×


Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի մի անկյունը՝ այսուհետ նաեւ կերպարվեստի դպրոց

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի մի անկյունն այսօր արդեն արվեստանոց է, կերպարվեստի դպրոց  կամ պարզապես մի անկյուն, ուր կարող են հավաքվել կերպարվեստը սիրող մեծ ու փոքր մարդիկ, ովքեր պարզապես ուզում են նկարել: Երեւանյան այս անկյունում կարելի է իրականություն դարձնել յուրաքանչյուր խենթ գաղափար, որը վերաբերում է արվեստին ու կերպարվեստին:

Գաղափարն Ագուլեցիներինն էր, որը հանձն առավ իրականություն դարձել նկարչուհի Արմենուհի Հովսեփյանը: Նա լավ գիտեր՝ ինչ է նշանակում գաղափարապես աջակցել, որ միտքն ու ցանկությունն իրականություն դառնան։ Արմենուհի Հովսեփյանը բուժքրոջ մասնագիտությունը կիսատ է թողել՝ հասկանալով, որ դա իրենը չէ: Իսկ դեպի արվեստ ճանապարհին նրան օգնել են գաղափարական աջակիցները, որ մի օր վրձինը ձեռքը վերցնի ու արվեստ ստեղծի կտավի, ապակու եւ այլ առարկաների վրա:


«Գուցե քիչ մը մանկամիտ եմ, որ որոշեցի 33 տարեկանում 14 տարեկանների հետ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում դասի նստել, որն ավարտելուց հետո գնացի Մանկավարժական համալսարան, ավարտեցի, հիմա էլ Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրան եմ ընդունվել 43 տարեկանում, բայց հիմա հաստատ գիտեմ, որ դա իմ կյանքի լավագույն որոշումն էր. չստացված բուժքույրը հասկացել էր՝ ով է ինքը»,- ասում է Արմենուհին:

Նա իր նպատակն է համարում իր շուրջը բացահայտումներ անելն ու հնարավորություններ ընձեռելն այն մարդկանց, ովքեր իրենց կոչումը կերպարվեստում են փնտրում։ Որպես արվեստի դպրոցի կազմակերպիչ ու տնօրեն՝ Արմենուհին մի խնդիր է իր առաջ դրել, որ մեծ ու փոքր «երեխաների» թաքուն երազանքները հայտնաբերի ու այս պատերից ներս պարարտ հող ստեղծի դրանք նպատակներ դարձնելու համար։  

Արմենուհի Հովսեփյանը


Դպրոցի բացումն իր ցուցահանդեսով է կատարել՝ մի պարզ ուղերձով, որ մյուս եւ հետագա շաբաթներին էլ կարող են շնորհալի մեծ ու փաքոր երեխաներն իրենց կտավները ցուցադրել, նաեւ վաճառել, ժամանակին ինքն էլ էր այդպես անում, երբ պետք էր սեփական կտավների նյութերի մասին հոգալ։ Աշխատանքային օրերին կնկարեն, շաբաթվա վերջում էլ կվաճառեն, եւ պարտադիր չէ, որ լինեն միայն նորաբաց դպրոցի սաները. յուրաքանչյուրը, ով կհամարի, որ պատրաստ է վաճառել իր կտավն ու աշխատանքը:

Հեղինակ՝ Մարինա Սայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին