78-րդ անգամ անցկացվեց ամենահին կինոփառատոններից մեկը: Վենետիկում հավաքել էին բազմաթիվ հայտնիներ ու կայացան հետաքրքիր ֆիլմերի պրեմիերաներ: Ինչպես միշտ, այս տարի էլ գլխավոր մրցանակների համար պայքարը բավական թեժ էր. հիմնական ցանկում 21 ֆիլմ էր ներկայացված: Իր ռեժիսորական նորամուտը «Կորսված դուստր» ֆիլմով նշող դերասանուհի Մեգգի Ջիլլենհոլը մրցանակ ստացավ լավագույն սցենարի համար:
Լավագույն դերասանուհին Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորած Պենելոպե Կրուսն է: Դահլիճում հաղթանակի կապակցությամբ իսպանուհուն համբույրով շնորհավորել է ամուսինը՝ Խավիեր Բարդեմը:
Պենելոպե Կրուսը
Տղամարդու լավագույն դերի համար «Վոլպիի գավաթը» ստացել է Ջոն Արսիլան՝ կոռուպցիայի մասին ֆիլիպինական «Աշխատավայրում: Անհայտ կորածները 8» ֆիլմի համար: Նա ներկա չի եղել միջոցառմանը, եւ մրցանակը հանձնվել է ռեժիսոր Էրիկ Մատիին:
Մարչելո Մաստրոյանիի մրցանակը երիտասարդ դերասան Ֆիլիպո Սքոթիինն է՝ Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը» ֆիլմում խաղացած դերի համար: Աշխատանքը նաեւ կինոփառատոնի ժյուրիի Գրան Պրիի է արժանացել:
Ֆիլիպո Սքոթին
Սորենտինոյի խոսքով՝ ֆիլմն ինչ-որ առումով ինքնակենսագրական է ու պատմում է 17-ամյա տղայի մասին, որը բոլոր ուժերով փորձում է գտնել կյանքում իր տեղը: Ֆիլմում տեղ են գտել նաեւ կարեւոր մի քանի իրադարձություններ, որոնց ականատեսն են եղել իտալացիները 1980-ական թվականներին: Դրանց թվում է Դիեգո Մարադոնայի ձեռքով հայտնի գոլը, որի պատվին էլ ֆիլմը ստացել է իր անվանումը:
Պաոլո Սորենտինոն
Հատուկ մրցանակի է արժանացել Միքելանջելո Ֆրամարտինոյի «Խոռոչ» ֆիլմը, որը ջնջել է խաղարկային ու փաստագրական ֆիլմերի միջեւ եղած սահմանը: Այն Իտալիայի քարանձավներից մեկում կատարած արշավի մասին է: Ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չեն խաղում, չկա երաժշտություն կամ էլ տեքստ:
«Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ստացել է Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»), ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորում են Բենեդիկտ Քամբերբեչն ու Քրիստեն Դանստը:
Օդրի Դիվանը
Իսկ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Օդրի Դիվանը («Իրադարձություն»): Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1963 թվականին ու պատմում են մեծ հեռանկար ունեցող ուսանողուհի Աննայի պատմությունը, որի կյանքը կտրուկ փոխվում է այն բանից հետո, երբ նա հղիանում է:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ labiennale.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: