×


Ուրիշ աշխարհ. Տոկիոյի գիշերային կյանքն ու ամենանորաձեւ խանութները

Օրեր առաջ վերադարձել եմ Ճապոնիայից, որտեղ լուսաբանում էի ամառային Օլիմպիական խաղերը: Եվ որպես նորաձեւության մեծ սիրահար, չէի կարող ուշադրություն չդարձնել, թե ինչ են կրում ու ինչով են առանձնանում Տոկիոյի բնակիչները:

Ճապոնիան ամեն առումով է տարբերվում մնացած աշխարհից, այն ասես Երկիր մոլորակից դուրս լինի ու ապրում է սեփական կանոններով եւ արժեհամակարգով: Մարդիկ չափազանց բարեհամբույր են, պատրաստակամ օգնության հասնելու, խոսում են հազիվ լսելի, փորձում դիմացիններին որեւէ կերպ անհարմարություն չպատճառել:

Թեեւ համավարակին ու փողոցներում հանդիպող սահմանափակ քանակությամբ բնակիչներին, բարեբախտաբար, Տոկիոյում հետաքրքիր դեմքերի էլ հաջողվեց հանդիպել:


Առավոտյան վաղ, երբ մենք շտապում էինք մարզադահլիճներ, ամենուր էին իրարից սոցիալական հեռավորություն պահպանող, դիմակներ կրող, հիմնականում սեւ ու սպիտակ հագուստով ճապոնացիները: Աշխատանքային դրես-կոդը միանգամից էր աչքի ընկնում:

Դիմակները քթից ցած իջեցնելու կամ առհասարակ դրանք չկրելու մասին խոսք անգամ չկար: Նույնիսկ վազելիս ու հեծանիվ քշելիս՝ Տոկիոյում դիմակը պարտադիր էր:

Միանգամից ուշադրություն գրավող էր, թե ինչպես էին ճապոնացիները խուսափում արեւից: Նրանք ամենուր շրջում էին անձրեւանոցներով, հատուկ սեւ ձեռնոցներով ու դիմակներով, որոնք նաեւ վիզն էին պաշտպանում արեւից:

Իրենց լուսանկարելու խնդրանքին միանգամից դրական էին արձագանքում, ժպտում ու առաջարկում միասին նկարվել նաեւ իրենց հեռախոսով: Չնայած կորոնավիրուսին՝ չէին վախենում մոտ տարածությունից շփվել:


Երեկոյան Տոկիոն ամբողջովին փոխվում էր, քաղաքը լույսերի մեջ էր հայտնվում, վառվում բազմաթիվ գույներով՝ իր հետ նաեւ այլ տրամադրություն բերելով: Թեեւ կեսօրվա տապը մի քիչ զիջում էր իր տեղը, սակայն, միեւնույն է, շնչելը շարունակում էր դժվար լինել:

Փողոցներ էր դուրս գալիս երիտասարդությունը՝ վայելելու ժամանակն ու ցուցադրելու յուրահատուկ զգեստները: Տոկիոյի streetstyle-ը վաղուց աշխարհում յուրահատուկներից ու նմանը չունեցողներից է համարվում: Կարող ես հանդիպել ում ասես՝ վառ ու արտահայտիչ մազերով տղաների ու աղջիկների՝ իրենց անիմեների կերպարների հագուստներով, բայց առավել շատ գերակշռում էր զուսպ ու մինիմալիստական ոճը:

Երկարափեշ զգեստներն ու կիսաշրջազգեստները՝ համադրված բլուզների ու նուրբ կոշիկների հետ, գրավում էին մեր ուշադրությունն ու հիացմունք առաջացնում: Ճապոնացիներն իրենց հարթ ու սահուն մազերով, համարյա առանց կնճիռների դեմքերի եւ առանց ավելորդությունների կազմվածքի՝ մի քիչ էլ մեր նախանձն էին շարժում:


Յուրահատուկ մաշկի համար նրանք պարտական են իրենց խոնավ կլիմային, իսկ ընդգծված մարմինները ամենայն հավանականությամբ, ճիշտ սննդակարգի շնորհիվ են: Տեղացիները համարյա թե չեն օգտագործում հացամթերք, կաթնամթերք ու մսեղեն, բացի այդ էլ մեծ տեղ են հատկացնում սպորտին:

Էլ ինչ Տոկիո առանց ազգային մշակույթի յուրահատուկ մաս կազմով կիմոնոների, որոնց ականատես եղանք Ասակուսա թաղամասում գտվող Սենսո-ջի հնագույն բուդդիստական տաճարի մոտ:

Թաղամասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների ռմբակոծությունների արդյունքում շատ է տուժել, սակայն հետագա տարիներին նորից վերակառուցվել է:

Դեպի տաճարն է տանում առեւտրային Նակամիսե-դորի փողոցը, դեռ 18-րդ դարում հարակից բնակիչներին թույլատրվել է այնտեղ առեւտրով զբաղվել։ Բազմաթիվ խանութներում կարելի է ձեռք բերել տարատեսակ հուշանվերներ ու տեղական քաղցրավենիք:  

Կիմոնո կրող ամենաշատ ճապոնացիներին հանդիպեցինք հենց տաճարի ճանապարհին: Աչք կտրել այդ բազմագույն, հետաքրքիր ու տարբերվող հագուստներով մարդկանցից շատ դժվար էր:


Քանի որ խոսեցինք կիմոնոներից, եւս մեկ հետաքրքիր փաստ արձանագրենք: Հատուկ Օլիմպիական խաղերի համար Imagine One World Kimono Project-ի ամեն մասնակից երկրի պատվին յուրահատուկ կիմոնո է ստեղծել, որում արտացոլված են նրա մշակութային ու ազգային տարրերը: Այսպիսին է Հայաստանին նվիրված կիմոնոն:


Աշխարհի նորաձեւության մայրաքաղաքներից մեկը համարվող Տոկիոյում կան համարյա բոլոր հայտնի բրենդերի խանութները: Գինզա (Արծաթե մետաղադրամ) թաղամասը համաշխարհային բրենդերի կենտրոնն է՝ Dior, Gucci, Fendi, Chanel, Louis Vuitton, Nissan, Tiffany:

Գինզայում է գտնվում Sony ընկերության շենքը, որն յուրահատուկ թանգարան է ու ամեն հարկում ցուցադրված են որոշակի տեսակի ապրանքներ՝ տեսախցիկներ, հեռուստացույցներ, համակարգիչներ: Այն տարեկան 5 մլն-ից ավել այցելու է ունենում: 12 հարկանի շենքում է տեղակայված Uniqlo բրենդը, որտեղ կարելի է գտնել ամեն տեսակի ու ճաշակի հագուստ: Ցավոք, արտակարգ դրության պատճառով խանութների մեծ մասը երեկոյան 8-ին արդեն փակվում էր:


Երիտասարդական նորաձեւության կենտրոնը հայտնի Շիբուա թաղամասն է, որտեղ տեղակայված են թե եվրոպական ու թե ճապոնական բրենդերի խանութները: 109 անունը կրող առեւտրի կենտրոնն ամենամեծերից մեկն է ու հենց այնտեղից են ուսանողները գտնում իրենց նախընտրած հագուստն ու աքսեսուարները:

Շիբուայի խաչմերուկի հարեւանությամբ էլ երիտասարդները հավաքվում են ակումբներ ու սրճարաններ գնալուց առաջ: Նման տեսարանի նաեւ մենք ականատես եղանք․ ուրբաթ երեկոյան նրանք խմբերով հավաքված խմում էին, զրուցում կամ պարզապես շտապում զվարճանալու: Աշխարհի բոլոր երկրների երիտասարդների պես նրանք էլ վայելում էին կյանքն ու հիանում գիշերային Տոկիոյով:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին