×


«Ավետարանը կտանեի ինձ հետ տիեզերք». Վարդան Պետրոսյանի սիրելի գրքերը

Դերասան, սցենարիստ եւ նկարիչ Վարդան Պետրոսյանի հետ Bravo.am-ի զրույցի թեման նրա սիրելի գրքերն են, այն, թե ինչպես է տարիքի հետ փոխվում գրքերի ընկալումը, եւ ինչ տեղ ունի գիրքը նրա կյանքում։

- Որո՞նք են Ձեր ամենասիրելի երեք գրքերը։

- Երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի երեք գրքերը իրար շատ նման էին՝ «Վարպետը եւ Մարգարիտան», «Հարյուր տարվա մենություն» եւ «Մարտին Իդեն»։ Ավելի հասուն տարիքում անսահման շատ էի սիրում Չեխովին եւ Դոստոեւսկուն։ Նրանց երիտասարդ ժամանակ էլ էի կարդացել, բայց հասուն տարիքում, հատկապես բանտում՝ կալանքի ժամանակ, ամբողջը վերընթերցեցի։ Իսկ ամենահասուն տարիների իմ սեղանի գիրքն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը եւ Ավետարանը։

- Կա՞ն արդյոք այլ ստեղծագործություններ, որոնք վերընթերցել եք տարբեր տարիքներում:

- Այո՝ «Եվգենի Օնեգինը»։ Ես Պուշկինին չէի սիրում. դպրոցում անցնում էինք, եւ չգիտեմ ինչու՝ իրեն չէի սիրում, երեւի տեսքը դուրս չէր գալիս։ «Եվգենի Օնեգինը» սովորել եմ ութերորդ դասարանում, բայց դա ութերորդ դասարանի խելքի բան չէ. անգիր էինք սովորում։ Մոտավորապես հինգ տարի առաջ հիվանդ պառկած էի, եւ չգիտեմ ինչպես՝ ինտերնետում հայտնվեց «Եվգենի Օնեգինը», Սմոկտունովսկու ընթերցմամբ, եւ հասկացա, թե դա ինչ համաշխարհային գլուխգործոց է։

- Պատահե՞լ է, որ գիրքը, որը մի ժամանակ սիրել եք, հետագայում հիասթափեցրել է ձեզ։ Ո՞ր գրքերն են դրանք։

- Այո, եղել է, որ կարդացել եւ մի քիչ հիասթափվել եմ։ Օրինակ՝ «Հարյուր տարվա մենությունից» ցնցված էի, բայց հասուն տարիքում վերընթերցելիս այդ տպավորությունն արդեն չկար։ Նույնը՝ «Վարպետը եւ Մարգարիտա»-ի հետ. շատ զարմանալի քննադատական վերաբերմունք ունեի, կարծես մի քիչ վիճում էի Բուլգակովի հետ։ Տարիքի հետ ճաշակը փոխվում է։

Հայրս գրականագետ էր։ Երբ 18 տարեկանում Բալզակ էի կարդում, դա այդ տարիքի խելքի բան չէր, բայց հայրս ուրախանում էր, որ կարդում եմ, եւ ասում էր՝ «Քառասունից հետո նորից կարդա», որովհետեւ քառասունից հետո բոլորովին այլ բաներ ես հասկանում։ Իսկապես, վերընթերցելիս բոլորովին ուրիշ բաներ ես սկսում կարեւորել։ Չեխովի մոտ այնքան պատմվածքներ կան, որոնք չեմ նկատել եւ նույնիսկ չեմ հիշում։


- Եթե ստիպված լինեիք ընտրել միայն մեկ գիրք եւ տանել ձեզ հետ տիեզերք, ո՞րը կլիներ։ Ինչո՞ւ հենց այն։

- Ավետարանը կտանեի ինձ հետ տիեզերք, որովհետեւ ես անընդհատ պետք է Աստծո հետ լինեմ, անընդհատ զգամ նրա ներկայությունը։ Երբ կարդում ես այն, թվում է՝ հեռախոսի պես անընդհատ լիցքավորվում ես, իսկ երբ դա չկա, լիցքերս աստիճանաբար սկսում են քչանալ։ Դա կտանեի, որովհետեւ այն իմ մեջ ուժեղացնում է Քրիստոսի ներկայությունը, իսկ ես առանց նրա չեմ կարող ապրել եւ չեմ պատկերացնում իմ կյանքը։

- Ո՞ր գրքերը խորհուրդ կտայիք երիտասարդներին՝ հայկական մշակույթն ու հայոց հոգին ավելի լավ հասկանալու համար։

- Թումանյանը հրաշալի օրինակ է հայ մարդուն հասկանալու համար։ Նաեւ՝ Ղազարոս Աղայանը, Ստեփան Զորյանը եւ Կոստան Զարյանը՝ բացառիկ ժամանակակից մտածողությամբ գրող, որը, ցավոք, այդքան ծանոթ չէ մեր ընթերցողներին։ Ափսոս, բայց նա համաշխարհային մեծության մարդ էր։

Անպայման պետք է կարդալ հայ պոեզիա, օրինակ՝ Համո Սահյանին, մեր վերջին մեծագույն բանաստեղծներից մեկին: Նրան անհնար է նկարագրել, եւ իսկական հայ հոգին հենց այդտեղ է երեւում։ Հայ հոգին հասկանալու համար, զարմանալիորեն, պետք է ասեմ՝ անպայման նայեք Մարտիրոս Սարյանի արեւավառ նկարները եւ Մինաս Ավետիսյանի գործերը, որպեսզի հասկանաք ոչ միայն մեր մեջի տխրությունը, այլեւ մեր մեջի կրակը, պայթյուններն ու արեւը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW