանյան (Վարազդատ արքայի զոքանչ)

Կերպարը հետաքրքիր է, շատ մանրակրկիտ աշխատանք է տարվել այն ստանալու համար: Սկզբում ավելի թեթեւ մոտեցա գործին, բայց հետո հասկացա, որ մուլտֆիլմ ստեղծելն ավելի դժվար է: Ես չկամ, բայց պետք է կարողանամ ձայնով հարմարվել ուրիշ մարմնի եւ շարժումների: Ամեն ինչը պետք էր հստակ փոխանցել:

Արքայի զոքանչի կերպարն ինձ դուր եկավ. նա հումորով է, մայրական անհանգստություն ու վախ ունի, նաեւ կանացի է: Իր աղջկան ճիշտ խորհուրդներ է տալիս, որպեսզի ամուսնու կողքին լինի ու քաջալերի նրան:

Ուրախ եմ ինձ զգում, քանի որ մանկուց մուլտֆիլմեր շատ եմ սիրել, ամբողջ կյանքում նայել եմ, հիմա էլ շարունակում եմ: Իմ թաքնված երազանքներից մեկը կատարվեց:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW