×


Լուսանկարը՝ vnews.am

Էլվինա Մակարյանի անավարտ երգը․․․

Տաղանդավոր երգչուհի, կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 71 տարեկան։

Նա փոքրուց էր սիրում երաժշտություն ու անկաշկանդ երգում էր հնարավոր բոլոր առիթներով։ Իր առաջին քայլերն Էլվինա Մակարյանն արեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու ամենասկզբից էլ տարբերվեց բոլորից, որովհետև երգում էր այնպես, ինչպես զգում էր. նա ընտրում էր տեսականորեն սխալ ու տարբեր, բայց անթերի ու կատարյալ հարմոնիաներ։ Կոնսերվատորիա ընդունվելիս` Ռոբերտ Աթայանը նրա քննաթերթիկը ձեռքին բղավում էր․ «Ինչպե՞ս կարելի է ընդունել այսպիսի անսլուխների», իսկ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն Աթայանի ականջին շշնջում էր․ «Նա, ում ասում ես անսլուխ, կարող է բոլորին դաս տալ իր լսողությամբ»։ Ու դա չափազանցություն չէր. տարիներ անց ամեն անգամ նոր երգ գրելիս կոմպոզիտորը նախ Էլվինա Մակարյանի ընտրած հարմոնիաներն էր լսում, հետո սկսում ստեղծագործել։
 
12 տարեկանում Էլվինա Մակարյանը մասնակցեց դպրոցական քաղաքային օլիմպիադային ու հաղթեց՝ երգելով Շառլ Ազնավուրի ու Ռոբերտինո Լորետիի երգերը։ Նրան նկատեց Մարտին Վարդազարյանն ու հրավիրեց իր նորաստեղծ ջազային քառյակ։ Այդ կազմում էլ Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ ու գրավեց Ռոբերտ Ամիրխանյանի ուշադրությունը։ Վերջինս հրավիրեց նրան իր  «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլ, որտեղ Էլվինա Մակարյանը տարիներ շարունակ կատարելագործվեց որպես ջազային երգչուհի։

Էլվինա Մակարյանը


Մի օր էլ «Կռունկի» հետ հերթական փորձի ժամանակ նվագախմբի տղաներն Էլվինային ասացին. «Էլվինա ջան, քեզ հետ երևի վերջին փորձն ենք անում»։ Երգչուհին զարմացավ ու լուրջ չընդունեց ասվածը՝ չիմանալով, որ Օրբելյանը դահլիճից հետևելու է փորձին՝ իրեն Հայաստանի պետական էստրադային նվագախումբ հրավիրելու նպատակով։ Ու, իրոք, այդպես էլ եղավ. համերգի վերջում Օրբելյանը մոտեցավ ու իր մոտ աշխատելու առաջարկություն արեց ։ Մաեստրոն, նրա  կատարողականությամբ ու ձայնով հիացած, տարիներ հետո պետք է ասեր. «Այն, ինչ դու երգում ես, ու այնպես, ինչպես դու՛ ես երգում, կարող ես աշխարհում միայն դու»։

Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը կարևոր դեր խաղաց Էլվինա Մակարյանի կյանքում․ սկսվեցին համերգներն ու շրջագայությունները։ Ու քանի որ այդ ընթացքում նա նաև սովորում էր Կոնսերվատորիայում, մաեստրո Կոնստանտին Օրբելյանը հաճախ ստիպված էր լինում զանգահարել իր դասախոս-ընկերներին՝ Էլվինայի բացակայությունների վրա աչք փակելու համար։ Մի օր էլ, այդ ամենից հոգնած, ընտրության առաջ է կանգնեցնում երգչուհուն՝ «Կա՛մ Կոնսերվատորիան, կա՛մ հյուրախաղերը»։ Էլվինա Մակարյանի դասախոսներն էլ նրան ասում են․ «Աղջիկ ջան, գնա՛ հյուրախաղերի, երբ վերջացնես, կգա՛ս, նորից կընդունվե՛ս»։



Ու այդպես Էլվինա Մակարյանն ընտրում է հյուրախաղերը․ խորհրդային տարիներին բոլորը չէ, որ կարող էին այդքան երիտասարդ տարիքում մեկնել օտար երկրներ՝ համերգների և, ի դեպ, ստանալ այնքան աշխատավարձ, որքան մաեստրո Կոնստանտին Օրբելյանը՝ 350 ռուբլի։

Իմիջիայլոց, Կոնստանտին Օրբելյանի հետ աշխատելու տարիներին Էլվինա Մակարյանին լսում է նաև հանճարեղ Արամ Խաչատրյանը (Էլվինան կատարում էր Էլլա Ֆիցջերալդի երգերից մեկը)։ Ելույթի վերջում մաեստրոն հոտընկայս ծափահարում է նրան ու զարմացած ասում․ «Ինչու՞ մինչև հիմա ոչինչ չգիտեմ այս հրաշքի մասին»։ Նա Էլվինային է փոխանցում իր մոսկովյան բնակարանի հասցեն ու հեռախոսահամարը՝ պետք եղած դեպքում հյուրընկալելու ու օգնելու համար։

Էլվինա Մակարյանը


Չնայած այս ամենին, Էլվինան հաճախ էր աշխատանքից «դուրս թռչելու» վտանգի առջեւ կանգնում, բայց շարունակում էր պայքարել երգելու իր ոճի ու թեմատիկայի համար։ Էլվինա Մակարյանը կարողանում էր չենթարկվել, ինչի պատճառով նրան հասցեագրված միջազգային շատ մրցույթների հեռագրեր այդպես էլ չհանվեցին դարակներից։ Մասնակցությունից հրաժարվելու պատճառները տեղում էին  հորինվում՝ առանց նրա իմացության. Էլվինան հիվանդ է, գերհոգնած կամ, որ ավելի զավեշտալի է, երրորդ երեխային է սպասում։ Իսկ երբ երգչուհին փորձում էր ճշտել, թե ո՞վ է մերժել և ինչու՞, ստանում էր կարճ ու կոնկրետ պատասխան. «Ես քեզ չեմ սիրում» կամ «Հերիք է ինչքան ման եկար, տիտիկ արա քո Երևանում, թե չէ ընդհանրապես չես երգի»…

Էլվինա Մակարյանը հայաստանյան դժվարություններից փախչելու շատ առիթներ է ունեցել։ Բայց նա ուզում էր երգել Երևանու՛մ, իր պաշտելի հանդիսատեսի համար: Երգչուհին կարող էր, օրինակ, Միքայել Թարիվերդիևի առաջարկով տեղափոխվել Մոսկվա, ապրել քաղաքի կենտրոնում ու աշխատել հայտնի կոմպոզիտորների հետ։ Հայազգի երգահանն ամեն հարմար առիթով առաջարկում էր Էլվինային «թողնել երևանյան ճահիճն ու տեղափոխվել Մոսկվա»։ Նա հասկանում էր, որ խորհրդային տարիներին Էլվինայի ամերիկյան ջազը սվիններով է ընդունվելու։ Բայց միշտ մերժվում էր։ Վերջին անգամ էլ երգչուհուն հեռագիր ուղարկելուց ու հերթական «ոչ»-ը լսելուց հետո Թարիվերդիևը զանգահարում է և ասում․ «Էվելինոչկա ջան, գիտե՞ք ով է մեկնում Բուլղարիա՝ մրցույթի, նրա մասին երևի լսել եք՝ Ալլա Պուգաչովան»։ Պուգաչովա՞ն։ Իհարկե, Էլվինան գիտեր նրան։ Ռուս երգչուհին հաճախ էր ներկա լինում Էլվինայի համերգներին՝ նրա ձայնով հիանալու ու միգուցե նաև նրանից ինչ որ բան սովորելու համար։



Այսպես, երկար տարիներ Էլվինա Մակարյանը ստիպված եղավ ստեղծագործելու փոխարեն պայքարել։ Նա միայնակ կռիվ էր տալիս «արվեստով առևտուր անողների» հետ, որովհետև խանգարում էին, ճնշում ու հաճախ դավաճանում։ Շատերն էին սխալներ փնտրում երգչուհու պահվածքում, հագնվելու ձևում ու արտահայտություններում։ Բանը հասավ անգամ նրան, որ 80-ականներին Կոմկուսի Կենտկոմը տնային կալանքի ենթարկեց Էլվինա Մակարյանին՝ ամեն ամիս աշխատավարձը տուն ուղարկելու պայմանով։ Սակայն նույնիսկ այդ պարագայում Էլվինան չդադարեց աշխատել ու արդար մնալ իր խղճի և արվեստի առաջ։

Այդ դժվարին ժամանակահատվածում էլ երգչուհին հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից։ Նա տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության է մեկնում ու օրեր անց մոր հետ հեռախոսազրույցից իմանում, որ Հեռուստառադիոպետկոմում իրեն աշխատանքից ազատելու հրաման են ստորագրել։ Մայրը խնդրում է նրան մոռանալ Հայաստանի մասին ու մնալ, հաստատվել Միացյալ Նահանգներում։ Էլվինա Մակարյանը ստիպված էր գնալ այդ քայլին, թեև լավ գիտեր, որ օտարության մեջ ապրելու տարիներն ամենաբարդն են լինելու իր կյանքում, չէ՞ որ նա ստեղծագործելու է իր պաշտելի Հայաստանից դուրս, հարազատներից ու ընկերներից հեռու։ Թեև էլ ի՞նչ ընկեր, նրա կողքին միայն մայրն էր։ Նրան չէին հիշում, մոռացել էին, կարծես ոչ մի Էլվինա Մակարյան չէր էլ եղել։

Էլվինա Մակարյանը


Նրանով հետաքրքվում էին հատուկենտ մարդիկ, որոնց թվում էր նաև ռեժիսոր, հաղորդավար Զավեն Հարությունյանը։ Նա մինչև այսօր էլ հետաքրքիր մանրամասներ է հիշում Էլվինա Մակարյանի հետ հանդիպումներից․ «Էլվինան մարդ-նվագախումբ էր։ Նա և՛ ստեղծագործում էր, և՛ գործիքավորում, և՛ նվագում, և՛ երգում։ Բայց ապաշնորհ էր իր համար ճանապարհ հարթելու հարցում։ Նրանը միայն խելագարի նման դաշնամուրի առաջ նստելն ու երգելն էր, նրանը բեմն էր, ծափահարությունները։ Էլվինան սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, սակայն շատ էր սրտնեղում, երբ չէին գնահատում։ Այդ դեպքում նա շնչահեղձ էր լինում»։


       
Զավեն Հարությունյանը մի պահ լռում է, նայում մի կետի ու նորից շարունակում․ «Էլվինայի հետ աշխատեցի «Փարիզյան էսքիզներ» համերգի շրջանակներում, որը փաստացի նրա առաջին մենահամերգն էր Հայաստանում։ Այդ ժամանակ, լինելով Վալերի Բրյուսովի անվան համալսարանի Ֆրանսիական մշակույթի կենտրոնի նախագահ, Լիոնի քաղաքապետարանի օժանդակությամբ ֆրանսիական երգերին նվիրված համերգ պետք է կազմակերպեի։ Առաջինը մտածեցի նրա մասին։ Ու որքան մեծ եղավ զարմանքս, երբ այդ օրերին անակնկալ զանգ ստացա Էլվինայից։ Նա խնդրում էր ինձ ֆրանսերեն լեզվով բառեր գրել իր նոր ստեղծագործության համար։ Ու ես, առիթը բաց չթողնելով, պատմեցի համերգի գաղափարի մասին։ Նա էլ ուրախությամբ համաձայնեց։ Ու մենք սկսեցինք նախապատրաստվել Էլվինայի առաջին մենահամերգին՝ շաբաթներ ու ամիսներ անցկացնելով Պլանի գլխի նրա տանը։ Ես խնդրեցի ընկերոջս 500 ԱՄՆ դոլար ուղարկել՝ համերգի ծախսերը հոգալու համար։ Միանշանակ էր, որ Էլվինան չպետք է ֆինանսական կամ կազմակերպչական որևէ հոգս հոգար, այդպիսին էր մեր պայմանավորվածությունը։ Նրա խնդիրը պետք է լիներ միայն երգելը։ Բայց թե ինչ դժվարությամբ մենք կազմակերպեցինք համերգը՝ բարդ է անգամ նկարագրելը․ բեմի ձևավորում, պարողներ, լույսեր, տոմսեր․․․ Տոմսերը, ի դեպ, մի առանձին պատմություն էին։ Մենք փողոցներն ընկած խնդրում էինք մարդկանց տոմս գնել, դռներ էինք թակում ու շատ հաճախ ստանում կոպիտ պատասխաններ։ Ստիպված եղանք մտնել դպրոցներ ու խորամանկել, թե իբր հովանավորի փողերով որոշ դպրոցների 20-30 տոմս ենք նվիրում (Էլվինան չպետք է դատարկ դահլիճ տեսներ, դա նրան կրկնակի կկոտրեր)։ Ու քանի որ մութ ու ցուրտ տարիներ էին, ստիպված թիրախավորել էինք Մարզահամերգային համալիրին մոտ գտնվող դպրոցները։ Բրյուսովի ուսանողներին էլ պայմանո՛վ տոմս տվեցինք՝ համերգը հավանելու դեպքում միայն վճարել։ Հաջորդ օրը նրանք մեկ մարդու նման բերեցին ողջ գումարը։ Մի խոսքով, ամեն ինչ արեցինք մարդկանց դահլիճ հասցնելու համար․ ես շատ էի ուզում, որպեսզի մարդիկ ճանաչեին իրական Էլվինային։ Ու դա ինձ հաջողվեց․ երրորդ երգից հետո  ծափահարությունները չէին դադարում։ Արդյունքից գոհ էինք բոլորս՝ և ես, և Էլվինան, և հանդիսատեսը»։

Էլվինա Մակարյանը


․․․Զավեն Հարությունյանի դեմքին սև ամպ եմ նկատում։ Նա նորից է լռում ու նորից շարունակում պատմել․ «Սա իմ ու Էլվինայի համագործակցության վարդագույն շրջանն էր։ Հետո եկավ նաև սևը, երբ նա սկսեց կասկածել, թե իբր մեծ գումար եմ վաստակել համերգից ու ոչինչ չեմ տվել իրեն։ Այդ ծանր մեղադրանքից հետո էլ չպատմեցի նրան իրականությունը։ Չէի ուզում իմանա,  որ հանդիսատեսին համոզել ենք տոմս գնել։ Ու այդպես նա դադարեց շփվել ինձ հետ։ Տարիներ անց ինձ զանգարահեց նրա մայրն ու խնդրեց ներկա լինել Էլվինայի ծննդյան միջոցառմանը։ Զարմացա, բայց գնացի։ Իր լավագույն ընկեր, երգահան Գայանե Կեսոյանի, վաղամեռիկ երգիչ Աշոտ Հախեյանի, երգչուհի Արմինե Գրիգորյանի ու այլ հյուրերի ներկայությամբ Էլվինան խմեց իմ ու իր տարիների ընկերության կենացն ու ներողություն խնդրեց»։

Հասմիկ Սահակյան
Նյութը պատրաստելիս օգտագործվել են երգչուհու ծանոթների, ժամանակակիցների պատումները, ինչպես նաեւ առցանց հրապարակումներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին