Նոր ապրանքային նշանով, նոր գաղափարախոսությամբ ու նոր ծրագրերով ՀայՓոստ ՓԲԸ-ն մեկնարկում է վերաբրենդավորման գործընթացը, որը տեսանելի է դառնալու ոչ միայն Երեւանում ու մարզերում, այլեւ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։ Ընկերությունն իր նոր ռազմավարությունը, նոր թիմի հետ մեկ տարվա ձեռքբերումներն ու սպասվող նախագծերը ներկայացրեց մեծ միջոցառման ընթացքում, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին ու զրուցել ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի հետ։
«Այսօրվանից սկսած՝ հանրապետության փոստային բոլոր բաժանմունքները վերափոխվելու են նոր բրենդի ներքո՝ տեխնիկական նոր հնարավորություններով: Մենք ներկայանալու ենք նոր դեմքով ու առաքելությամբ։ Երեւի գիտեք՝ մեկ տարի է, ինչ մեր թիմը միացել է ՀայՓոստին, եւ այս ընթացքում բավական մեծ գործ է արվել. ստեղծել ենք ՀայՓոստի հնգամյա ռազմավարությունը, որով էլ առաջնորդվում ենք։ Մենք սկսել ենք աշխատել մոտ 5-6 շուկաներում, ստեղծել ենք տարբեր դուստր ձեռնարկություններ, ունենք նոր տեսլական, որն ընդունվել է կառավարության կողմից։ Արժեւորելով նախկին բրենդի հսկայական փորձը՝ մենք ստեղծել ենք նորը, որն ավելի երիտասարդ է, ժամանակակից ու դինամիկ»,- ընդգծեց Հայկ Կարապետյանը։
ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը
«Քո մարդիկ ամենուր»՝ այս նոր կարգախոսով է ներկայանալու ՀայՓոստն իր հաճախորդներին ու գործընկերներին։ Հիմքում մարդակենտրոնության գաղափարն է, ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները.«Հենց քո՛, ոչ թե ձեր մարդիկ, որովհետեւ այսպիսով մենք ուզում ենք ցույց տալ, թե որքան մոտ ենք մեր հաճախորդներին, բաժանորդներին, գործընկերներին ու աշխատակիցներին։ Այդ հոգատարության մասին է խոսում նաեւ մեր նոր լոգոն՝ թեւավոր «Փ» տառը, որը խորհրդանշում է մեր նոր արժեքները։ Այդ թեւերը ոչ միայն նրա համար են, որ մենք սավառնենք, վերելք ունենանք, թռչենք, լինենք արագ, այլ նաեւ այդ թեւերով հոգ ենք տանելու մեր հաճախորդների, մեր գործընկերների ու աշխատակիցների մասին։ ՀայՓոստը Համաշխարհային փոստային միության անդամ է, իսկ դա նշանակում է՝ դու ունես քո մարդն աշխարհի յուրաքանչյուր կետում»,- նշեց Կարապետյանը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե շատ մոտ ապագայում ինչ մեծ փոփոխություններ են լինելու վերաբրենդավորման շրջանակում։ ՀայՓոստի տնօրենն ասաց, որ ամենասկզբում լինելու է նոր կայքը՝ նոր բրենդինգով։ Իսկ արդեն վաղվանից հասանելի է լինելու նոր բջջային հավելվածը iOS եւ Android համակարգերի համար՝ սուպերհավելվածի գաղափարով.«Դրա շնորհիվ հնարավոր է լինելու օգտվել թե՛ մեր էլեկտրոնային դրամապանակի ֆունկցիաներից, թե՛ փոստային ֆունկցիաներից, ինչպես նաեւ կարողանալու եք հետեւել ձեր առաքանիների հետագծին։ Բացի այդ, մոտ օրերս կբացվի երկու նոր փոստային բաժանմունք Երեւանում եւ մեկ միասնական կենտրոն՝ Գյումրիում։ Այնուհետեւ ամեն ամիս մոտ տասը փոստային բաժանմունք կվերանորոգվի, կվերափոխվի։ Ի դեպ, մենք թարմացրել ենք նաեւ մեր մեքենաների պարկը մոտ 40 տոկոսով. այժմ ավելի շատ մեքենաներ ունենք։ Դրա շնորհիվ է, որ փոստի փոխանակումը երեք անգամ ավելի արագացել է Հայաստանում։ Ամեն մարզում էլ ունենք փոստի փոխանակման նոր կետեր։ Այսինքն՝ սա նոր փոստն է, որը միայն նամակ ուղարկելու եւ ստանալու վայր չէ։ ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է եւ հոլդինգ՝ իր լոգիստիկ ու ֆինանսական ծառայություններով, նորարար ու տեխնոլոգիական լուծումներով»։
Հայկ Կարապետյանն իր խոսքում նաեւ հիշեցրեց, որ նախորդ տարվա ընթացքում հասցրել են գործարկել HayPost Pay, iNovation, HayPost Retail ծրագրերը, ինչպես նաեւ ունենալ դեղերի առաքման հնարավորություն Հայաստանի ողջ տարածքում։ Այս ամենի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի արդեն նաեւ ՀայՓոստի նոր կայքէջում.«Դառնալ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր, ինչպես նաեւ միասնական հարթակ տարածաշրջանում հուսալի եւ ժամանակակից ծառայությունների մատուցման համար։ Սա է ՀայՓոստի տեսլականը»,- եզրափակեց նա։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: