×


«Մասնակցում են նաեւ կարճահասակ աղջիկներ». ինչպես են հայուհիները պատրաստվում սպասվելիք գեղեցկության մրցույթներին

Այս տարի «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» մրցույթներն իրենց 70–ամյակի առթիվ, ինչպես կազմակերպիչներն են նշում, աննախադեպ շքեղ կանցկացվեն նոյեմբերին եւ դեկտեմբերին, իսկ մինչ այդ տարբեր երկրներում պատրաստվում են ընտրել իրենց գեղեցկուհիներին: BRAVO.am-ն արդեն պատմել է, որ «Միսս Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ տիտղոսակիր գեղեցկուհիներ դառնալու համար Հայաստանում պայքարում է 20 աղջիկ: Մրցույթի ձեւաչափը տարբերվում է նախորդ տարիներից. առաջին անգամ թագադրման օրը մասնակիցների մասին պատմող ֆիլմ կներկայացվի, որի նկարահանման ընթացքում արված կադրերը եւ նոր մանրամասներ ենք ներկայացնում մեր ընթերցողներին:

«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը եւ մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանը եկել են որոշման, որ աղջիկներին հարկավոր է բացահայտել. հանդիսատեսը պետք է կարողանա ճանաչել նրանց:

Գոհար Հարությունյանը


«Երկու տարի է, ինչ մշակում ենք մի ձեւաչափ, որով կարող ենք ավելի շատ ներկայացնել աղջիկներին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ: Աղջիկներից շատերը ունեն լավ կրթություն, մեծ հաջողությունների են հասել բիզնեսում: Մեր կողմից սխալ կլիներ նրանց ցույց տալ պարզապես բեմի վրա քայլելիս, քանի որ հանդիսատեսն այդպիսով չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են պատրաստ երկիր ներկայացնել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում: Նշեմ, որ ունեցել ենք մասնակից, որը հասկացել է՝ ինքը դեռ պատրաստ չէ երկիր ներկայացնել: Մնացածն ավելի շատ են հասկանում պատասխանատվության չափի ու հետմրցութային բարդությունների մասին: Այս տարի բեկումնային կլինի այն առումով, որ հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակից աղջիկները շատ նպատակասլաց, հզոր եւ մեծ ապագա խոստացող աղջիկներ են: Նոր ձեւաչափի շնորհիվ գեղեցկության մրցույթների մասին կձեւավորվի այլ կարծիք»,-  նշել է Գոհար Հարությունյանը:


Աղջիկների մասնակցության չափորոշիչները «Միսս աշխարհ»-ում եւ «Միսս տիեզերք»-ում տարբեր են:

«Երբ 2017-ին սկսում էինք մեր գործունեությունը, առաջին հարցը, որ տալիս էին՝ որքա՞ն պետք է լինի հասակը: Հիմա արդեն գիտեն, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ 90-60-90-ի, ոչ էլ արտաքինի մեր պատկերացրած ստանդարտների մեջ չեն: Մրցույթին մասնակցում են նաեւ կարճահասակ աղջիկներ, որոնք եկել են ասելու՝ կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ եւ մրցունակ լինել: Ողջունում ենք տարբեր տվյալներով աղջիկների: Հստակ դրված չափանիշներից է տարիքը՝ «Միսս տիեզերքում» հարկավոր է լինել 18-28, «Միսս աշխարհ»-ում՝ 17-26 տարեկան: Մասնակիցները պետք է լինեն չամուսնացած, մյուս չափանիշներն արդեն ցանկալի են, բայց պարտադիր չեն: Շատ կարեւոր է նաեւ իրենց պատմությունը, կյանքից քաղած դասերը, ինչպես են հաղթահարել դժվարությունները ու որն է ասելիքը»,- պարզաբանել է նա:


Ժյուրիի կազմում ընդգրկված են 9 հոգի, որոնք աշխարհի տարբեր անկյուններից են: Մրցույթն անցնելու է երեք փուլով: Գոհարի խոսքով՝ ամենակարեւոր փուլը հարցազրույցն է, որի ժամանակ աղջիկները հերթով պետք է  ներկայացնեն իրենց, որից հետո սեպտեմբերի 18-ին ժյուրիի անդամներն իրենց որոշումը կկայացնեն, դե, իսկ 19-ին կգնահատեն նրանց բեմական կեցվածքը:

Սեպտեմբերի 22-ին արդեն կլինի թագադրման արարողություն եւ պարզ կդառնա, թե ովքեր են «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» մրցույթներում ներկայացնելու Հայաստանը:

Էդգար Սահակյանը


Մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանը, խոսելով միջազգային մրցույթներում մեր հնարավորությունների մասին, նշել է.«Գեղեցկության մրցույթներով Ռուսաստանում, Եվրոպայի երկրներում զբաղվում եմ արդեն հինգ տարի: Մրցույթներում հաղթում են այն մարդիկ, որոնք ունեն մեծ լսարան ու երկրպագուների քանակ: Հայաստանն այս հարցում նոր է քայլեր անում: Հաշվի առնելով այս տարի իրականացված լավ PR-ը՝ հույս ունենք, որ մենք կհայտնվենք լավագույն հնգյակում: Ամեն ինչ կախված է մարդկանց ու պետության աջակցությունից»:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Միսս Արմենիա» հիմնադրամը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին