«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հուլիսի 4-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հյուրընկալեց Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: «Բարեկամության շառավիղներն» այս անգամ միացրել էին հայ-իտալական մշակույթն ու ստեղծագործ միտքը: Համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, դե, իսկ ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Հայ ու իտալացի մեներգիչների (սոպրանո Նինա Մինասյան, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյան եւ երգեհոնահար Դավիդե Կավալի) մասնակցությամբ ներակայցվեցին Մոցարտի, Հայդնի, Շուբերտի ստեղծագործությունները: Երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության պրեմիերան: Այս աշխատանքը նա գրել է Ռավեննայի փառատոնի կազմակերպիչների առաջարկով:
«Ռավեննայի փառատոնն այս տարի նվիրված է Վերածննդի իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին, եւ կազմակերպիչները որոշել են տարբեր կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություն պատվիրել, որոնցով կներկայացվի Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը»: Այսօրվա երեկոն սկսվեց երկու երկրների պետական հիմներով եւ այնքան բնորոշ ու բացատրվող պահ էր, որ ամբողջն իր մեջ առավ՝ դարձնելով բարձր հիմքի վրա ապրվող երաժշտական երեկո: Մեզ համար այս ո՛չ միանշանակ եւ ո՛չ պարզ օրերին Մուտին որոշեց գալ Հայաստան, ուզեց հոգեւոր երաժշտություն բերել, որի մեջ միտքը քրիստոնեական բարիքն էր: 700 տարին մեծ թիվ է, բայց ահա ժամանակներն այնքան են մերձենում, որ Դանթեն այսօր «գալիս» է Հայաստան՝ ասելու, որ մենք հոգեւոր զավակներն ենք մշակութային մի իրականության, որն ունի հզոր անուններ։ Թող հոգեւոր Իտալիան եւ Հայաստանը մշտապես եղբայրներ լինեն, թող մեր բարեկամությունը միշտ նորանոր պտուղներ տա թե՛ այսպիսի համերգային իրականության մեջ, թե՛ այլ միջոցառումների։ Թող հաղթանակի բարու եւ բարձրի ոգին»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:
Աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին Հայաստան առաջին անգամ այցելել էր 2001 թվականին, երբ Հայաստանում նշվում է քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը: Այս անգամ Մուտին Հայաստան է ժամանել տիկնոջ՝ Քրիստինա Մուտիի հետ, որը Ռավեննայի հեղինակավոր փառատոնի հիմնադիրն է, նրանց նաեւ մեծ թվով իտալացի լրագրողներ և հյուրեր էին ուղեկցում:
Համերգային երեկոյի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ռիկարդո եւ Քրիստինա Մուտիներին հանձնեց Բարեկամության շքանշան, որը տրվեց Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: Հայկական մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վենետիկի հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանն էլ պարգեւատրվեց Երախտագիտության մեդալով:
Ռիկարդո Մուտին եւս մեկ անգամ շեշտեց համերգային երեկոյի նշանակալի եւ կարեւոր դերը, քանի որ այն նպաստում է հայ-իտալական մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, շնորհակալություն հայտնեց մաեստրո Մանսուրյանին, որ իրեն պատվել է իր երաժշտությունն ուսումնասիրել եւ կատարել:
«Մանսուրյանի ստեղծագործություններն ապացույցն է, որ այժմ էլ կարելի է երաժշտություն գրել ոչ միայն մտքով, այլեւ՝ սրտով, քանի որ սիրտն ունի տրամաբանություն, որն անգամ մեր տրամաբանությունը չի կարողանում հասկանալ ու մեկնաբանել: Բնականաբար, երաժշտությունը տանում է ժողովուրդների միացման, եւ այսօր ունեցանք փաստ, որ հայ եւ իտալացի երաժիշտները միասին աշխատեցին բեմում, բայց բոլորս նույն ձեով զգացինք երաժշտությունը: Մենք տեսանք փոխադարձ հարգանքի եւ բարեկամության զգացում»,- եզրափակեց Մուտին:
Նշենք նաեւ, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 1-ին Իտալիայում մասնակցեց Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ, եւ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց հայկական երգչախմբին:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: