×


«Երեք երեխա արդեն ունենք, մնում է երկուսը». Լիլի Մորտո

Քչերը կգտնվեն, որ չեն ճանաչում Լիլի Մորտոյին, չեն տեսել նրա վառ կերպարները կամ ծիծաղել հումորային դերերի վրա: Սակայն հեռուստաէկրաններից այս կողմ նա ընդհանրապես նման չէ «շիկահեր» Լիլիին: BRAVO.am-ի հետ զրույցում նա անմիջական էր, հետաքրքիր, բարի, պատմեց ծանր մանկության, հայրիկի մահվան, արտաքին փոփոխությունների ու սեփական ուժերին ապավինելու մասին:

- Լիլի, զրույցը սկսենք ինքնաներկայացմամբ, ո՞րն է կյանքում Ձեր տեղն ու անելիքը:

- Այնքան ծավալուն է այս հարցի պատասխանը: Բարի եմ, կամեցող, հարմարվող, պոզիտիվ: Նպատակներ շատ ունեմ, իհարկե, մի փոքր մասը հիմա իրականացնելու ճանապարհին եմ: Կայացած մարդ եմ, որովհետեւ ներքին աշխարհս ինձ հետ համահունչ է: Չնայած՝ ինչ ինձ հիշում եմ, միշտ հանգիստ ու ներդաշնակ եմ եղել: Հիմա այն տարիքում եմ, երբ շատ լավ եմ գիտակցում, թե ով եմ ես:

- Իսկ Ձեր մասնագիտությունը ո՞րն եք համարում: Սովորել եք իրավագիտություն, դերասանություն ու դիզայն:

-Որպես համակարգչային դիզայներ ու օպերատոր աշխատել եմ, այդ մասնագիտությունն ընտրել էի ոչ թե սիրելով, այլ քանի որ արդիական էր: Իրավագիտությամբ էլ հասկացել եմ, որ չեմ ցանկանում զբաղվել: Հետո Կամերային թատրոնում 6 ամիս դասընթացի եմ մասնակցել ու մի քանի ներկայացումներում խաղացել: Միշտ ցանկացել եմ նոր բան սովորել, որ բազմակողմանի զարգացած լինեմ: Դիզայների մասնագիտությունը լուրջ եմ սովորել, բայց մինչ օրս դիպլոմը դեռ չեմ վերցրել զբաղվածության պատճառով:

- Որքան էլ Ձեզ դերասան չեք համարում, զբաղվում եք այդ աշխատանքով, կպատկերացնեի՞ք, որ մի օր ֆիլմում էլ կնկարվեք:

- Երբ քրոջս հետ տուն-տունիկ էինք խաղում, իր ամուսինը Վան Դամն էր, իմն՝ Առնոլդ Շվարցենեգերը (ծիծաղում է,-հեղ.): Երբեք չէի մտածել, որ մի օր Վան Դամի հետ մեկ սեղանի շուրջ կնստենք, նայում էինք իրար ու ժպտում, ու ես գոնե մեկ սելֆի չեմ արել նրա հետ: Ամուսնուս երեկ ասում էի, որ նա էլ Շվարցենեգերին է նման, միգուցե, մի օր նրա հետ Հոլիվուդում խաղամ: Ինձ համար դա երազանք չի, պարզապես ուզում եմ ասել, որ  կյանքն այնքան հետաքրքիր է, ամեն ինչ էլ կարող է պատահել: Բայց եթե մարդը նպատակներ ունի, անպայման պետք է այդ ուղղությամբ աշխատի: Իրականում դու ես քո բախտը կերտում, դրանում միանշանակ վստահ եմ:

- Տեսախցիկների առաջ Ձեզ ո՞նց եք զգում, հե՞շտ լեզու գտաք իրար հետ:

- Երբ առաջարկեցին «Women’s Club»-ում նկարահանվել, չէի պատկերացնում, որ կկարողանամ խաղալ այդ դերը: Փորձերի ժամանակ միանգամից կատարեցի առաջադրանքն ու ինքս էլ զարմացա: Կերպարի մեջ մտնելն ուրիշ ուժ է, բայց աշխատանքը բավական դժվար է:

Լիլի Մորտոն


- Ինչո՞վ է էկրանի թիթիզ, միամիտ ու շիկահեր Լիլին տարբերվում հիմա իմ դիմաց նստած կնոջից:

- Եթե մտածում են, որ ես «շիկահեր» եմ, թող այդ կարծիքին էլ մնան: Մի՞թե մարդը կարող է իր սեփական ուժերով, առանց որեւէ մեկի օգնության կամ խորհրդի հասնել մի կետի՝ լինելով այդպիսին: Չեմ կարծում՝ հնարավոր է այդպիսի բան, ես ինձ վրա աշխատելով եմ հասել այդ ամենին: Գիշերը, երբ ոչ ոք ինձ չի խանգարում, միշտ վերլուծում եմ անցած օրն ու մտածում հաջորդի մասին, պլանավորում եմ անելիքներս ու իմանում իմ հաջորդ քայլի մասին: Իսկ եթե մարդիկ մտածում են, որ ուղեղս սիլիկոնից է, թող այդպես էլ կարծեն:

- Իսկ ինչի՞ շնորհիվ եք կարողացել հասնել Ձեր ասած այդ կետին եւ պլանավորե՞լ էիք հենց այդտեղ հայտնվել:

- Գուցե, ինչ-որ տեղ պլանավորել եմ կամ ինքնընստինքյան է ստացվել, որ հասել եմ մինչեւ «Մեր բակ»: Պարզապես բոլոր թելերն իրար հետ փոխկապակցված են: Եթե թելի ծայրից բռնում ես ու այն անգամ ծուռ է գնում, միեւնույն է՝ դու ես վերահսկում, որ ուղղությամբ ընթանա:

- Վերադառնանք Ձեր մանկություն, որն անցել է Կապանում, ու այնտեղ Դուք դեռ Լիլիթ Մարտիրոսյանն էիք: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ տարիներից:

- Մեծ հաճույքով: Շատ լավ հիշողություններ ունեմ, թեեւ այնպես չէ, որ մանկությունս անհոգ է անցել, ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, հայրիկիս զոհվելը, թե ինչպես է մեր դիմացի շենքը պայթում, որտեղ քույրս գնացել էր հաց գնելու, ու մենք մտածել ենք, որ էլ ողջ չի, բայց, բարեբախտաբար, խանութը խորքում էր եղել: Լույս չկար ու մայրիկս դաշնամուր էր նվագում, երեխաներով շուրջը պարում էինք, խաղում մոմերի լույսի տակ կամ դաս անում:

- Բազմազավակ ընտանիքից եք՝ երեք քույր ու մեկ եղբայր ունեք, ինչպե՞ս եք իրար աջակցում ու օգնում:

- Շատ լավ տեղեկացված եք, զանգահարե՞լ եք Կապան (ծիծաղում է,-հեղ.):

- Պարզապես մի քիչ ուսումնասիրել եմ Ձեր կյանքը: Ուրեմն Ձեր հարազատները շարունակո՞ւմ են ապրել Կապանում:

- Մայրիկս ու եղբայրս են այնտեղ, որքան փորձել ենք իրենց այստեղ պահել, չի ստացվել, մայրսը ոչ մի կերպ չի հարմարվում Երեւանում: Ցավոք, գալիս է մի պահ, որ ծնողիդ չես կարող բավական ուշադրություն տալ, մանավանդ, երբ քո ընտանիքն ես կազմում: Վատ բան եմ ասում, բայց իրականությունից փախչել չես կարող: Մեկ-մեկ մայրիկս զանգում է ու ասում, որ իրեն մոռացել եմ. նկարահանումների օրերին չենք հասցնում խոսել: Մեծ քույրս Կապանում է ամուսնացած ու 3 երեխա ունի, շատերը նոր են իմացել, որ մոդել Թերեզան քույրս է: Եղբայրս ամենափոքրն է ու աշխատում է Կապանում: Վերջին անգամ այնտեղ մոտ 8 տարի առաջ եմ եղել:

- Մի անգամ նշել եք, որ Ձեր մայրիկն իսկական հերոս է, որ այն դժվարին տարիներին 5 երեխա է մեծացրել է: Ի՞նչ կուզեք ասել նրան:

- Նա իսկապես ինձ համար հերոսուհի է: Հայրս կռվել է Մարտակերտում, Հադրութում, Կովսականում, բոլոր տեղերում էլ եղել է, շատ անգամ է վիրավորվել, մի երիկամն է կորցրել: Երբ զոհվեց, 11 տարեկան էի, հնարավոր չէ մարդու բացը լրացնել, բայց ուժեղ լինելն օգնում է, որ անընդհատ չմտածես կորստիդ մասին: Բոլորս էլ անչափահաս էինք ու շատ ծանր օրեր ապրեցինք: Մայրս կարողացավ այդ դժվարությունների միջով անցնել, այնպես արեց, որ բոլորս բարձրագույն կրթություն ստանանք: Բառերով չեմ սիրում խոսել զգացմունքներիս մասին, շատ շնորհակալ եմ նրան, որ ինձ հենց այսպիսին է մեծացրել:

- Հիմա Սյունիքի համար առավել քան բարդ ժամանակներ են, ի՞նչ կասեք Ձեր հարազատ մարզի մարդկանց մասին:

- Ես հպարտանում եմ սյունեցիներով, որոնք երբեք դավաճան չեն եղել: Մարդու տեսակ կա, որ օճառը ձեռքին է շրջում, սյունեցին այդ բնավորությունը չունի, նա ուղիղ մարդ է եւ ինչ մտածում է, դա էլ ասում է: Ես էլ եմ այդպիսին, երբեմն ամուսինս հուշում է, որ պարտադիր չի մտքինս ասեմ, բայց ինչո՞ւ թաքցնել, ես ճշմարտությունը սիրուն ձեւով մատուցում եմ: Դա ավելի ճիշտ է, քան կեղծավորություն անելով ապրելը:

- Ինչքան էլ փոխվել եք, բայց Սյունիքի շեշտադրումները մնացել են, Ձեր բարբառով ո՞ր բառերն եք սիրում:

- Չեմ ուզում փոխել: Ճղոպուր (ընկույզ), կտողեն (պնդուկ), ալյումին, շատ լավ բառեր կան՝ ճռճռոկ, Արցախի բարբառին էլ նման է:

- Ինչպե՞ս որոշեցիք, որ Կապանից Երեւան տեղափոխվելու ժամանակն է:

- Դեռ մանկության տարիներից զգում էի, որ Կապանն ինձ համար փոքր է, հիմա էլ նույն բանը Երեւանի հետ կապված կա: Ոչ թե նեղվում եմ այստեղ, պարզապես հասկանում եմ, որ կարող եմ շատ ավելիին հասնել: Փորձում եմ դրսի շուկան էլ գրավել, առաջիկայում Մոսկվայի հետ կապված նոր բան է նախատեսվում, սակայն թող անակնկալ լինի, դեռ չեմ մանրամասնի, սիրում եմ, երբ պայթյունի պես է նորությունը լինում:

Լիլի Մորտոն


- Այդ դեպքում խոսենք արտաքին փոփոխություններից, ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք փոխվել:

- Տարիների ընթացքում ամեն առումով փոխվում ենք, թեեւ մեր էությունը նույնն է մնում: Հին նկարներիս նայելիս հասկանում եմ, որ այն ժամանակ էլ Կապանում մի հատ էի, աչքի ընկնող, դպրոցից սկսած բոլորի խոսակցությունների թեման էի: Սիրել եմ հետաքրքիր մազեր ունենալ, ինքս ինձ համար հագուստ էի կարում ու տարբերվում էի մյուսներից: Սկզբում որոշեցի քիթս վիրահատել, լավագույն մասնագետին Մախաչկալայում գտա, ու քանի որ հասնելու էի այնտեղ, կուրծքս էլ ձեւափոխեցի:  Մայրիկիս հետ ենք մեկնել, մնացած ամեն ինչն արդեն ամուսինս է փոխել:

- Ինչպե՞ս անկախ մարդկանց կարծիքից անել այն, ինչը հենց դու ես ցանկանում:

-Միայնակ ես ծնվել ու այդպես էլ մեռնելու ես, ոչ մեկը ձեռքդ բռնած չի անցնում քեզ հետ, լավ ու վատ պահերին ինքդ ես ամեն ինչ հաղթահարում, երբ բարձը գրկած արտասվում ես, կողքիդ մարդ չի լինում: Արարքներդ դիմացինը չի կարող հասկանալ, քանի որ բավականաչափ չի ճանաչում քեզ: Երբ հայրս մահացավ ու մենք 2 տարի հաց չունեինք ուտելու, մեզ ոչ ոք ձեռք չի մեկնել, նման պահերին գիտակցում ես, որ այս աշխարհում հույսդ միայն քո վրա պետք է դնես: Ու հարց ես տալիս՝ ինչի որեւէ բան նախաձեռնելիս հարցնես մարդկանց կարծիքը: Համարձակ լինելը հեշտ բան չի, անձնական կյանքն ու աշխատանքը հավասարակշռության մեջ պահելն էլ բարդ է:

- Քանի որ ընտանիքից խոսեցիք, կպատմեք ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

- Ծանոթացել ենք երկնքում. Եգիպտոսից էինք վերադառնում ամեն մեկս մեր ընկերների հետ: Ինքնաթիռում նույն շարքում էինք, մի պահ իրար նայեցինք ու քնեցինք: Երբ վայրէջք կատարեցինք, իր ընկերներից մեկն առաջարկեց մեզ ճանապարհել: Ես լուռ էի ու չէի խառնվում խոսակցությանը. ուզում էի տաքսիով տուն հասնել: Երեւի մտածում են, որ ես թեթեւսոլիկ եմ, բայց Կապանում էլ լուրջ եմ եղել, երբ տղաները քայլելով հետս տուն էին հասնում, ոչ մեկին ուշադրություն չէի դարձնում, ասես մենակ լինեի: Այդ օրն աղջիկները համոզեցին, որ համաձայնեմ: Պարզվեց՝ արդեն 10 տարի է՝ կողք կողքի ենք ապրում ու իր կլինիկան մեր շենքի հարեւանությամբ է: Նա իր այցեքարտը թողեց, որ ցանկության դեպքում իրենց մոտ յոգայի գնամ, վաղուց մտադրություն ունեի: Չէի էլ մտածում, որ կշփվենք, քանի որ սկզբում իմ ճաշակով չէր (ծիծաղում է,-հեղ.), մինչեւ հիմա նեղվում է այդ մտքից: 15 օր անց հիշեցի այցեքարտի մասին, մի անգամ գնացի յոգայի ու այդպես էլ մնացի (ծիծաղում է,-հեղ.): Մեծ հարսանիք չենք արել, չեմ սիրում անձնական կյանքը ցույց տալ, ինձ համար ավելի կարեւոր է իրական երջանկությունը: 3,5 տարի է՝ միասին ենք:




- Ձեր ամուսնու երեխաների հետ հաճախ եք ժամանակ անցկացնում ու լուսանկարներ հրապարակում: Ինչպիսի՞ մայրիկի կուզեք լինել ու որքա՞ն երեխաներ ունենալ:

- Մայրս միշտ ասում էր՝ պիտի 5 երեխա ունենաս, որ չկանգնես հայելու դիմաց: Ամուսինս էլ երազել է 5 երեխա ունենալու մասին, 3-ն արդեն ունենք, մնում է երկուսը: Տանն իսկական հայ մայր կլինեմ, իսկ նկարահանման հրապարակում՝ թիթիզ:

- Ինչպե՞ս եղավ, որ «Women’s Club»-ում հայտնվեցիք:

- Առաջարկ ստացա Չարենցից, Ինստագրամով էր տեսել ինձ: Շատ գնահատող մարդ եմ ու երբեք չեմ ուրանում, շատ շնորհակալ եմ նրանից ու իմ պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանից:

- Իսկ նման խմբում աշխատելը որքանո՞վ է բարդ ու արդյոք կա՞ մրցակցություն:

- Երբեւէ կյանքում ոչ մեկի հետ չեմ մրցակցել, բնավորությունս է այդպիսին: Եթե կայացած ես, միայն քեզ հետ ես համեմատվում: Երբեք մտերիմ ընկերուհի չեմ ունեցել, 3 քույր ունեմ եւ մայր, որոնց հետ կարող ամեն հարցի մասին խոսել: Ակումբի աղջիկներն ինձ համար ոչ թե ընկերուհիներ են դարձել, այլ՝ քույրեր: Այնքան ճիշտ կանանց են ընտրել, որ նույնիսկ եթե մրցակցություն էլ կա, դա ցույց չեն տալիս ու ամեն ինչ սիրուն են անում: Մի քանի օր իրար չտեսնելիս կարոտում ենք, մեր երկրորդ ընտանիքն է:

- Իսկ ինչո՞ւ հեռացաք ու հետո վերադարձաք:

- Իհարկե, աղջիկներն այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն, մենք էլի ընթացքում հանդիպում էինք, մի քիչ անձնական ու նախագծի հետ կապված խնդիրներ կային, դրա համար էլ որոշեցի դուրս գալ: Հետո այնպես ստացվեց, որ նորից վերադարձա:

- Ասել եք, որ վայելում եք կյանքը, քանի որ պետք է ապրել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Կպարզաբանե՞ք այս միտքը:

- Այնպես, ինչպես հիմա եմ անում: Եթե ուզում եմ պարել, այդպես էլ անում եմ, ուզում եմ Ձեզ հետ զրուցել, ոչ ոք չի կարող ինձ արգելել: Այնպես եմ անում, որ այս հասարակության մեջ որեւէ մեկը չփորձի խանգարել ինձ, ինչքան էլ լավը լինես, մի բան գտնելու են քննադատելու համար: Մարդն առաջին հերթին իր համար պետք է ապրի, ապա սիրելիների ու հարազատների:

Լիլի Մորտոն


- Երբ փողոցում տեսնում եք Ձեզ պես համարձակ, վառ արտաքինով մեկին, ի՞նչ եք մտածում:

- Ասում եմ՝ ո՜ւխ, այդպես համարձակ էլ մնա: Իհարկե, վառ արտաքինը հարաբերական է, վուլգարի տեսակ կա, որ սիրուն է դիտվում, կածում եմ՝ դա իմ դեպքն է, բայց տգեղը չեմ հասկանում: Եթե փորը երեւում է ու այն կախված է, դա արդեն գեղեցիկ չէ:

- Կանացի կերպար Ձեզ համար, որ գեղեցիկ ու ոգեշնչող է:

- Չգիտեմ մեծամտություն է, թե ոչ, բայց ինձ համար մոտիվացիան ես եմ ու սերը: Երբ առավոտյան երջանիկ արթնանում եմ, դա հենց սերն է անում ու իմ աշխատանքը: Երբ այդ երկուսն իրար հետ քայլում են, դրանից մեծ մոտիվացիա ինձ համար չկա: Երբ մարդն իր կյանքով է ապրում, չի խառնվում մյուսների գործերին, կամեցող է ու բարի, ամեն ինչ իսկապես լավ է լինում:

- Լիլի, իսկ արտաքինը խաբուսի՞կ է, թե՞ ներքինի արտացոլանքն է:

- Եթե իմ օրինակով ասեմ (ծիծաղում է, - հեղ.), իհարկե, կարող է ուրիշի համար խաբուսիկ լինել, բայց ոչ ինձ համար: Իմ արտաքինն իմ ներքինի արտացոլանքն է: Բայց շատ եմ հակառակում համոզվել, տեսնում ես գեղեցիկ մարդու, բայց ներսը փուչ է ու երկու բառ չես կարողանում հետը փոխանակել:

- Տանը սիրելի անկյունը:

- Մեր ննջասենյակն է:

- Ինչպիսի՞ն կուզեք լինեն մեր հայաստանյան բակերը:

- Մեր մանկության պես լինեն, անգամ այն ծանր տարիներին մենք լավ ու երջանիկ օրեր ենք ապրել: Հավաքվել ենք թաղամասի երեխաներով ու տարբեր խաղերով զբաղվել, այ, դա է իրական երջանկությունը: Կուզեի, որ պատուհանից միշտ երեխաների ձայնը լսվի, դրսում տատիկներ ու պապիկներ նստած լինեն:

- Ի՞նչ եք կարողանում պատրաստել եւ ո՞ւմ համար:

- Բոլոր լավ մարդկանց համար էլ կպատրաստեմ, խոհանոց շատ եմ սիրում, երկու օր է՝ ժամանակ չեմ ունեցել ու խոհանոց չեմ մտել, դրանից նեղվում եմ: Շատ համեղ է ստացվում ինձ մոտ:

Լիլի Մորտոն


- Եթե Ձեզ հյուր գանք, ի՞նչ կհյուրասիրեք:

- Ամուսինս կասեր՝ խորոված անենք, բայց քանի որ ուզում եք ես պատրաստեմ, իմ ձեռքով կանեմ խորովածը:

- Ինչի՞ պատճառով եք վերջին անգամ արտասվել:

- Երջանկությունից:

- Այս շաբաթ Ձեր ունեցած ամենաուժեղ տպավորությունը:

- Ես ոչ մի բանից չեմ զարմանում, դրա համար էլ ոչինչ առանձնապես այդպես չի տպավորում: Բայց սա առաջին հարցազրույցն է, որ այդքան պատրաստված լրագրող եմ տեսնում, շատ զգացված եմ ու տպավորված: Անընդհատ ամուսնուս հետ այդ մասին էի խոսում, թե ինչի են բոլոր զրույցներում նույն հարցերը տալիս, մի՞թե իմ մտքերն այդքան սահմանափակ են, հոգնել էի դրանցից: Այսօր անկեղծ զրույց ստացվեց ու իմ մասին շատ բաներ պատմեցի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին