×


Լուսանկարը՝ Համալիրի ֆեյսբուքյան էջից

Խոստովանություն երգչից եւ ամուսնության առաջարկ բեմում. Բաստայի առաջին համերգը Երեւանում

Ռուսաստանցի հայտնի երգիչ, ռեփեր Բաստայի (Վասիլի Վակուլենկո) հայաստանյան առաջին համերգն այլեւս իրականություն է. սեպտեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտ երկու տարի հետաձգվելուց հետո հնչեցին նրա սիրված երգերը։ Երեկոն իրականություն դարձավ «Prime Production»-ի նախաձեռնությամբ։

Իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ համերգի սկզբում խոստովանեց, որ արդեն մեծ է՝ 41 տարեկան, համերգի ընթացքում էլ արտասովոր ոչինչ չի լինելու, բայց րոպեներ անց բաստայական յուրահատուկ իրականություն տիրեց օդի ամեն հատվածում։

«Ես ծափահարություններ եմ ակնկալում եւ չեմ ամաչում այդ փաստից։ Համերգից ցանկանում եմ տանել լավագույն հիշողությունները: Մենք ամեն երկիր ու քաղաք գնալիս երգերի հատուկ ցանկ ենք հավաքում, իսկ Հայաստանում ես առաջին անգամ եմ, այդ իսկ պատճառով ե՛ւ հին երգերից ենք ներառել, ե՛ւ՝ նոր: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ տրամադրության համար, հենց սկբզից զգացվում է, որ տաք երեկո է լինելու», - նշել է Բաստան ու ողջ երեկոյի ընթացքում շարունակել զրույցը հանդիսատեսի հետ:

Նրա համերգների ընթացքում հաճախ բեմում արվում են ամուսնության առաջարկություններ, եւ այս հարցում Երեւանը բացառություն չէր. բլոգեր Օվսին եւ Անդո Հարությունյանն անսպասելի հրավիրվեցին բեմ։

Բաստայի երկրպագուներն իր հետ հավասար մոտ երկու ժամ երգեցին հին ու նոր բոլոր երգերը՝ «Сансара», «Моя игра» եւ այլն։ «Где мой дом» երգից հետո երգիչը նշեց՝ խաղաղություն ձեր տանը։

Չնայած Բաստային հանդիսատեսը ճանաչում է որպես ռեփ երգիչ՝ նրա երգերն աչքի են ընկնում գեղեցիկ մեղեդայնությամբ, կյանքով ու ասելիքով լի խոսքերով եւ իրեն բնորոշ հանդարտ, բայց հետաքրքիր իրականությամբ:

Երգչին հանդիսատեսը սկսել է ճանաչել, երբ նա դեռ «Կաստա» խմբի անդամ էր։ Բաստան երաժիշտ լինելուց բացի, նաեւ կոմպոզիտոր է, հաղորդավար, սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր։ 2007 թվականին հիմնադրել է «Gazgolder» լեյբլը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին