×


«Մի քանի հոգի», «3․33», «ՆՈՊԱ» խմբերի համերգը Երեւանի ամենակոլորիտային անկյունում

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը մայիսի 30-ին վերածվել էր մեծ համերգասրահի. բեմում էին հայկական հիփ-հոփ երաժշտության ամենահայտնի անունները. «Մի քանի հոգի», «3․33», «ՆՈՊԱ» խմբերի տղաները՝ Ֆելիքս Խաչատրյանը, Ռոլանդ Գասպարյանը, A.Chilla-ն ու Սերժոն, որոշել էին ներկայանալ իրենց հին ու նոր գործերով, եւ նրանց այդ մտքից հետ չէր պահել Միշոյի՝ ԱՄՆ-ում գտնվելը։

Համերգի կազմակերպիչն էր Արման A.P. Պետրոսյանը, որը համագործակցում է միայն «Մի քանի հոգի», «3․33», «ՆՈՊԱ»  նախագծերի հետ ու նման բացառիկ միջոցառումների միջոցով նպատակ ունի Հայաստանում տարածել ու զարգացնել հիփ-հոփ մշակույթը:


Միջոցառման գործընկերների շարքում էր Telcell ընկերությունը, որն ապահովել էր համերգի տոմսերի վաճառքը, ինչպես նաեւ բարում հեշտ ու արագ վճարելու հնարավորությունը՝ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով։


«Վճարումների այսպիսի համակարգերն ապահովում են տարբեր ձեւաչափի միջոցառումների կազմակերպման ժամանակակից լուծումներ եւ լայն կիրառում ունեն ողջ աշխարհում։ Մեր դեպքում հարկավոր է ընդամենը սմարթֆոնում ներբեռնել Telcell Wallet հավելվածը եւ տոմսերը ձեռք բերել ցանկացած պահի՝ տանը նստած, ապա ձեւավորված QR կոդով ներկայանալ միջոցառմանը: QR կոդով վճարումները հասանելի են նաեւ բարում, մասնակցին մնում է միայն մոտենալ ու սկանավորել QR-ը եւ վերցնել իր խմիչքը: Այս արդի լուծումները կազմակերպչին թույլ են տալիս կենտրոնանալ միջոցառման մշակութային կողմի վրա, իսկ մենք ապահովում ենք տեխնոլոգիական կողմը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Telcell-ի հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը։


Մինչ DJ Sniper-ը բեմից ներկաներին հիշեցնում էր հիփ-հոփի համաշխարհային հին ու ամենահայտնի հիթերը, ամառային դահլիճը լցվեց մարդկանցով ու նոր շունչ առավ՝ բոլորի հետ սպասելով երեկոյի գլխավոր պահին։ Տղաները բարձրացան բեմ. ժամանակն էր ամենասիրված երգերը վերհիշելու, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացնելու։ Քիչ ծանոթ կամ դեռեւս չլսված երգերի մասին խոսելիս պետք է առանձնացնել հատկապես «ՆՈՊԱ» (Նոր պոետների ասոցիացիա) նախագիծը, որի հեղինակները Ֆելիքս Խաչատրյանն ու Ռոլանդ Գասպարյանն են։ Այս նախագծի շրջանակներում նրանք մի քանի երգ ունեն նաեւ A.Chilla-ի հետ։ Ռոլանդը պատմեց, որ համերգային դադարի ժամանակահատվածում հասցրել են երեք ալբոմ ձայնագրել, նույնիսկ երգեր կան, որ առանձին են ու որեւէ ալբոմում ընդգրկված չեն։


Ներկաներն էլ, որ նախքան համերգը սկսելը զբաղեցրել էին դահլիճի բոլոր նստատեղերը, առաջին կատարումից հետո արդեն հավաքվել էին բեմին մոտ՝ պարելու եւ տղաներին ձայնակցելու։ «Այսօր որոշել էինք մոտ 20 երգ կատարել, բայց աչքիս մի 30-ը երգենք»,- կեսկատակ ասաց Ֆելիքս Խաչատրյանը, Ռոլանդն էլ նկատեց` հիմա մարդիկ կսկսեն հաշվել։ Իհարկե, հաշվելու ժամանակ չեղավ, համերգը շարունակվեց մինչեւ ուշ երեկո, ու միմյանց հրաժեշտ տվեցինք՝ նոր հանդիպումների ու նոր թողարկվելիք երգերի սպասումով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW