Քովիդյան ժամանակների առաջին Կաննի կինոփառատոնն ավարտվել է: Սովորաբար մայիսին տեղի ունեցող միջոցառումն այս անգամ շոգ հուլիսին էր: Զգալիորեն նվազել էր այն լուսաբանող լրագրողների թիվը, կարճացել էին նաեւ ֆիլմ դիտողների հերթերը, թեեւ դահլիճները լեփ-լեցուն էին:
Որոշ հյուրեր սահմանափակումների պատճառով չէին կարողացել ներկա լինել փառատոնին, սակայն անգամ այդ պարագայում աստղերի պակաս չկար: Կարմիր գորգն իրենց հմայքով ու գեղեցկությամբ լցրին Շերոն Սթոունը, Իզաբել Հյուպպերը, Մարիոն Քոտիյարը, Թիլդա Սուինթոնը, Մեգգի Ջիլենհոլը, Մեթ Դեյմոնը, Բիլ Մյուրեյը, Ռոզամունդ Փայքն ու մյուսները:
Կաննի 74-րդ փառատոնի փակումը կհիշվի զվարճալի միջադեպով. նմանատիպ բան տեղի էր ունեցել 2017-ին «Օսկարի» ժամանակ, երբ սխալմամբ էին հայտնել լավագույն ֆիլմի անվանումը:
Կաննում իրարանցման հեղինակը ժյուրիի նախագահ Սփայք Լին էր: Նա պատահաբար հայտնեց «Ոսկե արմավենու» հաղթողին հենց ամենասկզբում ու մարեց գլխավոր ինտրիգը:
On a frôlé la catastrophe et une annonce un peu prématurée de la Palme d'or #Cannes2021 pic.twitter.com/8uBfYl2orI
— CANAL+ (@canalplus) July 17, 2021
Բանն այն է, որ միջոցառումը ֆրանսերենով էր, երեկոյի հաղորդավարուհի Դորիա Տիլյեն նրան խնդրեց հայտնել առաջին հաղթողի անունը, ինչին ի պատասխան էլ Լին հնչեցրեց «Տիտանի» անունը, որի ռեժիսորը Ջուլի Դյուքորնոն է: Շփոթմունքն առաջ բերեց նրա գործընկերների ու դահլիճում նստածների ծիծաղը, ինչին ի պատասխան նա պարզապես բարձրախոսի մոտ գոռաց.«Անգլերեն»:
Դյուքորնոն իր մրցանակը ստացավ 40 րոպե անց, երբ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց: Սա պատմության մեջ 2-րդ դեպքն էր, երբ Կաննում գլխավոր մրցանակին կին ռեժիսոր արժանացավ: Առաջին անգամ 1993 թվականին հաղթել էր Նոր Զելանդիայից Ջեյն Քեմփիոնը՝ «Դաշնամուր» ֆիլմով:
Լավագույն դերասանը «Նիտրամ» ֆիլմում խաղացած ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է, իսկ Նորվեգիայից Ռենատե Ռեյնսվեն՝ լավագույն դերասանուհին («Վատագույն մարդն աշխարհում»): Լավագույն ռեժիսորի մրցանակն էլ «Աննետ» ֆիլմի համար ստացավ ֆրանսիացի Լեոս Կարաքսը:
Գրան Պրիի արժանացան «Հերոս» (ռեժիսոր՝ Ասղար Ֆարհադի) եւ «Խցիկ համար 6» (ռեժիսոր՝ Յուհո Կուոսմանեն), իսկ լավագույն սցենարը Ռյուսուկե Համագուտիի «Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմինն է:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: