×


«Չէինք կարող այլ ներկայացմամբ սկսել»․ Երեւանում մեկնարկել է «SumMeet» պարի փառատոնը

Ժամանակակից պարը դուրս բերել ընդհատակից եւ հայ խորեոգրաֆներին աշխարհին ներկայանալու հնարավորություն ընձեռել՝ այս նպատակով երեկ Երեւանում մեկնարկել է ժամանակակից պարի առաջին միջազգային ամառային «SumMeet» փառատոնը Հայաստանում։ Այն մեր երկրի համար ինքնատիպ է ինչպես իր ձեւաչափով ու ծրագրով, հայ եւ արտասահմանցի մասնագետների վարպետաց դասերով, այնպես էլ միջոցառումների անցկացման վայրերի հետաքրքիր ընտրությամբ․պարային հարթակներ են լինելու ինչպես երեւանյան բեմերը, այնպես էլ ոչ ֆորմալ տարածքները։ Փառատոնի պաշտոնական բացումը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայում էր՝ Պետերբուրգից ժամանած խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի (Վանէ Կասյանց) «Սեւ այգի» ներկայացմամբ։

Արդյո՞ք հնարավոր է ծաղկումը մթում։ Կամ որտե՞ղ է կյանքը, երբ շուրջդ պատերազմ է, եւ մարդիկ են զոհվում։ Այս հարցադրումները մտքում, Արցախյան երկրորդ պատերազմն աչքերի առջեւ՝ Վալերիան բեմադրել է իր նոր ներկայացումը՝ փորձելով ցույց տալ իր դիրքորոշումը, որ պատերազմն ուրիշինը չի լինում, այն յուրաքանչյուրինն է․«Ներկայացման միտքն առաջացավ նախորդ ամռանը, երբ տեղի ունեցավ առաջին սրացումը պատերազմից առաջ։ Հասկացա, որ չեմ տեսել խորեոգրաֆիկական որեւէ աշխատանք, որը նվիրված կլիներ այդ թեմային։ Որոշեցի՝ դա իմ պարտքն է որպես խորեոգրաֆ՝ բեմադրել ներկայացում, որը կբարձրաձայնի մեր ազգի համար կարեւոր թեման։ Իսկ երբ տեղի ունեցավ Արցախի երկրորդ պատերազմը, հասկացա, որ գործը պիտի ավարտին հասցնել։ Նշանակում է՝ ես ճիշտ էի իմ զգացողություններում, ցավոք, ինչ-որ չափով կարծես նախազգացել էի։ Դա սարսափելի է»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց «SumMeet» փառատոնի արտ-տնօրեն, խորեոգրաֆ Վալերիա Կասպարովան։


Նրա խոսքով՝ «Սեւ այգի» ներկայացման դեպքում իրենք ոչ թե պարզապես պատմում են տեղի ունեցածի մասին, այլ փորձում են արտասահմանում բնակվող մարդկանց հասցնել իրենց զգացողությունները՝ փորձելով կոտրել այն անտարբերությունը, որին ականատես են եղել Հայաստանից դուրս․«Նույնիսկ Ռուսաստանի իմ մտերիմ ընկերները, որոնցից օգնություն էի սպասում, թե ինձ գոնե կասեն՝ մի անհանգստացիր, ոչ մի կերպ չարձագանքեցին։ Դա շատ անսովոր էր իմ գիտակցության համար, եւ այդ պատճառով այս ներկայացմամբ խոսում եմ իմ դիրքորոշման մասին։ Փորձում եմ բացատրել, թե ինչ եղավ, ինչ էր դա մեր ազգի համար, եւ ամենակարեւորը, որ դա առնչվում է բոլորին: Պատերազմն ուրիշինն է այնքան ժամանակ, քանի դեռ, Աստված մի արասցե, չի զոհվել քո ընկերներից կամ ծանոթներից որեւէ մեկը»։

Էռնա Ռեւազովան եւ Վալերիա Կասպարովան


Իսկ ինչո՞ւ «Սեւ այգի»։ Վալերիա Կասպարովան ասում է՝ սեւը սգի, չարության, ցավի գույնն է, իսկ այգին դրախտի կրկնօրինակն է երկրի վրա։ Եվ ահա Ղարաբաղն այդպես էլ թարգմանվում է՝ Սեւ այգի․ «Այսինքն՝ ի՞նչ է դա՝ մահ եւ կյանք, երբ դժոխքն ու դրախտը միմյանց կողքի են։ Պատերազմը հենց դա է, երբ սահմանին զոհվում են մարդիկ, իսկ քաղաքում կարող են ծնվել երեխաներ։ Ես փորձեցի պատերազմին նայել հենց այն մարդկանց աչքերով, որոնք թիկունքում են։ Գլխավոր ուղերձն այն է, որ Սեւ այգին ծաղկելու է, ինչ էլ որ լինի»,- ընդգծեց նա։


«SumMeet»-ի հեղինակներն ասում են՝ չէին կարող այլ ներկայացմամբ մեկնարկել փառատոնը, որքան էլ ցավոտ լիներ եւս մեկ անգամ հիշել պատերազմի մասին․ «Առաջին հերթին մենք ցանկանում էինք մեր պարտքը տալ բոլոր նրանց, ովքեր կռվել են ու իրենց կյանքը զոհել։ Աներեւակայելի շնորհակալություն Պետերբուրգից ժամանած այս երիտասարդ պարողներին, որ ներկայացման միջոցով կարողացան պատմել մեր՝ հայերիս, զգացողությունների մասին։ Թեեւ ինչպես Վալերիան էլ է նշում, եթե հանելու լինենք ազգային տարրեր ներկայացնող որոշ դրվագներ, երաժշտությունը, ապա սա կարող է լինել պատմություն ցանկացած պատերազմի մասին՝ անկախ ազգությունից։ Հիմա ես սա պատմում եմ, ու ներսումս ամեն ինչ իրար է խառնվում․ երբ սկսում էինք այս ներկայացման աշխատանքները, ցավալի համընկնում եղավ՝ սկսվեց պատերազմը, այսինքն՝ սեպտեմբերի 26-ին ստեղծագործական թիմը հավաքվեց, որ սկսի փորձերը, իսկ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․․․»,- պատմեց «Սարեր» մշակութային ասոցիացիայի նախագահ, «SumMeet» փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռեւազովան։


Առաջիկայում փառատոնի հանդիսատեսին սպասվում են ժամանակակից պարի, ֆիզիկական եւ վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական հայտնի թատրոններում, ինչպես նաեւ քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Մասնագետներին եւ բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաեւ վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, եվրոպական ու ռուսական համույթների ելույթներ եւ զանազան այլ միջոցառումներ մայրաքաղաքի բեմերում ու թանգարաններում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված կրթական բաղադրիչին։ Էռնա Ռեւազովան ասում է՝ երբ որոշում էին վարպետաց դասեր անցկացնել, ակնկալում էին առավելագույնը երեսուն դիմում ստանալ, սակայն մասնակիցների թիվն այժմ անցնում է իննսունը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին