BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի հերոսներն այս անգամ Գոռ եւ Վարսենիկ Սուջյաններն են: Խոսել ենք ոգեշնչման, երաժշտության կարեւորության, ընտանիքը երջանիկ դարձնելու գաղտնիքի ու բնության գրկում տուն ունենալու երազանքի մասին:
Մեղեդին
-Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունն ու ինչպե՞ս է միավորում:
Գոռ. Ապրելակերպ է, մասնագիտություն լինելուց բացի, նաեւ առաքելություն է: Կինս էլ երաժշտության հետ շատ սերտ կապ ունի: Հենց երաժշտությունն է մեզ կապել իրար, դրա շնորհիվ ենք ծանոթացել: Մեր ամբողջ կյանքը երաժշտության շուրջ է պտտվում, մեկ-մեկ կարող եմ հոգնեցնել. տանը շատ եմ գործիքավորում, ու այդ ընթացքը բավական ձանձրացնող է:
Վարսա. Դիմանում ենք (ծիծաղում են, -հեղ.): Իհարկե, հոգնեցնող պահեր էլ լինում են: Ինձ հաճելի է, երբ Գոռը նվագում է, միասին էլ շատ ենք տանը երգում: Ավելի շատ հոգեւոր երգեր ենք միացնում ու միասին համարյա ամեն օր կատարում: Երեխան այդ ընթացքում հիմնականում փակվում է իր սենյակում, հարեւաններն են մեր ունկնդիրները դառնում:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
- Որքանո՞վ են նման ձեր երաժշտական նախասիրությունները:
Գոռ. Տարիների ընթացքում այնքան ենք իրար նմանվել, որ համարյա նույն երգերն ենք սիրում: Ես իր ականջն եմ, ինք էլ՝ իմ: Դրա համար տարբեր նախասիրություններ չունենք:
Վարսա. Առաջ Գոռն ավելի շատ էր ռոք սիրում, հիմա երգ լսելիս հաստատ գիտեմ՝ իրեն դուր կգա, թե չէ:
- Իսկ ո՞րն է եղել ձեզ համար անմոռանալի համերգը:
Վարսա. Ինձ համար 2012 թվականին Մարզահամերգային համալիրում «Դորիանս»-ի համերգն է Գլեն Հյուզի հետ: Երբ Գոռին բեմում տեսա, սիրահարվեցի՝ որպես երաժշտի. այդ համերգն անմոռանալի էր, հիշելիս փշաքաղվում եմ: Հենց դրանից հետո ենք սկսել շփվել, ու առաջին քայլը ես եմ արել: Երեւի իմ կյանքի առաջին համերգն էր, որ նման տպավորիչ երգեր էի լսում:
Գոռ. 2011 թվականին Նիդերլանդներում Բոբբի Մքֆերինի համերգն էր յուրահատուկ: Բեմում միայն նա ու իր բարձրախոսն էին: Շատ հաջող համերգ էր, ու հիանալի տպավորություններ են մնացել: Բավական փորձ տվեց, վարպետության դաս էր ինձ համար, հանդիսատեսին էր ներգրավում: Հիմա ես էլ մենակ եմ հանդես գալիս. շատ բաներ եմ նրանից սովորել ու ոգեշնչվել:
- Հենց հիմա իրար ի՞նչ երգ կուզեք նվիրել:
Գոռ. Այնպես չենք ցանկանա իրար երգ նվիրել: Մենք ամենակարեւորն՝ իրար ենք միմյանց նվիրել, էլ բան չի մնացել: Նախկինում չէի պատկերացնում՝ ինչ է նշանակում մեկ մարմին դառնալ, բայց իրականում այդպես է:
Վարսա. Բոլոր երգերդ ինձ նվիրիր, ու վերջ (ծիծաղում է, -հեղ.):
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
- Ո՞ր պահին հասկացաք, որ հայտնի եք դառնում, ու ի՞նչ բերեց դա իր հետ:
Գոռ. Չեմ մտածել հայտնի դառնալու մասին, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց. սկսեցին ասել՝ երգելը ստացվում է, ու աստիճանաբար լսարանս ավելի ու ավելի մեծացավ: Ինչին ձգտում ու երազում եմ, կարծում եմ՝ դեռ չեմ հասել: Բոլոր մարդիկ իրենց մասնագիտության մեջ ձգտում են լավագույններին. ինձ միշտ ոգեշնչել են «Քուինը», Սթիվի Ուանդերը, Սթինգը: Շատ կուզեի համաշխարհային բեմեր դուրս գալ, խանգարող ոչինչ չկա, ամեն ինչ թող Աստծո կամքով ու ժամանակին լինի: Աշխատում եմ այդ ուղղությամբ ու ձգտում նպատակներս իրականացնել:
- Վարսա, իսկ Դուք ե՞րբ նորից կստեղծագործեք ու նոր կատարումներով հանդես կգաք:
Վարսա. Երգելու նպատակ կա, բայց ոչ՝ հիմա: Սպասում եմ՝ ամուսինս ազատվի իր գործերից ու ժամանակ տրամադրի ինձ: Հիմա օրս լցված է միմիայն ընտանիքով. միշտ լինում եմ Գոռի հետ:
Գոռ. Իր ամենակարեւոր տաղանդներից մեկն ասեմ, որ ինձ գրավեց՝ շատ հմուտ խոհարար է: Առաջին անգամ, երբ համտեսեցի իր պատրաստած տավարի լանգետը՝ աղցանով ու սնկով, չհավատացի, որ իր ձեռքի գործն է: Շատ տաղանդավոր է խոհանոցում, լավ է ստեղծագործում ու իմպրովիզներ անում: Ամեն անգամ նոր կերակուրներ ենք փորձում, համեղ սնվել սիրում ենք:
- Ինչպիսի՞ն է մեր երգարվեստը, ինչո՞ւ է հիմա պասիվացել ու կա՞ արդյոք մրցակցություն:
Գոռ. Հայաստանում երգարվեստ եղել է, կա ու կլինի, որովհետեւ տաղանդավոր ժողովուրդ ենք ու լավ երաժիշտներ ունենք: Անուններ չեմ տա, քանի որ շատ են, բոլորին էլ իրենց ոճի մեջ հարգում եմ: Մրցակցությանն առհասարակ լավ չեմ վերաբերվում, երբ երաժշտությունը մրցակցում է, հոգեւորը կորչում է: Եթե ունես քո ուրույն ձեռագիրն ու տեղը, այդ ամենից դուրս ես: Կորոնավիրուսի պատճառով էր պասիվացել, բայց հիմա նորից ակտիվացել է, մանավանդ ակումբային համերգներն են շատացել: Մեր ժողովուրդը մեծ սթրես տարավ, ու երաժշտությունն ամենաուժեղ դեղամիջոցն է, ինչ-որ չափով նրանց դուրս կհանի այդ վիճակից: Չենք կարող չապրել, իսկ դա անելու համար պետք է ավելի ուժեղ լինեք, քան առաջ էինք:
- Ի՞նչն է ձեզ ոգեշնչում, ինչի՞ շնորհիվ եք երգեր գրում ու համեղ կերակուրներ պատրաստում:
Գոռ. Կյանքում առհասարակ ամեն ինչն է ինձ ոգեշնչում՝ թե՛ վատը, թե՛ լավը: Առաջինի դեպքում ամեն ինչ անում եմ այդ վիճակից դուրս գալու համար, իսկ լավն օգնում է ոգեւորվածությունն արտահայտել: Ոգեշնչման ամենամեծ աղբյուրը մեզ համար Աստված է:
Վարսա. Հավատն ամեն հարցում գլխավորն է մեր կյանքում: Անգամ խոհանոցում պատրաստելիս միշտ Աստվածաշունչ եմ միացնում ու լսում:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
Ընտանիքը
-Ձեր ծանոթության մասին մի քիչ պատմեցիք, ինչպե՞ս ավելի լավ ճանաչեցիք իրար:
Վարսա. Այնքան էի ոգեւորվել ու հուզվել Գոռի համերգից հետո, որ որպես գործընկեր՝ Ֆեյսբուքով գրեցի նրան ու ասացի՝ հրաշք երեկո է ստացվել, ու նա պատասխանեց:
Գոռ. Շատ տարբերվող գրեց ու համարձակ, դրա համար միանգամից գրավեց: Մոտ 2-3 ամիս պարզապես գրում էինք իրար, իսկ դեկտեմբերին առաջին անգամ հանդիպեցինք: Իրար Թումոյի այգում տեսանք. այդ օրն այնտեղ համերգ էր: Հենց հանդիպեցինք՝ հրավառություն եղավ: Վարսան ինձ հրավիրել էր իրենց տուն՝ իր պատրաստածը համտեսելու: Գնացի ու մնացի:
Վարսա. Համտեսեց ու էլ չհեռացավ (ծիծաղում է, -հեղ):
- Ո՞նց հասկացաք, որ ուզում եք միասին լինել ու ընտանիք կազմել:
Գոռ. Ինքնըստինքյան ստացվեց, ամեն ինչ աճեց ու պահը եկավ: Հատուկ առաջարկություն չի եղել, պարզապես որոշեցինք ամուսնանալ: Շատ դեպքերում մարդիկ չափազանց ռոմանտիկ են սկսում իրենց հարաբերությունները, իսկ ամուսնության ընթացքում էլ չեն կարողանում իրար զարմացնել, ու ամեն ինչ ավարտվում է:
- Դուք իրար ինչո՞վ եք զարմացնում:
Գոռ. Ես զարմանում եմ իր իմաստնությամբ ու հումորով: Շատ ենք իրար հետ կատակում, յուրահատուկ հումորի զգացում ունի:
Վարսա. Գոռն ամեն ինչով է զարմացնում, առաջին հերթին՝ իր տեսակով, իր գրած երաժշտությամբ: Ամեն անգամ նրան բեմում տեսնելիս զարմանում եմ, այնտեղ լրիվ ուրիշ է, նորովի սիրահարվում եմ: Նրանից միշտ սովորում եմ, իմ կյանքի ուսուցիչն է:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
- Ի՞նչ անել, որ տարիների ընթացքում սերը չպակասի ու ընտանիքն ավելի ամուր դառնա:
Վարսա. Աշխատանք է պետք տանել: Շատ մարդիկ մտածում են, որ ամուսնանան, երջանիկ կլինեն՝ չմտածելով, որ ոչ թե ամուսնությունն է մարդուն երջանկացնում, այդ մարդն է կյանքն այդպիսին դարձնում: Դրա համար շատ ջանքեր են պետք: Ամենաառաջինը հարգանքն է իրար նկատմամբ, նվիրվածությունը, անկեղծությունը:
Գոռ. Սիրել նշանակում է նաեւ ջանք գործադրել ու զոհաբերությունների պատրաստ լինել: Այդ ընթացքը նաեւ պայքար է:
- Ընտանիքի օրինակելի մոդել ունե՞ք, որից սովորել եք ու ձգտում ենք նմանվել:
Վարսա. Կան մարդիկ, ովքեր 50 տարվա զույգ են ու մինչեւ հիմա էլ իրար սիրում են: Տարիների ընթացքում սերն ամրանում է, փոխվում են դրսեւորման ձեւերը:
Գոռ. Մենք ենք փորձում մոդել լինել: Սիրահարվածությունը մի շրջան է, սկզբում ասես հարբած լինես, բայց որոշ պահի դա անցնում է ու սկսվում է իրական սերը, տրվում ես ոչ միայն հույզերին, հասկանում ես, որ դա նաեւ կամքի դրսեւորում է: Տատիկիս քույրն ու իր ամուսինը մինչեւ կյանքի վերջ միասին եղան, շատ օրինակելի ու սիրուն զույգ էին:
-Իսկ ձեր ընտանիքն ինչպիսի՞ն կուզեք լինի 50 տարի հետո:
Գոռ. Երջանիկ տատիկ ու պապիկ լինենք մեր թոռների համար: Ես պապիկ չեմ ունեցել, դրա համար շատ կուզեմ՝ թոռներիս ամեն ինչով աջակցեմ:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
- Անդրադառնանք ձեր հարսանիքին. այն շատ յուրահատուկ է եղել, Գոռ, Դուք վերամբարձ կռունկով եք գնացել հարսի հետեւից, գաղափարն ո՞ւմն էր:
Գոռ. Ստեղծագործական մասով Վարսան է զբաղվել: Այն ժամանակվա համար մեր հարսանիքը շատ յուրահատուկ էր, ընդունված չէր, որ քառյակ նվագի կամ էլ կռունկ օգտագործվի:
Վարսա. Ես 12-րդ հարկում էի ապրում, բայց խնդրեցինք 4-րդ հարկի հարեւանին՝ իրենց տնից տանեն ինձ, որ շատ բարձր չլինի: Վախ ընդհանրապես չկար, այ, հիմա, գուցե չհամարձակվեի, իսկ այն ժամանակ անգամ եթե 12-րդ հարկ բարձրանար, հանգիստ կհետեւեի Գոռին:
Գոռ. Ակումբն էր շատ յուրահատուկ, այնտեղ նախկինում հարսանիք չէր եղել, երաժշտության համար ընկերներս էին պատասխանատու, ինչի համար շնորհակալ ենք: «Ռեինկարնացիան» երգեց, «Նյուզ» բենդը, մի քանի երգ էլ ես կատարեցի, Միքայել Ոսկանյանն ու ընկերները նվագեցին, Դիջեյ Դեյլն էր, Արման Մարգարյանը վարողն էր: Ամեն ինչ արեցին, որ անմոռանալի օր ունենանք:
Վարսա. Ի դեպ, Միքայելը մի անգամ պատմեց, որ իրենց բենդը մեր հարսանիքի առիթով է հավաքվել ու այդպես էլ մնացել: Շատ տարբերվող հարսանիք ենք ունեցել:
- Ձեր ազգանունը փոխել եք, ինչո՞ւ որոշեցիք ու արդյո՞ք Գոռի կողմից պարտադիր պայման էր:
Վարսա. Միշտ մտածել եմ, որ ամուսնանալուց հետո ամուսնուս ազգանունը կվերցնեմ: Գոռի ազգանունը չկրկնվող է: Ընդհանրապես չի պարտադրել, ամենասկզբում եմ փոխել:
-Ռոմանտի՞կ եք առհասարակ ու որքանո՞վ այն տեղ ունի ձեր կյանքում:
Վարսա. Այո, բայց ոչ այն ընդունված տարբերակով: Մի անգամ Գոռին հարցրին՝ աստղեր կիջեցնեք Ձեր կնոջ համար: Պատասխանեց՝ ավելի շատ կբարձրացնեմ դեպի աստղերը, ու դա ինձ շատ դուր եկավ: Ծաղիկներ նա ինձ երբեք չի նվիրում, բայց ամենակարեւորը՝ անձը նվիրելն է, երբ մարդն անկեղծ սիրում է քեզ:
Գոռ. Միասին բնության գրկում ենք շատ սիրում լինել, եթե դա կարելի է ռոմանտիզմ ասել: Քաղաքին չենք հարմարվում, բնության գրկում ասես մեր տանը լինենք: Վերջերս մեզ համար Ստեփանավանը բացահայտեցինք, Գյուլագարակը, որտեղ Դենդրոպարկն է, Դիլիջան ու Սեւան ենք գնում:
Վարսա. Ապարանն էլ ենք սիրում: Մեր երազանքն է տուն ունենալ բնության գրկում, նախընտրած տեղ ունենք, մտածում ենք, թե միրգը որտեղ լավ կաճի:
Գոռ. Վերջերս Ստեփանավանում սար բարձրացանք, անարատ խոտ ուտող կովերի կաթը խմեցինք: Շատ սիրուն է այնտեղ: Հենց այդպիսի տեղում ենք ուզում ապրել, մեր բերքն ու ֆերման ունենալ:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
-Սոցցանցերն ի՞նչ դեր ունեն ձեր կյանքում ու որքանո՞վ եք բաց:
Գոռ. Չափի մեջ ենք օգտագործում: Երբ սոցցանցերը դառնում են ինքնանպատակ, սկսում ես կյանքդ ավելորդ պլանավորել, որ լավ ու հետաքրքիր երեւաս, ու ամեն ինչ արհեստական է դառնում: Այն, ինչ բնական է ստացվում ու առանց ջանքերի, կիսվում ենք:
Վարսա. Ամեն ինչ չէ, որ ցույց ենք տալիս: Ես սիրում եմ գեղեցիկ նկարներ ու դրանք եմ տեղադրում: Երբեք չենք ձգտում որեւէ բան հատուկ ցույց տալ:
Որդին
-Խոսենք ձեր որդուց`Դանիելից: Ի՞նչ փոխվեց երեխայի ծնունդով ու ի՞նչ բերեց նա իր հետ:
Գոռ. Ինձ ընդհանրապես չէի պատկերացնում ծնողի կարգավիճակում, իսկ հիմա առանց իմ տղայի չեմ կարողանում, ամեն վայրկյան կարոտում եմ: Կյանքի ամենակարեւոր նպատակներից մեկը սերունդ ունենալն ու սիրո մթնոլորտում մեծացնելն է: Կարեւոր է, որ նա զգա մեր սերը, ամեն ինչ անում ենք, որ հենց այդպես լինի:
Վարսա. Անվերջ կարելի է իր մասին խոսել: Ինձ թվում է՝ մինչեւ երեխա չես ունենում, այդ զգացմունքները չեն առաջանում, լրիվ ուրիշ սեր է, ոչ մեկի նկատմամբ չես զգում:
-Միասին որտե՞ղ եք հիմնականում նախընտրում լինել:
Գոռ. Բնությունն է ամենասիրելի տեղը, մեր տղան էլ այդ առումով մեզ շատ նման է:
Վարսա. Հողի հետ խաղալ է սիրում, կարող է ժամերով զբաղվել: Գոռին ամենուր, այդ թվում՝ համերգների ժամանակ միշտ ուղեկցում եմ, երեխայի հետ այդ ընթացքում մայրիկս է մնում: Տանում է պարապմունքների ու դպրոց: Դանիելն այնքան շատ խմբերի է հաճախում՝ կարատեի, լողի, նկարչության, պարի, մի ժամանակ բրեյք դանսի էր գնում: Հիմա երաժշտական դպրոց է ընդունվում՝ հարվածային գործիքների բաժին:
- Ինչպե՞ս եք տեսնում նրա ապագան ու ինչո՞վ կուզեք զբաղվի:
Վարսա. Ապագան առհասարակ չեմ գծում, փորձում եմ՝ զբաղվի այն ամենով, ինչով հետաքրքրված է, ու տեղեկացված լինի:
Գոռ. Դեռեւս ամենաշատը սպորտ է սիրում, ամբողջ օրը մարզվում է, առավոտյան լույսը բացվելուն պես տանձիկի վրա է պարապում, ցատկեր անում:
Վարսա. Անգամ ամենահոգնած ժամանակ, երբ դպրոցից գալիս է ու դասերն է անում, րոպեն մեկ սալտո է անում, էներգիան չի սպառվում: Երբ մի քիչ գիրանում ենք, հուշում է, որ այդպես լավ չէ ու նիհարելու ժամանակն է. մեր մարզիչն է: Գուցե, սպորտն էլ ընտրի, ինչ ընտրություն էլ անի, դեմ չենք լինի:
Վարսենիկ Սուջյանը
- Նորից վերադառնանք ձեզ. վեճերից հետո ինչպե՞ս եք հաշտության գալիս:
Վարսա. Հիմնականում ես եմ Գոռին զայրացնում, խնդիրն ինձնից է լինում: Գոռն ընդհանրապես կոնֆլիկտային չէ, շատ խաղաղ է:
Գոռ. Ուժեղ կռիվներ չենք ունենում: Փոքրիկ վեճերն էլ լեզվակռիվ են լինում՝ թեթեւ, առանց գոռալու կամ վիրավորանքի: Ձեռք բարձրացնելն ընդհանրապես չեմ ընկալում, ինչպե՞ս կարող է տղամարդը կնոջը հարվածել: Երբ միմյանց նկատմամբ հարգանք կա, սերն է ամենակարեւորը դառնում:
- Իրար 5 բառով ինչպե՞ս կնկարագրեք:
Գոռ. Գթասիրտ, անկեղծ, ընկերասեր:
Վարսա. Իմաստուն, տաղանդավոր, խելացի, բարի, անկեղծ, աստվածավախ: Ավելի շատ կասեմ, իր բաց թողածն էլ կլրացնեմ (ծիծաղում են,- հեղ.):
- Ասացիք՝ տարիների ընթացքում նմանվել եք, իսկ իրարից ի՞նչ եք սովորել:
Գոռ. Ես շատ դեպքերում ամաչկոտ էի ու ամոթի զոհ դառնալու խնդիր ունեի, նրա շնորհիվ էլ այդպիսին չեմ: Առաջ ամեն ինչին կարող էի համաձայնել: Նույնիսկ դրա պատճառով շատ խնդիրների մեջ եմ ընկել:
Վարսա. Իրարից շատ բան ենք վերցրել, առաջ շատ էի հակառակվում, ըմբոստություն կար իմ մեջ: Բայց մեկ-մեկ հոգնում եմ ու հանձնվում: Տարիների ընթացքում շատ եմ փոխվել՝ թե՛ մտածելակերպով, ու թե՛ կյանքի նկատմամբ վերաբերմունքով:
- Նաեւ ոճային առումով եք փոխվել. Գոռ, Ձեր մազերն ավելի կարճացել են:
Գոռ. Այո, շատ-շատ եմ փոխվել, հագուստս էլ փոփոխությունների է ենթարկվել:
Վարսա. Առաջ էլ, հիմա էլ չի սիրում գնումների գնալ: Գիտե՞ք՝ ոնց եք շորեր գնում. իրեն արագ պետք է տանել խանութ, քանի որ միշտ ընդդիմանում է, շորեր տալ ու ստիպել՝ փորձի: Համարյա միշտ առանց իրեն եմ գնում հագուստները, բայց հետո հաճույքով հագնում է դրանք: Այսօրվա հագուստն էլ բացառություն չէ (ծիծաղում է,- հեղ.):
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
-Ի՞նչ կխոստովանեք իրար:
Գոռ. Օրվա մեջ այնքան ենք խոսում իրար հետ, չեք պատկերացնի, որ խոստովանելու բան չի մնում: Նույնիսկ մենք ենք զարմանում՝ ոնց ենք 8 տարվա ընթացքում օրվա մեջ այսքան խոսում: Ամբողջ օրը տանն ենք ու իրար հետ ամեն ինչ քննարկում ենք: Նոր բան չկա ասելու:
Վարսա. Անգամ պահեր են լինում, երբ ինչ-որ տեղ ենք գնում, ու մի 5 րոպե չեմ խոսում, Գոռն ամեն րոպե հարցնում է՝ ինչ է եղել, ինչ եմ մտածում: Կանայք կան, որոնք չեն կարողանում ամբողջ օրն ամուսնու հետ անցկացնել, եթե Գոռը մի քանի ժամով տեղ է գնում, տխրում եմ, զանգում իրեն:
«Գործով է ցույց տալիս, թե ինչքան տաղանդավոր է»
Վարսա. Գոռի մասին ամենաշատը ես կարող եմ պատմել: Նա բնական է, շատ մաքուր մարդ, ամենաշատը հավանում եմ, որ անկեղծ է, երբեք չի ստում, չի սիրում կեղծավորություն անել, ոչ մեկի վատը չի ցանկանում, Աստծուն է շատ սիրում: Բարի, կամեցող, օգնող, գթասիրտ է, ուրիշների համար մտածող ու անհանգստացող: Գոռի ազնվությունը կառանձնացնեմ, տաղանդների մասին էլ չասեմ, այնքան շատ են. գործով է ցույց տալիս, թե ինչ ձիրք ունի:
«Իմ ամենամոտ ընկերն է»
Գոռ. Առաջինը կնշեմ այն, որ իմ ամենամտերիմ ընկերն է. ինչ կատարվում է իմ կյանքում, կիսվում եմ նրա հետ, ու ճիշտ խորհուրդներ է տալիս: Շատ անկեղծ է, նույնիսկ երբ մեկ-մեկ պետք է թեթեւ կեղծավորություն անել, չի կարողանում: Բարի է ու հասնող է, ինչքան ընկերներ ունի, առաջինն ինքն է ձեռք մեկնում: Երբ տարիներ եք ապրում իրար հետ, այնքան ենք միասնական դառնում, որ ինչպես քո մասին դժվար կխոսես, նույնն էլ կնոջդ դեպքում է դառնում:
- Ու վերջում. ձեր համատեղ լուսանկարներից մի քանիսն առանձնացրել եմ ու կխնդրեմ՝ պատմեք այդ օրվա մասին:
Գոռ եւ Վարսենիկ Սուջյանները
Վարսա. Վերջերս մեր ընկերների հետ Ծաղկաձորում էինք. «Նեմրա» խմբի հետ էինք գնացել հանգիստը վայելելու, հենց Վանն էլ նկարել է մեզ: Գոռը նկարվել չի սիրում, դրանով էլ նմանվեցինք:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
Գոռ. Ապարանում շատ գեղեցիկ վայր կա, որտեղ եղեւնիներ են աճում: 2020-ին Վարսայի ծննդյան օրն էր, արտակարգ դրության ընթացքում ընտանիքներով գնացինք ու կտրվեցինք ամեն ինչից: Շատ հավես ու ուրախ օր էր:
Վարսենիկ եւ Գոռ Սուջյանները
Գոռ. Երկրորդ անգամն էի Փարիզում, իսկ Վարսան՝ առաջին, հուսանք` էլի կգնանք:
Վարսա. Շատ տպավորիչ էր, որովհետեւ ես Եվրոպայում մինչ այդ չէի եղել, երազանք էր Էյֆելյան աշտարակը տեսնել, եւ Գոռն այդ նվերն ինձ արեց: Նա առաջակեց, որ ուղեկցեմ իրեն Շառլ Ազնավուրին նվիրված համերգի ժամանակ: 3 օր մնացինք Փարիզում, բայց շատ բան հասցրինք անել, Լուվրում եղանք. անհավանական էր, որ հերթ չկար:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանման վայրը՝ Էլ Գարդեն
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: