×


«Նեմրայի» հետ՝ քամոտ տանիքին. բացահայտումներ եւ հումոր

Հնարավոր չէ «Նեմրայի» կատարմամբ լսած չլինեք «Նարե», «Daisy» կամ էլ «Born in 94» երգերը: Եթե ամեն ինչ գիտեք նրանց երգերի մասին, ժամանակն է բացահայտել նաեւ խմբի անդամներին:

BRAVO.am-ի հետ զրուցելու համար Վան ու Վասպուր Եղիազարյանները եւ Մարիաննա Կարակեյանը չվախեցան բարձրանալ Երեւանի բարձրահարկ շենքերից մեկի քամոտ տանիք ու խոսել իրենց մասին: Իսկ խմբի մյուս անդամը՝ Մարեկ Զաբորսկին, բացակայում էր, քանի որ երկրում չէ:

- Ե՞րբ եք վերջին անգամ այսպիսի բարձր տեղում եղել:

Վան. Վերջին անգամ էլի տանիքում էինք. ուզում էինք տեսահոլովակ նկարել, բայց չարեցինք:

Վասպուր. Ես ինքնաթիռում էի. Վարշավայից էինք վերադառնում:

Մարիաննա. Ես էլ հիշում եմ այն տեսահոլովակը, որ նկարեցինք՝ «Leave Me Alone»-ը:

«Նեմրա» խումբը եւ Հասմիկ Բաբայանը


- Իսկ ձեր ասպարեզում ամենաբարձր տեղը ո՞րն եք համարում:

Վան. «Ուեմբլի» մարզադաշտը՝ որպես հավաքական վայր:

Վասպուր. Մեծ թվով հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը:

Մարիաննա. Կուզեի մեծ սարի, օրինակ՝ Էվերեստի բարձրության վրա հայտնվել, բայց, իհարկե, հատուկ հագուստով, որ չսառենք:

- Իսկ ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «Նեմրան» ու խումբն ինչպե՞ս հավաքվեց:

Վան. Ես եւ Վասպուրը եղբայրներ ենք ու միշտ երազում էինք խումբ ստեղծել: Ոգեշնչվեցինք մեր սիրելի ռոք խմբերից՝ «The Beatles», «System of a Down»: Անբնական շրջան էր ու առանց մտածելու էինք անում ամեն ինչ: Շատ ջանքեր չպահանջվեցին, քանի որ անչափ սիրում էինք մեր գործը:

Մարիաննա. 4-րդ երաժշտին էին փնտրում, եւ ես պետք է հարվածային գործիքներ նվագեի, բայց հենց առաջին փորձի ժամանակ անցա ստեղնաշարային գործիքներին, քանի որ դաշնակահարուհի եմ: Շատ ոգեւորված էի, թիմային աշխատանքը հավանեցի, սկզբում դեռահասի ոգեշնչում էր, հիմա ավելի հասուն, գիտակցված ու մեծ նպատակներ ունեցողի ոգեւորության է վերածվել:

Վասպուր. Անսպասելի էր ամեն ինչ ու չծրագրված: Վանն առաջին անգամ էր բարձրախոս տեսնում, ես՝ բաս-կիթառ:

Վան. Սկզբում վերցրել ուտում էի բարձրախոսը, հետո հասկացա, որ երգելու համար է (կատակում է,-հեղ.):

Վասպուր. Ստեղծման օրվանից սկսել ենք սովորել, անիրական էր թվում ամեն ինչ, բայց չենք համարում, որ սա մեր առավելագույնն է: Դեռ սկիզբն է, թեեւ արդեն 9 տարի է անցել:   

Վասպուր Եղիազարյանը


- Ինչպե՞ս եք տարիների ընթացքում դուք փոխվել, ի՞նչ է ձեզ տվել խումբն ու դուք նրան:

Վան. Շատ հարցերի սկսել ենք թեթեւ վերաբերվել. առաջ թեկուզ քննադատություններին էմոցիոնալ էինք արձագանքում, հիմա համակարգված ենք դարձել: Սկզբում մի քիչ քաոսային էր ամեն ինչ, քանի որ դեռ փորձում էինք մեր գոյության մասին հայտնել, իսկ հիմա գտել ենք մեր տեղն ու վստահ ենք այն ամենում, ինչ անում ենք:

Մարիաննա. Ինձ վրա խումբը շատ ազդեց, հասկացա, որ գտել եմ իմը, ինչի համար ծնվել եմ: Խմբի հետ հասունանում ենք, ու մեր երաժշտության մեջ էլ փոփոխությունները երեւում են: Երջանիկ ենք, որ սիրելի գործով ենք զբաղվում: Հանդիսատեսից այնպիսի աներեւակայելի էներգիա ենք ստանում:

Վասպուր. Մեզ անսահման շատ հույզեր է տվել «Նեմրան», որը չեմ պատկերացնում՝ այլ գործով զբաղվելիս կլիներ:

- Քանի որ հույզերից խոսեցինք, ո՞րն է եղել ձեզ համար ամենատպավորիչ համերգը:

Վան. Ամեն համերգ իր առանձնահատկությունն ունի, ամենաէմոցիոնալ ելույթը «Դեպի Եվրատեսիլ»-ի ժամանակ էր. դժվար էր նստել ու սպասել քվեարկության արդյունքներին:
Ուրախ էինք ու զարմացած, որ հայ ժողովուրդը մեզ շատ բարձր գնահատեց: Իսկ որպես համերգ՝ «Tbilisi Open Air»-ը կառանձնացնեմ: Շատ հաճելի էր բեմը կիսել մեր սիրելի խմբերի հետ:

Մարիաննա. Ինձ Գյումրիում մեր ունեցած վերջին համերգն է շատ-շատ տպավորել:

Վասպուր. Առհասարակ, մարզերի համերգները շատ յուրահատուկ են անցնում: Արտաշատում անակնկալ համերգ ունեցանք, չէինք սպասում, որ այնտեղ այդքան ազատ ու անկաշկանդ երկրպագուներ ունենք:

Վան. Երբ նոր էինք սկսում, մարդիկ գիտեին մեր երգերը, բայց ամաչում էին բարձր երգել, Երեւանում այդ խնդիրն աստիճանաբար անցավ, ու զարմացանք, որ մարզերում էլ այդքան ազատ են:

Մարիաննա Կարակեյանը եւ Վան Եղիազարյանը


- Ե՞րբ հասկացաք, որ ձեր խումբը սիրելի է դառնում ու երկրպագուներ ունեք:

Վան. 2015 թ.-ին Ուլան Ուդեում միջազգային փառատոնում երգեցինք, այնտեղ առաջին անգամ մեզնից ստորագրություն վերցրին ու նկարվեցին: Երեւանում երբեք նման բան չէր եղել, իսկ 2016 թ.-ին «Արենա Լայվ»-ի համերգից հետո համոզվեցինք, որ մեզ շատ են լսում:

Վասպուր. Ալբոմի թողարկումից հետո հասկացանք, որ սիրված ենք:

- Ի՞նչ բերեցիք մեր երգարվեստ ու ինչի՞ շնորհիվ սիրվեցիք:

Վան. Մեր երգերը լույս, սեր եւ ազատություն ունեն, մեր մտքերն ու էմոցիաները բերեցինք, իսկ դրանք որքանո՞վ էին ինքնատիպ, երկրպագուները կասեն:

«Նեմրա» խումբը


- Ամենապասիվ ստեղծագործական տարին ո՞րն էր «Նեմրայի» համար:

Վան. Քովիդի տարին ամենապասիվն էր. այդ ընթացքում առցանց համերգների մասնակցեինք, տեսահոլովակ նկարեցինք՝ «She is Beautiful»-ը:  

Վասպուր. Բայց այն ամենավատը չէր նյութի առումով, քանի որ համերգներ ունեցանք ու տեսահոլովակ նկարեցինք, որով Սերժ Թանկյանը կիսվեց իր էջում, ինչից շատ ոգեւորվեցինք: Երբ պրեմիերան արեցինք, արձագանքներից այդքան էլ գոհ չէինք:

Վան. Շատ ջանքեր էինք դրել ու մեր կարծիքով շատ լավ արտադրանք էր, ավելին էինք սպասում, բայց ստանդարտ գնահատականի արժանացավ: Գնացի քնելու, քանի որ ամեն ինչ պարզ էր ինձ համար:

Մարիաննա. Ես գիտեի, որ Վանը տրամադրություն չունի, ուզեցի այդ նորությունից զարթնի, միանգամից զանգեցի ու ասացի: Առաջինը Վասպուրն էր տեսել:

Վան. «SOAD»-ը մեր թիմի կյանքում շատ մեծ ազդեցություն ունի, երբ դեռ փոքր էինք, հարեւանի համացանցին կպած հեռախոսով իրենց երգերն էինք լսում, զարմանում ու հիանում: Այդ ժամանակ միտք էլ չկար կիթառ նվագելու ու բացառված էր, որ կերգեմ: Բայց սկսեցի երգեր գրել ու ինձնից լավ ոչ ոք չէր կարող կատարել դրանք:

/>

-Ի՞նչ է տարիների ընթացքում դարձել ամեն մեկիդ համար «Նեմրան»:

Վան. Իմ կյանքն է, դրանից դուրս կյանք չունեմ, գիտեմ, որ վատ է, բայց իմ ընտրությունն է: «Նեմրան» փախուստի միջոց է իրական կյանքից:

-Իսկ ի՞նչ կա «Նեմրա»-ում, որ իրական կյանքում չի հանդիպում. նման ուժեղ քամիներ լինո՞ւմ են:

Վան. Փոթորիկներ են լինում, սրանից ավելի շատ ուժեղ, մանավանդ, երբ բոլոր էմոցիաներդ տալիս ես ու հանկարծ կարող ես քիչ ստանալ: Թեեւ, բարեբախտաբար, հազվադեպ է լինում, երբ նայում եմ մնացած խմբերին, հասկանում եմ, որ երջանիկ ենք, քանի որ մեզ շատ են սիրում: Մեր կյանքը նվիրեցինք այս գործին, ռիսկի դիմեցինք ու այն արդարացվեց:

Վասպուր. Ինձ համար էլ ամեն ինչ է. 18 տարեկանից նրա հետ եմ մեծ կյանք մտնել:

Մարիաննա. Անկախ նրանից՝ ինչքան մարդ կգա ու կգնա իմ կյանքից, «Նեմրան» սրտի զարկերակի պես առանձին ապրում է: Ոչինչ չի ազդում նրա վրա, հուսով եմ՝ մինչեւ վերջ էլ այդպես կլինի:

Վան Եղիազարյանը


- Խմբում կոնֆլիկտներ, թեթեւ վեճեր հնարավոր չէ չլինեն: Ո՞նց եք հարթում դրանք:

Վան. Ինչքան շատ ենք մտերմանում, կռիվները շատանում են: Հարազատ ենք դարձել ու էլ չենք քաշվում իրարից: Կռիվները շատ են լինում ու բավական թեժ:

Վասպուր. Հաշտարարը լավ համերգներն են, վատերն ամենամեծ կռվարարն են:

Մարիաննա. Վա՜յ, ինչ սիրուն ասացիր (ծիծաղում են,-հեղ.):

- Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ համերգը վատը համարվի ձեզ համար:

Վան. Հիմնականում մեզ համար վատ համարվող համերգներից հետո արձագանքներն այնքան բուռն են լինում, մենք էլ՝ սիրված: Բայց հասկանում ենք՝ ինչը սխալ արեցինք, ինչը պլանավորածի պես չանցավ: Պատահում է, որ բոլորս նույն համերգի ժամանակ մի բան այնպես չենք անում. կենդանի համերգների ընթացքում հնարավոր չէ խուսափել սխալներից:

Վասպուր. Եթե հանդիսատեսը սառն է լինում, այդ համերգի տրամադրությունը ոչ մի կերպ տեղը չի ընկնում:

Մարիաննա Կարակեյանը


- Իմպրովիզների մասին խոսենք, ի՞նչ տեղ ունեն դրանք ձեր ելույթների ժամանակ:

Մարիաննա. Ամենաշատը Վանն է անում:

Վան. Դե, եթե երաժիշտներից մեկը սկսի անել, ինձ վատ իրավիճակի մեջ կդնի, դրա համար ես եմ անում, հեշտ է, որ իմ հետեւից խումբը գնա:

Վասպուր.
Կամ Վանն է, կամ՝ Մարեկը: Երգից հետո Մարեկը կարող է մի 10 րոպե շարունակի նվագել: «Connection Lost»-ն առաջին անգամ իմպրովիզ ենք արել, դեռ ոչ մի անգամ փորձի ժամանակ չէինք նվագել, Մարեկը չէր էլ լսել այն: Համերգի ընթացքում Վանը սկսեց նվագել, ես Մարիաննային արագ նոտաներն ասացի, կեսից Մարեկը մտավ, ու մոտ 8 րոպեանոց երգ ստացվեց, հենց այդ նույն ձեւաչափով էլ ձայնագրեցինք: Իսկ մի անգամ Վանի մտքով անցավ ջրի շշին ոտքով հարվածել, ու այն կպավ աղջիկներից մեկի գլխին:

Վան. Հետո ընկերը եկավ ու խոսեց ինձ հետ, ամեն ինչ հարթվեց:

- Ձեր աշխատանքի ամենասիրելի ու չհավանած կողմերը:

Վան. Նոր երգի տեսահոլովակը ներկայացնելն եմ սիրում, մինչեւ այդ շատ մեծ աշխատանք է տարվում, երբ այն հանդիսատեսին ես հանձնում, կարող ես արդեն նոր գործերով զբաղվել: Այդ վերջին կետում նյարդերդ սկսում են տեղի տալ, ինձ հաճույք է պարգեւում, որ ձերբազատվում եմ այդ երգից: Տալիս ենք հանդիսատեսին ու էլ մերը չի լինում: Չեմ սիրում, երբ փորձերի ժամանակ ձայնն իմ պատկերացրածի պես չի ստացվում:

Վասպուր. Երգ գրելն է ամենահաճելին ու փորձերը, որ նոր բան ես ստեղծում:

Մարիաննա. Ամենաչսիրածը տանը միայնակ պարապելն է, իսկ խմբով փորձերը շատ հաճելի են:

- Մարիաննա, տղաների հետ որքանո՞վ է բարդ աշխատել, ու դուք ի՞նչ կասեք նրա մասին:


Մարիաննա. Տղաները սովորություն ունեն միավորվել, ու ես 3 հոգու դեմ եմ լինում, բայց դե, ես էլ շատ պայքարող տեսակ եմ, լաչառություն եմ անում, ոնց որ թե անցնում է:

Վասպուր. Մարիաննան երիտասարդ տարիքում երգչախմբի ավագ է եղել ու անցումը նրա համար դժվար ստացվեց: Բացատրում էինք, որ պետք չէ երգից հետո խոնարհվել ու բոլորին ժպտալ (ծիծաղում են,-հեղ.):

«Նեմրա» խումբը եւ Հասմիկ Բաբայանը


- Անհանգստություն կամ վախ բեմ դուրս գալուց առաջ լինո՞ւմ է:

Վան. Ես առաջին իսկ օրվանից երբեք չեմ ունեցել: Թեեւ շատ անհանգստացող մարդ եմ, բայց միակ տեղը, որ հանգիստ եմ լինում, համերգներն են: Հանդիսատեսի հետ միասնություն ենք դառնում:

Վասպուր. Համերգին նախորդող 2 ժամն ամենածանրն են, քունս սկսում է տանել, ուզում եմ շուտ սկսենք նվագել, իսկ բեմի վրա բացառված է, որ անհանգստություն լինի: Մեր խմբի դրվածքն այնպիսին է, որ ոչ մի ամոթալի բան չկա, այն ենք, ինչ կանք:

Մարիաննա. Իմ դեպքում ավելի աղջկական անհանգստություն է. առավոտից կամ մի քանի օր առաջ սկսում եմ հարցնել՝ ինչ են հագնելու: Առաջ շատ էի լարվում, հիմա սովորել եմ, չեն ասում, ինչ կուզեմ, կհագնեմ (ծիծաղում է,-հեղ.): Ֆեստի ժամանակ հողաթափով էլ ենք բեմ դուրս եկել, կիսատաբատով էլ, սահմանափակումներ այդ առումով չունենք:

- Ձեր ամենադիտված տեսահոլովակը «Նարե» երգինն է: Կարո՞ղ եք ասել՝ որքան դիտում ունի այս պահին (4,855,336,- խմբ.):

Վան. Վերջերս նայել եմ, 4,7 կամ 4,8 մլն էր:

Վասպուր. 4715041մլն:

Մարիաննա. 4850625մլն:

/>

- Իսկ ինչո՞ւ այն այդքան սիրվեց ու դիպավ ոչ միայն հայ, այլ նաեւ արտասահմանցի երկրպագուների սրտերին:


Վան. Իսկ ինչո՞ւ պետք է չսիրվեր: Զարմանալի է, որ մյուսներն էլ այդքան չեն դիտել: Փորձում ենք կատարել հայկական այն երգերը, որոնք դեռ մոդեռնիզացված չեն, նոր սերնդին ենք դրանք ներկայացնում ու արտասահմանցիներին, որոնք մեր անգլերեն երգերն են սիրում: «Նարեն» ինձ շատ հույզեր է տալիս, սիրում եմ երգել, որովհետեւ մաքուր է: Շուտով «Daisy» երգն էլ տեսահոլովակով կներկայացնենք, կանացի այնպիսի կերպար ենք ընտրել, որի պակասը շատ կա:

Վասպուր. «Նարեի» համար հատուկ որեւէ բան չենք արել, այն ոճում ենք ստեղծել, որը ինքներս կուզեինք լսել:

Մարիաննա. Քանոն կա գոծիքավորման մեջ ու դասական ֆլեյտա, տարբեր ոճերի՝ ազգայինի ու դասականի միաձուլում եղավ: Շատ թափանցիկ գործիքավորում է ստացվել՝ առանց ավելորդ որեւէ բանի: Վանը թե՛ մեր երգերը, ու թե՛ ժողովրդականը, շատ զգացմունքային է կատարում:

- Հարց ունեմ՝ «Daisy» երգի հետ կապված: Ընկերուհիս շատ է սիրում այն եւ ուզում է իմանալ երգի պատմությունը:

Վան. Ինձ համար շատ առանձնահատուկ երգ է, հազվադեպ է լինում, երբ իմ գրած երգի մասին ասեմ, որ սիրում եմ, բայց «Daisy»-ն դրանցից է: Առաջին տողերը գրվել են Գեղարդում՝ աստղազարդ երկնքի տակ, գիշերը ժամը 3-ին, իսկ երգի պատմությունը չենք սիրում ասել իրական է, թե՝ ոչ:

Մարիաննա. Մեկ-մեկ իրականի ու անիրականի սահմանը շատ հստակ չէ, մենք էլ չենք հասկանում այն:

Վասպուր. «Daisy»-ն երբեք չի հոգնեցնում, առաջին ալբոմից երգեր կան, որ էլ չեմ լսում: Բայց դա խմբի աճելու հետ է կապված, վերջերս քիչ ենք վատ զգում մեր երգերից, էլ փոխել ոչինչ չենք ուզում:  

«Նեմրա» խումբը


-Իրար ինչպե՞ս կբնութագրեք, ինչպիսի՞ մարդիկ ու երաժիշտներ եք:

Մարիաննա. Վանը ամենավառ արտիստն է, ճիշտ է, որ նա է առաջատարը, քանի որ տանում է իր հետեւից: Ես ու Վանը խառն ենք, անհանգիստ, երկմտում ենք, իսկ Վասպուրն ու Մարեկն ավելի սթափ են: Վասպուրը սովորաբար շատ ալտերնատիվ մտքեր է առաջարկում, մեր ալբոմների անվանումների հեղինակն է, նրան փիլիսոփա ենք ասում: Մարեկն էլ ամենամեծն է ու հարցեր լուծողը, ճանապարհ գնալիս նրա վրա միշտ կարելի է հույս դնել:

Վասպուր. Վանն արտիստ է բոլոր իմաստներով՝ թե՛ բարդ բնավորությամբ, թե՛ բեմի վրա ուշադրությունն իր վրա պահելու ունակությամբ: Շատերը լավ տեսք ունեն, կամ ձայն, բայց նման շարմ չունեն, տաղանդավոր երգահան է: Մարիաննան մեծ դեր ունի կարգապության առումով, հուսով եմ՝ էլի երգեր կգրի: Նա մեր խմբի ծաղիկն է, գեղեցկությունը, Մարեկը միշտ լավ տրամադրություն է ապահովում:

Վան. Լավ է այս հարցազրույցն եղավ, իմացա, թե իմ մասին ինչ եք մտածում (ծիծաղում է,-հեղ.): Մարեկի գոյությունն արդեն իսկ բարձր տրամադրության երաշխիք է: Ինչքան էլ առաջատարը ես եմ, բայց առանց մնացած անդամների անհնար կլիներ անել այս ամենը: Երբեք երազանք չեմ ունեցել միայնակ հանդես գալ, ուզել եմ խումբ ունենալ, ուրախությունն ու անկման պահերը կիսել հարազատ մարդկանց հետ: Խմբի հաճույքը անհատ երգիչը չի կարող զգալ, դա մի ուրիշ ուժ է: Բայց խոսքս այն խմբերի մասին է, որոնց անդամներն անհատներ են, մեր խումբն էլ դրանց շարքին է դասվում: Մարիաննան խմբի բոլոր հարցերի կարգավորման մեջ ամենամեծ դերն ունի, նա իմ առանձնահատուկ օգնականն է, Վասպուրը բոլոր գաղափարների վերջնական տեսքի բերողն է ու միակ մարդը, որի քննադատությունն ընդունում եմ, իհարկե, շատ կռիվներից հետո: Վերջում եմ գալիս այն մտքին, որ ճիշտ էր:

Վան Եղիազարյանը


-Ի՞նչ կուզեք ասել ձեր երկրպագուներին:

Վան. Մենք սիրում ենք ձեզ: Նոր երգեր են լինելու, տեսահոլովակներ, նաեւ «Զիմ խորոտիկ»-ինը:

Վասպուր. Սպասեք ու կտեսնեք, թե ինչ անակնկալներ են լինելու: Երկու տեսահոլովակները համարյա նույն շրջանում են սպասվում, կարող եք քվարկել, թե առաջինը որը կուզեք տեսնել:

-Մենք բավական բարդ ժամանակներում ենք ապրում, ի՞նչ խնդիրներ են ձեզ հուզում, ինչի՞ համար եք անհանգստանում:

Վան. Մարդիկ են անհանգստացնում, որովհետեւ շատերի պահվածքը չեմ հասկանում: Հիմա բոլորը փորձում են իրար նման լինել, ինչը վախեցնում է: Դատարկությունը նորաձեւ է դարձել: Չեմ հասկանում այս վերջին շրջանում լկտի կերպով մեքենա վարելն ու այդ ամենը Տիկ-Տոկով ցույց տալը: Հիմա լավն ու վատը խառնվել են իրար ու չես կարողանում տարբերել: Մշակույթի հետ կապված շատ առաջարկություններ ենք արել փոխնախարարին, բայց դրա դերը հիմա, քան երբեւէ նսեմացված է:

Վասպուր. Ինձ մեր ժողովրդի արժեհամակարգն է անհանգստացնում. անկարեւոր բաները կարեւոր են դարձել ու հակառակը: Փակուղու մեջ ենք, չգիտեմ՝ քանի սերունդ է պետք, որ շտկենք: Հենց այս պահից պետք է սկսել աշխատել, ոչ թե անհատապես, այլ պետական մակարդակով, որ արդյունքի հասնենք:

Մարիաննա. Ինձ երկրի վիճակն է շատ մտահոգում, ուզում եմ խաղաղություն լինի, էլ չկրկնվի այն, ինչերի միջով անցանք: Ինչպես նաեւ գլոբալ տաքացման հարցը, քանի որ ամառներն ավելի ու ավելի շոգ են դառնում:

«Նեմրա» խումբը


-Ի՞նչ է հիմա պակասում ձեր խմբին:

Վան. Միջազգային մակարդակի պրոդյուսերը, ով մեր ելույթները կկազմակերպի արտերկրում: Մեր ընտրած մոդելը, որն անկախ է ստացվել, մարքեթինգային առումով բավական հաջողված է: Յութուբյան մեկնաբանություններից էլ երեւում, թե մեզ որքան տարբեր երկրներում են լսում՝ Բելգիա, Բրազիլիա, Ուրուգվայ, Կանադա: Մեր երկրպագուները ցրված են, պետք է նրանց միավորել, իսկ դրանում համերգը կօգնի:

-Կա՞ հարց, որ կուզեք իրար տալ:

Վան. Ինչո՞ւ ենք բոլորս խոսում, երբ հարց եք տալիս (ծիծաղում են, -հեղ.):

Մարիաննա. Ե՞րբ ենք փորձ անելու:

-Ի՞նչ բացահայտեցիք ձեր մասին այսօր:

Վան. Իմացա, որ բավական գնահատված եմ մեր խմբում:

Վասպուր. Կուզե՞ք՝ ես Մարեկի փոխարեն պատասխանեմ: Շատ խմբերում եմ նվագել, ազիզ ջան, դինոզավրերի ժամանակներից սկսած:

Մարիաննա. Եթե Մարեկը չլիներ, ես «Նեմրային» չէի հանդիպի:

-Եվ վերջում ունեմ 4 հարց, որոնց պետք է գրավոր պատասխանեք. ամենաշատը ո՞ր էմոջին եք օգտագործում, ամենաամենամառային միրգ-բանջարեղենը, հայերեն ամենասիրուն բառն ու ձեր սիրելի երգը:




Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին