Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) սեռական խնդիր է, որը խոցելի է դարձնում յուրաքանչյուր տղամարդու։ Թեեւ հաճախ այն կապվում է տարիքի եւ դրա մի շարք հետեւանքների հետ, սակայն մասնագետների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ԷԴ-ն հանդիպում է նաեւ երիտասարդների շրջանում։ Իսկ թե որոնք են այս խնդրի առաջացման պատճառներն ու հաղթահարման ինչ ուղիներ կան, մեզ հետ զրույցում պատմել է բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։
Ինչ է էրեկտիլ դիսֆունկցիան
«ԷԴ-ն Էրեկցիայի հասնելու կամ այն մինչեւ սեռական հարաբերության ավարտը պահպանելու անկարողությունն է»,-պարզաբանում է մեր զրուցակիցը։ Այստեղ հարկ է նշել, որ էրեկցիայի հետ կապված դժվարությունների էպիզոդիկ դեպք, հավանաբար, պատահել է ցանկացած տղամարդու կյանքում։ Պատճառները շատ տարբեր են՝ սթրես, լարվածություն, հոգնածություն եւ այլն։ Անհանգստանալու կարիք կա այն ժամանակ, երբ խնդիրը մտահոգում է ձեզ արդեն վեց ամիս շարունակ սեռական հարաբերություն ունենալու փորձերի կեսից ավելի դեպքերում՝ կանոնավոր սեռական կյանքի առկայության պարագայում։
Որոնք են ԷԴ-ի պատճառները
Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով։
Բայց հիմնականում մասնագետներն առանձնացնում են երեք խումբ՝ օրգանական, հոգեբանական եւ խառը տիպի պատճառներ։ Բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը մանրամասնում է, որ օրգանական պատճառների մեջ առավել հաճախ հանդիպողներն են սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, նյարդաբանական, էնդոկրին համակարգի խնդիրները, որը հիմնականում պայմանավորված է տեստոստերոնի ոչ բավարար քանակով, ճարպակալումը, մետաբոլիկ համախտանիշը (նյութափոխանակության խանգարում) եւ այլն․«Առաջին նախանշաններից մեկը, որ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառն օրգանական է, առավոտյան ինքնաբուխ էրեկցիայի բացակայությունն է։ Այս դեպքում հավանական է, որ կա անոթային խնդիր»։
Էրեկտիլ դիսֆունկցիայի օրգանական պատճառների մասին խոսելիս կարեւոր է նշել, որ սեռական թուլության ռիսկի գործոններն այն նույն ռիսկի գործոններն են, որոնք վերաբերում են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններին։ Ուստի հաճախ ԷԴ-ն սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջին ախտանիշներից է։
Եթե օրգանական պատճառներով առաջացած ԷԴ-ն առավելապես դրսեւորվում է տարիքով ավելի մեծ տղամարդկանց դեպքում, ապա երիտասարդների մոտ նկատվող սեռական թուլությունը հաճախ հոգեբանական գործոնների հետեւանք է, իսկ ամենատարածվածներից է կատարման վախը։ Վերջինիս առկայության դեպքում տղամարդն անհանգստանում է, թե արդյոք կհաջողվի պահպանել էրեկցիան մինչեւ հարաբերության ավարտը եւ հաճույք պարգեւել զուգընկերուհուն, արդյոք ժամանակից շուտ չի լինի սերմնաժայթքումը եւ այլն։ Այդ վախն ամրապնդվում է նաեւ այն դեպքում, երբ զույգի փոխհարաբերությունները լարված են, տղամարդուն մտահոգում են իր մարմնի տեսքը կամ առնանդամի չափը։ Արդյունքում առաջանում են դժվարություններ էրեկցիայի հետ եւ սեռական հարաբերության ընթացքում գերակայող է դառնում ոչ թե հաճույքի զգացողությունը, այլ լարվածությունը եւ վախը։
Բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը
Սեռական թուլության հոգեբանական պատճառների մասին խոսելիս բժիշկ Սաթենիկ Սահակյանը նշում է, որ էրեկցիան առհասարակ շատ զգայուն երեւույթ է եւ հավելում․«Հաճախակի հանդիպող հոգեբանական գործոններից են նաեւ ցածր ինքնագնահատականը, սթրեսը, որը, ցավոք, հատկապես վերջերս շատ ակտուալ է մեր տարածաշրջանում ապրող մարդկանց համար։ Բացի այս, նաեւ դեպրեսիան, որի ախտանշանները նկատելու դեպքում մենք ուղղորդում ենք համապատասխան մասնագետի մոտ, այլ ոչ թե էրեկցիա առաջացնող դեղամիջոց ենք նշանակում։ Իհարկե, հնարավոր են նաեւ խոր հոգեբանական տրավմաներ, որոնք էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ են դարձել: Այս դեպքում հոգեթերապեւտիկ աշխատանքի կարիք կա»։
Սեռական թուլության երրորդ՝ խառը տիպի պարագայում համակցվում են նախորդ երկու պատճառները՝ եւս մեկ անգամ փաստելով այն, որ մեր մարմինն ու հոգեհուզական վիճակն անմիջական կապի մեջ են։ Որպես օրինակ մասնագետը նշում է․«Ենթադրենք տղամարդու մոտ կա օրգանական պատճառ, օրինակ՝ ճարպակալում, եւ սեռական հարաբերությունը մեկ անգամ չի չստացվում։ Նույնիսկ օրգանական պատճառը բուժելուց հետո նա կարող է անհաջողություն-վախ, վախ-անհաջողություն արատավոր շղթայի մեջ ընկնել։ Նման դեպքերում տղամարդն անընդհատ մտածում է՝ բա որ չստացվի, բա որ թուլանա եւ այլն։ Արդյունքում էրեկցիա կա՛մ չի լինում, կա՛մ էլ չի ստացվում այն պահպանել ողջ հարաբերության ընթացքում»։
Ինչպես է բուժվում էրեկտիլ դիսֆունկցիան
Թե կոնկրետ ինչ մեթոդ կընտրվի ԷԴ-ն բուժելու համար, կախված է առաջացման պատճառներից եւ խնդրի բարդության աստիճանից։ Որպես մեթոդ կարող են ծառայել ինչպես դեղամիջոցները, հոգեթերապիան, այնպես էլ առնանդամի պրոթեզավորումը, վիրահատական միջամտությունը եւ այլն։
Բուժման ամենակարեւոր քայլերից է նաեւ կենսակերպի փոփոխությունը․ հիշեք, որ տղամարդու վատ սովորություններն էրեկցիայի առաջին թշնամին են։ Հատկապես վտանգավոր է ծխախոտի եւ թմրամիջոցների օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, նստակյաց կյանքը, անկանոն քունը եւ անառողջ սնունդը։ Տրամաբանական է, որ առողջ ապրելակերպին հետեւելը էրեկտիլ դիսֆունկցիայի կանխարգելման առաջնային նախապայմաններից է։
ԷԴ-ի հաղթահարման հարցում կարեւոր դեր ունի նաեւ սեռական զուգընկերուհու աջակցությունը։
«Նա ոչ մի դեպքում չպետք է ծաղրի, ճնշի կամ վիրավորական որեւէ բան ասի տղամարդուն։ Լավագույն տարբերակը այդ պահին խնդրի վրա չֆիքսվելն ու շրջանցելն է։ Այդ պահին կարելի է ուղղակի գրկախառնվել»,-խորհուրդ է տալիս սեքսոլոգ Սահակյանը։
Սակայն այս ամենին զուգահեռ երբեմն լինում են դեպքեր, երբ տղամարդը դիմում է բժշկի օգնությանը ԷԴ-ի թվացյալ գանգատներով, իսկ զրույցի ընթացքում պարզվում է, որ անհանգստություններն առաջացել են պարզապես ինֆորմացիայի պակասի կամ էլ աղավաղված ինֆորմացիա ունենալու արդյունքում։ Սաթենիկ Սահակյանը նշում է, որ սա առավել արդիական է հատկապես երիտասարդների շրջանում․«Հաճախ գալիս են այն հարցով, որ սեռական հարաբերությունից հետո երկրորդը չի ստացվել կամ շատ ուշ է ստացվել։ Մենք բացատրում ենք, որ դա սեռական թուլություն չէ, այլ պարզապես ֆիզիոլոգիա։ Կա հետեւյալ շղթան ՝ սեռական ցանկություն, սեռական գրգռում, օրգազմ, իսկ տղամարդկանց մոտ օրգազմից հետո կա նաեւ անդրդվելիության շրջան (ռեֆրակտեր շրջան), որի ընթացքում գրգռում չի լինում, այդ շրջանի տեւողությունը կախված է տարիքից եւ սեռական գրգռման ազդակի ուժգնությունից, ինչպես նաեւ սեռական կոնստիտուցիայից, որքան այն բարձր է, այնքան ավելի կարճ է անդրդվելիության շրջանը։ Իսկ աղավաղված ինֆորմացիայի պատճառներից են պոռնոհոլովակները, որոնք նայելուց հետո մարդիկ մտածում են, որ եթե իրենց մոտ էլ այդպես չստացվեց, ապա խնդիր կա։ Այս հարցում եւս մենք տալիս ենք անհրաժեշտ ինֆորմացիա։ Այսպես որոշ դեպքերում մեկ-երկու լուսավորչական այցերն օգնում են ընկալել, որ էրեկցիայի հետ կապված խնդիր չկա»։
Սոնա Վարդանյան
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: