×


«Մալեֆիսենտայի» պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ կախարդական մթնոլորտ էր: Ամենաքմահաճ հանդիսատեսի՝ երեխաների համար տեղի ունեցավ «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» հեքիաթ-ներկայացման պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, որը, ներկայացում բեմադրելու առաջարկ ստանալով ՊՀԹ տնօրեն Էմին Թորոսյանից, սկսել է աշխատել Գրիմ եղբայրների հայտնի ստեղծագործության վրա: «Մի քանի գործից ընտրվեց այս մեկը: Կարծում եմ՝ հանդիսատեսի մի մասը գալիս է տեսնելու «Քնած գեղեցկուհու լեգենդը», մյուսը՝ հայտնի «Մալեֆիսենտան»: Նեկայացումը Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա է, ֆիլմից վերցրել ենք միայն Մելֆիսենտայի արտաքին տեսքը»,-շեշտել է ռեժիսորը:


Գունեղ եւ երաժշտական ներկայացման բեմանկարիչը Մարիամ Մուրադյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինե Թադեւոսյանը, խորեոգրաֆը՝ Արինա Արարատյանը, պաստառի գրաֆիկական ձեւավորումն արել է Արվին Քոչարյանը:

Ներկայացումը 3 ամսվա աշխատանքի արդյունք է: «Փորձել ենք դասական իմաստով հեքիաթ բեմադրել, դրա համար էլ ընտրել ենք Չայկովսկու երաժշտությունը. երեխաները ե՛ւ դիտում են գունավոր հեքիաթ, ե՛ւ Չայկովսկու երաժշտություն են լսում»,-նշել է Սամսոն Մովսեսյանը:


Նրա խոսքով՝ դերասանների հետ համագործակցությունը հեշտ է ստացվել, փորձերին խնդիրներ չեն եղել.«Բոլորս էլ ուզում էինք ավելի հետաքրքիր դարձնել աշխատանքը, զգացմունքային կետեր գտնել, նաեւ վիզուալ առումով գեղեցիկ աշխատանք անել»:


«Սերն ամենամեծ կախարդանքն է»՝ սա է ներկայացման հիմնական ասելիքը.«Ուզում ենք, որ հեքիաթն արթնանա այն մարդկանց մեջ, որոնք դադարել են հավատալ հրաշքների: Կարեւոր է նաեւ, որ մեծահասակները եւս հաճույքով դիտեն»,-հավելել է ռեժիսորը:


Ներկայացման դերասանական կազմում են Մարիամ Ղազանչյանը, Դիանա Խերանյանը, Սյուզի Ադամյանը, Սաշա Սուքիասյանը, Շուշան Ղազարյանը, Նառա Սարգսյանը, Սիրանուշ Լազյանը, Սամվել Դանիելյանը, Լարիսա Ղեւոնդյանը, Սեյրան Մովսիսյանը, Վահան Միրաքյանը, Անդրանիկ Հակոբյանը, Հայկ Ռշտունին, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW