×


Լուսանկարը՝ arkhipovskiy.com

«Իմ առաջ առաջադրանք եմ դրել». Ալեքսեյ Արխիպովսկին՝ առաջին անգամ Հայաստան գալու եւ տպավորությունների մասին

«Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին, Հայաստանում է՝ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Նա բեմում միայնակ կարողանում է ստանալ մի ամբողջ երաժշտախմբի իրականություն եւ տրամադրություն։ Վիրտուոզ երաժիշտը BRAVO.am-ին պատմել է Հայաստանից ստացած տպավորությունների, իր երաժշտական գործիքի առանձնահատկությունների մասին:

«Առաջին անգամ եմ այստեղ եւ արդեն հասցրել եմ տեսնել բավական շատ մշակութային կառույցներ, եկեղեցիներ եւ, որ ամենակարեւորն է,  ուղղակի մարդկանց ենք հանդիպել: Գառնիի տաճարը շատ գեղեցիկ է, Խոր Վիրապում հետաքրքիր միջավայր է, բայց Գեղարդի վանքում անբացատրելի իրականություն է, շատ տպավորված եմ: Եկեղեցու ներսում այնպիսի յուրահատուկ հնչողություն կա, որ պատկերացրի, թե որքան գեղեցիկ կարձագանքի երաժշտությունը։ Շատ յուրահատուկ վայր է»,- պատմում է երաժիշտը:

Ալեքսեյ Արխիպովսկին


Նրա խոսքով՝ մինչ Հայաստան գալը հետխորհրդային երկիր էր պատկերացնում, բայց եկել ու տեսել է, որ իր պատկերացումներից այլ է Հայաստանը.

«Ոչ մի այլ վայրի նման չէ Հայաստանը, ինձ համար այնքան հետաքրքիր է. բացահայտումների տեղեր կան: Բացի այս, կարծում էի՝ կլինեն մարդիկ, որ Յութուբում իմ աշխատանքներից տեսել են, բայց որ ինձ այստեղ շատերը կճանաչեն ու այսքան ջերմ վերաբերմունք կլինի, չգիտեի: Հիմա Հայաստանում հեշտ ժամանակներ չեն: Չնայած մարդկանց ջերմ լինելուն՝ վերջին ժամանակահատվածի կատարվածն ամեն դեպքում սառեցնում է հոգիները, եւ իմ՝ Հայաստան գալու գլխավոր նպատակը հենց մարդկանց հոգիները ջերմացնելն է, հատկապես հիմա: Ես իմ առաջ այդպիսի առաջադրանք եմ դրել եւ հուսով եմ՝ Աստված կտա ու կստացվի, որ ջերմանանք համերգային երեկոյի ընթացքում»:

Արխիպովսկին երկար տարիներ խմբում հանդես գալուց հետո տարիներ առաջ որոշել է, որ պետք է միայնակ շարունակի իր կարիերան: Բալալայկա նվագողի դեպքում այդ որոշումն այդքան էլ հեշտ չէր, քանի որ ազգային այս նվագարանը ռուսները հիմնականում խմբային տարբերակով են ներկայացնում, բայց ցանկությունը եւ նպատակը ունեցան դրական ելք:

Ալեքսեյ Արխիպովսկին


«Նվագում են ոչ թե երաժշտական գործիքները, այլ՝ մարդիկ, դրա համար էլ նույն գործիքը տարբեր մարդկանց ձեռքին այլ է դառնում: Ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում, որտեղ շատերն են սովորում բալալայկա նվագել, բայց տարիներ առաջ այս երաժշտական գործիքն այնքան էլ տարածված չէր, իսկ ինձ դուր եկավ նրա հնչողությունը: Նաեւ դաշնամուր եմ նվագում, բայց այս եռալար նվագարանն ինձ գրավեց իր նվազագույն հնարավորություններով, որոնց դեպքում հարկավոր է ավելի ճշգրտություն ու երեւակայություն դրսեւորել: Սկզբում ստիպված էի նախ երաժշտություն գրել սոլոյի համար, բայց մարդկանց արձագանքն այնքան արագ ու լավն էր, որ  մինչ օրս շարունակում եմ առանց խմբի հանդես գալ: Հիմա արդեն երիտասարդներն էլ են հետաքրքրված երաժշտական այս գործիքով: Ի դեպ, իմ առաջ խնդիր չեմ դնում նոր բան ստեղծել, բայց ինքն իրենով գալիս է նոր միտքը, որը ֆիքսում եմ ու ներկայացնում: Ես նաեւ այլ ազգերի երաժշտություն, այդ թվում՝ հայկականը, լսում եմ, ուսումնասիրում, բայց նվագելուց առաջ մտածում եմ, որ հանկարծ ծիծաղելի չհնչի: Ավելի շատ հեղինակային գործեր եմ ներկայացնում, որոնք իմ ներսից են ու իմն են»,-եզրափակում է Ալեքսեյ Արխիպովսկին:

Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ «Ֆրեսկո» փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին