×


Մեկ դերասանի թատրոն. ինչպես է անցել 19-րդ «Արմմոնո»-ն

Մայիսի 30-ից հունիսի 15-ը Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում «մեկ դերասանի թատրոն»-ի ձեւաչափով անցկացվեց «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը: Բացման արարողությունը տեղի ունեցավ ռուս գրող Վսեւոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացմամբ (բեմադրիչ՝ Արմեն Սաֆարյան, դերակատար՝ Լաուրա Ստեփանյան):

«Փորձեցինք ընդհանուր եզրեր գտնել հերոսի եւ մեր հասարակության միջեւ: Այն  խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ներկայացման մեջ, համամարդկային են: Խնդիրներ, որոնք կարող են կործանել երկրագնդի բոլոր մարդկանց: Մենք չէինք նկատում, որ մեր ընկերների շրջանում էլ կան նման մարդիկ, եւ  հասկացանք, որ դա նաեւ մեր ողբերգությունն է, մեր դժբախտությունը, որի կողքով հաճախ ենք անտարբեր անցնում»,- ասել է Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին:


Այս տարի եւս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալել, սակայն առցանց տիրույթում ակտիվ է եղել. առցանց իրենց աշխատանքները ցուցադրել են դերասաններ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից եւ Իսրայելից:  

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշել է, որ այս տարի «Արմմոնո»-ն ուշադրությունը բեւեռել էր բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ է տարել Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ հարթակ է տրամադրել երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ցուցադրվել է Նարինե Ալեքսանյանի «Նա» մոնոներկայացումը: BRAVO.am-ը պատմել է այդ մասին:

«Արմմոնո»-ի շրջանակներում անց են կացվել թատերականացված ընթերցումներ երկու ծրագրով՝ «Պատմություններ պատերազմի մասին» եւ «Պատմություններ սիրո մասին»։


Փառատոնի շրջանակում ցուցադրվել է բեմադրիչ, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի «Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը:

«Մտահղացումն առաջացավ 2020 թվականին, երբ բոլորս փակված էինք տներում, եւ ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար: Գաղափարն իրականացնելու գործում ինձ օգնել են Բեռլինում եւ այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- պատմել է Ռիմա Պիպոյանը:

«Ել»-ն արդեն արժանացել է մի շարք մրցանակների, իսկ մոտ օրերս ցուցադրվելու է ԱՄՆ-ում, Լեհաստանում եւ Իտալիայում: Ավելի վաղ ցուցադրվել է Բրազիլիայում:

ՀՀ վաստակավոր արտիստուհի  Նարինե Գրիգորյանը «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնին «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում հանդես է եկել Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն մոնոներկայացմամբ:

Նա դեռ նախորդ տարի ներկայացումը խաղացել էր բացօթյա հարթակում. «Բաց տարածքում շատ էներգիա ես ծախսում. օդը, աղմուկը: Մարդիկ շատ բաներ են տեսնում, ինչը նրանց ուշադրությունը շեղում է, իսկ փակ հարթակում շահել է երաժշտությունը: Մյուս կողմից, բացօթյա հարթակում շատ համարձակ էի, ջուր էր պետք շաղ տալ, առանց վարանելու առատ շաղ էի տալիս եւ այլն, ասես բնությունն էր մեջս խոսում: Բնության հետ արթնանում էր ամեն բան: Բոլոր սանձերդ արձակ են»,- անկեղծացել է Նարինեն:


«Արմմոնո» միջազգային թատերական 19-րդ փառատոնը փակվեց «Ագռավն ասաց» բեմադրությամբ (պիեսի հեղինակ՝ Արմենուհի Սիսյան, բեմադրիչ՝ Տաթեւիկ Մելքոնյան, դերակատար՝ Գոռ Համբարձումյան):

Համբարձումյանի խոսքով՝ «Ագռավն ասաց» ներկայացումը շատ խորն է. այստեղ կա տխրություն, ուրախություն, դառնություն եւ պոզիտիվ.«Համոզված եմ, որ այն ամեն մեկին մի տեղ է տանելու: Անհնար է, որ հանդիսատեսն իրեն չգտնի ներկայացման մեջ. այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, կհասնեն բոլորին: Անկեղծ ստեղծագործություն է. լուծում չի տալիս, այլ փաստ է ներկայացնում: Հերոսն ասում է. «Քիչ է պետք երազել: Քանի քանիսներին եմ տեսել իրենց երազանքների տան փլատակների տակ»: Ամեն մարդ ինքը պետք է ճիշտ լուծում գտնի, համարձակ լինի կյանքում, կայուն լինի»:

Փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ «Արմմոնո» փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW