×


Ավստրալիայից Հայաստան տեղափոխված ArctX-ը հաղթահարեց կորոնովիրուսային համավարակն ու պատերազմը

Յուրաքանչյուր գործի սկիզբը միշտ էլ բարդ եւ ռիսկային է լինում, սակայն ArctX-ի դեպքում Երեւանում գործունեություն ծավալելու ռիսկերն ու բարդությունը կրկնապատիկ էին։ Դեռեւս 2020թ․-ին ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռայան Քանգը որոշեց ընկերության կենտրոնական գրասենյակը Ավստրալիայից տեղափոխել Հայաստան։ Ընկերությունը Երեւան տեղափոխվեց, երբ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում մեծ մարտահրավերներ էին նետվել գրեթե բոլոր ոլորտների մասնագետներին՝ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակով պայմանավորված։ Այսօր արդեն ArctX ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարարն իր մեկամյա գործունեությունն է ամփոփում Հայաստանում։

«Սկիզբը բարդ էր։ Եվ չնայած առաջին ամիսներին ծառացած խոչընդոտներին` արդեն մայիս ամսից ArctX-ն  իր առաջին աշխատողներն ունեցավ։ ArctX-ը դարձավ Հայաստանում միակ ընկերությունը, որ ընդամենը մեկ տարում իր աշխատակիցների թիվը հասցրեց 150-ի։ Այդպիսի մեծ ջանքերի եւ թիմային աշխատանքի շնորհիվ նրանք այսօր արդեն տարբեր ծառայությունների մատուցմամբ են զբաղվում՝ հավելվածների ծրագրավորումից մինչեւ մարքեթինգ, դիզայն եւ բրենդինգ»,- մեզ հետ զրույցում պատմում է ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարիա Վարդանյանը։


Վերջինս ընդգծում է, որ ArctX-ը, լինելով Սթարթ-ափ, նպատակ է դրել ոչ թե համեմատվել հաջողվածների հետ, այլ առաջ անցնել նրանցից, դառնալ լավագույններից մեկը՝ առաջարկելով նորարարական պրոդուկտներ, որոնք իսկապես կարեւոր են մարդկանց կյանքում։

Խոսելով ArctX-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու մանրամասների մասին՝ Մարիան ընդգծում է, որ այդ որոշումն ամենեւին էլ պատահական չի եղել․ Հայաստանում IT ոլորտի համար պայմանները բարենպաստ են՝ հայ մասնագետների որակով եւ արագ զարգացող ՏՏ ոլորտով պայմանավորված։

«Հայաստանում շատ են փորձառու եւ բարձր որակավորում ունեցող մասնագետները, որ նախկինում ֆրիլանս աշխատում էին միջազգային մի շարք այլ ընկերություններում։ ArctX-ը հնարավորություն է տալիս աշխատել հայրենի երկրում եւ խթանել տեղի ՏՏ ոլորտի զարգացումը»,- նշում է նա։


Մարիան հիշում է, որ երբ թվում էր՝ այլեւս բոլոր խոչընդոտներն անցյալում են, եւ ժամանակն է նոր բարձունքներ եւ նպատակներ սահմանելու, մի նոր դժվարին եւ բարդ փուլ սկսվեց ընկերության համար․ սեպտեմբերին սկսվեց պատերազմը, որ նոր մարտահրավեր նետեց ընկերությանը։

«Մեկ տարում այնպիսի իրադարձություններ եղան, որ երեւի թե մեկ այլ ընկերություն չկարողանար ծավալել իր գործունեությունը նման պայմաններում։ Հանգամանքները մեր դեմ էին, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամը։ Պատերազմի ժամանակ մեր աշխատակիցներից շատերը կամավորագրվեցին եւ ռազմաճակատ մեկնեցին։ Ընկերությունը նրանց աջակցում էր ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ հոգեպես։ Այդ դժվարին իրավիճակում ArctX-ը կարողացավ ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, այլեւ սահմանել նպատակներ եւ հստակ քայլերով շարժվել առաջ»,- նշում է նա։

Մարիայի խոսքով՝ ընկերության նպատակը մեկն է՝ աճել եւ դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային ՏՏ լուծումների լավագույն մատակարարներից մեկը։ Առաջնային նպատակներից է նաեւ մյուս ճյուղերի՝ դիզայնի, բրենդինգի եւ մարքեթինգի ծառայությունների աճն ու  ընդլայնումը։


Ընկերությունն ընդլայնում է նաեւ իր թիմը, սպասում իր նոր աշխատակիցներին, որոնց հետ պետք է կիսեն դեպի նպատակների իրականացում տանող ճանապարհը․ շուրջ 20-ից ավելի թափուր հաստիքներ կան ArctX-ում։

«ArctX-ում, առհասարակ, թափուր հաստիքներ միշտ կան՝ հատկապես ՏՏ ոլորտի համար։ Բոլոր ոլորտներում էլ լավ մասնագետներ միշտ են պետք։ Պետք է նշեմ, որ մեր ընկերությունը միշտ բաց է նոր աշխատողների, նոր գաղափարների եւ առաջարկությունների համար»,- ընդգծում է Մարիան՝ նշելով, որ ընկերության թափուր հաստիքներին  առավել մանրամասն հնարավոր է  ծանոթանալ ArctX-ի վեբ կայքում։

ArctX-ն ընտրել է մարդակենտրոն գործելաոճը։ Ընկերությունում կարեւորվում է բոլոր աշխատակիցների  համար մոտիվացնող եւ ոգեւորող պայմաններն ապահովելը։ Դրա իրականացման լավագույն տարբերակն էլ  սահմանափակումներից խուսափելը  եւ աշխատակիցներին մասնագիտական գործունեությունը ծավալելիս  ազատություն տալն է։  


«Մեզ մոտ առաջնային է աշխատակիցների համար լավագույն պայմաններ ստեղծելը։ Նրանց տրվում է ամսվա մեջ մեկ օր աշխատանքի չգալու իրավունք, որը ներառված չէ արձակուրդում: Անգամ ընկերության վայրն այնպես է ընտրված, որ արագ եւ համեղ լանչ անելու համար աշխատակիցը շատ հեռու չգնա։ Մենք նաեւ համագործակցում ենք մի շարք սննդի կետերի հետ, որոնք մեր աշխատակիցներին մատչելի եւ զեղչված փաթեթներ են առաջարկում»,- նշում է Մարիան։

ArctX-ում աշխատանքի ընդունվելու համար  գիշերը ցերեկ դարձնել պետք չէ։ Ընկերությունում առաջնահերթ կարեւորվում է աշխատակցի մարդկային որակները։

«Մեկ տարում ընկերությանը հաջողվեց ստեղծել այնպիսի թիմ, որտեղ հարաբերությունների եւ աշխատանքի հիմքում ընկած է հարգանքն ու ջերմ մթնոլորտը։ Այդ մեկ տարվա ընթացքում ArctX-ին պարզ դարձավ, որ մասնագիտությունը ձեռքբերովի է։ Եթե անգամ աշխատակիցը չունի մասնագիտական լավագույն որակները, որոշ ժամանակ հետո մեզ մոտ աշխատելիս նա կկարողանա ձեռք բերել դրանք»,- ասում է Մարիան՝ ընդգծելով, որ եթե աշխատակիցը չունենա այն մարդկային որակները, որոնք արժեւորում են ընկերությունում, թիմում ինտեգրվելը բարդ կլինի ։


Միջազգային միջավայրն ArctX-ի առավելություններից մեկն է։ Տեղի մասնագետների հետ մեկտեղ աշխատում են նաեւ կորեացի մասնագետները․ աշխատանքն էլ  ավելի հետաքրքիր եւ արդյունավետ է դառնում այդպես։ Ընկերությունում խրախուսվում է մասնագիտական եւ անձնական աճը։ Կազմակերպվում են հատուկ դասընթացներ բարձրակարգ մասնագետների ղեկավարմամբ, ստեղծվում են բոլոր պայմանները աշխատակիցների աճի եւ զարգացման համար։  

Մարիայի խոսքով՝ նոր աշխատակիցների առաջ ArctX-ի դռները բաց են․ նրանց  գրկաբաց են սպասում՝ նոր գիտելիքներով եւ փորձով  կիսվելու պատրաստակամությամբ։

BRAVO.am
Լուսանկարները՝ ArctX-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW