Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կյանքից հեռացել է կինոյի եւ թատրոնի դերասանուհի, արձակագիր, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը: Նա 74 տարեկան էր:
«Անահիտ Թոփչյանի տաղանդն ու հմայքը բազում սիրված դերեր են թողել հայկական թատրոնի եւ կինոյի ժառանգությունում: Դերասանուհին երկար տարիներ խաղացել է Երեւանի ամենասիրված թատրոններից՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, թատրոնի աշխարհում կերտելով մնայուն ու արժեքավոր բազմաթիվ կերպարներ:
Նրա տաղանդն ու շնորհները փայլել են նաեւ հայկական կինոյում եւ նա վայելել է հանդիսատեսի սերն ու համակրանքը:
Անահիտ Թոփչյանը հաջողությամբ ստեղծագործել է նաեւ գրական ժանրում՝ ժամանակակից հայ գրականությունը հարստացնելով ինքնատիպ ստեղծագործություններով»,- նշված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունում:
Անահիտ Թոփչյանը գրող, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի կինն էր։ Ալեքսանդր Թոփչյանը մահացել էր այս տարվա սեպտեմբերի 3-ին։
BRAVO.am-ը ցավակցում է Թոփչյանների հարազատներին, ընկերներին եւ նրանց արվեստի սիրահարներին:
BRAVO.am


×
4,813





