×


«Շատ եմ աշխատել, որ բուժեմ վերքերս». Բեյոնսեն 40-ամյակի նախօրեին կիսվել է իր հաջողության գաղտնիքներով

Իր գործունեության 20 տարիների ընթացքում Բեյոնսեն իսկական ֆենոմեն է դարձել, նա փոխել է մշակույթի ազդեցության մասին բոլոր պատկերացումները: Օրեր անց՝ սեպտեմբերի 4-ին, երգչուհին իր 40-ամյակն է նշելու: Նա ծավալուն հարցազրույց է ունեցել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ ու կիսվել հաջողության գաղտնիքներով, պատմել շատ աշխատելու ու նպատակներին հասնելու մասին:

Կյանքիս առաջին 10 տարիներն անցել են երազելով. ինտրովերտ եմ ու առանձնապես չեմ շփվել մարդկանց հետ: Հիմնականում իմ աշխարհում էի լինում ու միակ ընկերս երեւակայությունն էր: Այսօր շնորհակալ եմ այդ տարիների համար, քանի որ սովորել եմ մարդկանց յուրովի զգալ:

7 տարեկանում սկսել եմ հանդես գալ պարային ու երաժշտական մրցույթներում: Բեմում ինձ միշտ ապահով էի զգում: Քանի որ մասնակիցների մեջ միակ սեւամորթ աղջնակն էի, շատ շուտ հասկացա, որ հաջողության հասնելու համար մյուսներից պետք է 2 անգամ ավելի լավ երգեմ ու շարժվեմ, ինչպես նաեւ աշխատեմ գրավչությանս ու սրամտությանս վրա: 10 տարեկանում վոկալի դասեր էի ստանում օպերային երգչուհուց, իսկ 10-ում՝ 60 երգ էի ձայնագրել:

Բեյոնսեն


13-ում ձայնալարերս վնասել էի. չափազանց շատ էի երգում, նոր էի պայմանագիր կնքել ու սարսափած էի, վախենում էի, որ ձայնս էլ չի վերականգնվի: Բժիշկն ինձ արգելեց խոսել ու մի ամբողջ ամառ ընկղմվեցի լռության մեջ:

Արդեն այդ տարիքում գիտեի, որ հաջողակ դառնալու համար պետք է ջանքեր գործադրել: Հասկացա, որ բոլոր ուժերս պետք է ծախսեմ նոր բաներ սովորելու ու ավելի լավը դառնալու համար: Ոչ մի վայրկյան չէի վատնում այլ գործերի վրա, որոնք ինձ հեռացնում էին իմ նպատակից: Ոչ մի երեկույթ կամ զվարճանք, ամեն ինչ զոհաբերել եմ:

Որպես երիտասարդ սեւամորթ կին՝ հսկայական ճնշում էի զգում. բոլորն իմ սխալներին էին սպասում: Հասկանում էի, որ ընտանիքիս հուսախաբ անելու իրավունք չունեմ: Դրա համար դարձա ամենազգույշ, պրոֆեսիոնալ ու հասուն թինեյջերը: Ուզում էի կոտրել սեւամորթ սուպերաստղերի մասին բոլոր կարծրատիպերը՝ ալկոհոլի, թմրանյութերի հետ կապված:

Բեյոնսեն


20-ից 30 տարեկանում իմ կարիերայի ու ժառանգության հիմքն եմ դրել: Ամբողջովին կենտրոնացել եմ կոմերցիոն հաջողության ու հիթ շքերթներում առաջինը լինելու վրա: Ես հասա իմ հնարավորությունների սահմանին ու հասկացա, թե որքան մոգական ուժ կա «ոչ» բառի մեջ:

27-ում անկախություն ձեռք բերեցի ու հիմնադրեցի Parkwood Entertainment-ը: Այն տարիներին չկար ոչ մի ընկերություն, որը կաներ այն, ինչ ես էի ուզում, դրա համար էլ ես ստեղծեցի: Ուզում էի ինքս լինել իմ մենեջերն ու ունենալ մի ընկերություն, որն ամենաշատը կգնահատի արվեստն ու ստեղծարարությունը:

30-ում կարիերան 2-րդ պլան մղվեց, առաջնային դարձավ ընտանիքս: Շատ եմ աշխատել, որ բուժեմ վերքերս ու իմ կոտրված սրտից արվեստի գործ ստանամ, որը կկարողանար փոխել մշակույթն ու ինձնից շատ ապրել:

Բեյոնսեն


Այս տասնամյակում սկսեցի ավելի խոր լինել: 2013-ին հիմնեցի BeyGOOG-ը, որպեսզի կիսվեմ իմ փիլիսոփայությամբ: Բոլորս կարող ենք իրար համար լավն անել ու ոգեշնչել միմյանց: Տարբեր մարդկանց ենք օգնել՝ փոթորիկներից տուժածներին, ուսանողներին կրթաթոշակ տրամադրել, ՀԱՀ-ի գիտնականներին գումար հատկացրել, օգնել անապահով ընտանիքներին, լուծել խմելու ջրի խնդիրը…

Այսօրվա աշխարհը շատ է փոխվել, էլ անձնական սահմաններ չեն մնացել, ամենուր են անհիմն քննադատությունները: Եթե ինֆորմացիա չստանաս տարբեր աղբյուրներից, փակված կմնաս կեղծ իրականության մեջ: Չպետք է մոռանալ, որ աշխարհը հեռախոսային էկրաններից շատ ավելի ընդարձակ է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Harper's Bazaar

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին