×


Սուրեն Թադեւոսյանի «Ռենտգեն Երեւան» ցուցահանդեսում քաղաքի կմախքն է՝ բակերով ու մարդկանցով

«Ինձ միշտ հետաքրքիր էին պատից այն կողմ պատմությունները, որոնք մենք չենք տեսնում իրականում, քաղաքի այն վայրերը, որոնց կողքով անցնում ենք, ներս էլ չենք մտնում»,- ասում է կինոօպերատոր Սուրեն Թադեւոսյանը, որ ՀայԱրտ մշակութային կենտրոնում այս օրերին ներկայանում է հեղինակային «Ռենտգեն Երեւան» ցուցահանդեսով։ Ինքնատիպ տեխնիկայի կիրառման շնորհիվ Սուրենին հաջողվել է ստանալ թվային պատկերների շարք, որ դիտողին թույլ է տալիս խաղալ սեփական երեւակայության հետ, քաղաքին ու մարդկանց նայել նոր հայացքով՝ ռենտգեն մեթոդով։  

Ցուցահանդեսի միտքը, ինչպես հեղինակն է նշում, եղել է դեռ 2019 թվականից, երբ նախորդ ցուցահանդեսից հետո սկսել է աշխատել նոր էսքիզների վրա․«Քաղաքում տեղեր կան՝ ման ենք գալիս, տեսնում ենք՝ պատ կա, դուռ կա, դալաններ կան, բայց դրանցից այն կողմ չենք էլ մտնում, նայում ենք՝ սիրուն է, անցնում ենք։ Այդպես մի օր անցնում էի Պուշկին փողոցով, մի սիրուն սպիտակ դուռ տեսա, ներսում մի տատի էր, հենց ուզում էի նայել, դուռը փակեց։ Մտածեցի՝ ինչու է պախկվում (ժպտում է,- հեղ․)։ Հետո մտքովս անցավ՝ երեւի այնտեղ ինչ-որ բան ունի պահած։ Երեւակայորեն կարծես երկրորդ շերտ տեսնեի, հետո՝ երրորդ։ Ու այդպես զարգացավ միտքը, որ կարելի է քաղաքի մեջ ինչ-որ շերտեր տեսնել ռենտգենի նման, այսինքն՝ կարողանաս նայել՝ երրորդ պլանում ինչ կա։ Պարզ է՝ դա վերածվում է երեւակայականի, թե ինչ կպատկերացնես, դառնում է արդեն քո պատմությունների շարքից»,- BRAVO.am-ի հետ զրույցում նկատում է Սուրենը։


Խոսելով կիրառած տեխնիկայի մասին՝ հեղինակը նշում է, որ իր պատկերացրած շերտերի բաժանումը չէր կարող մեկ լուսանկարով ստանալ, պիտի առանձին պատկերներ լինեին, որ կարողանար տեղաշարժել դրանք, համադրել իր երեւակայածով։ Այդպես որոշել է ամեն շերտն առանձին նկարել, ամեն տեսարանը, նույնիսկ մարդկանց։ Ցուցադրված պատկերներից մեկում, օրինակ, համբույրի տեսարան է, իսկ զույգն իրականում չի էլ հանդիպել։ Սուրեն Թադեւոսյանն ինքն է պատկերները համադրելով ստացել այդ տեսարանը․«Ինչպես մարդիկ են համացանցում շփվում, գրում են իրար, բայց իրար չեն տեսնում, կամ կոնտակտն այնքան փակ է, որ չի լինում իրար հասնել, դիպչել, ինչպես դիմակներ կրելով, այնպես էլ այս դեպքում իմ ստացած կոմպոզիցիան է։ Պերգամենտի վրա են տպված բոլոր պատկերները, որպեսզի կարողանայի այս թափանցիկ էֆեկտը ստանալ, սա խտության ամենահարմար չափն էր։ Ինչ-որ տեղերում նկարները պիտի ֆոկուսից դուրս դառնային, ինչպես ռենտգենի մեջ է։ Ի դեպ, այստեղ իսկական ռենտգեն կա՝ իմ ոտքի ռենտգենն է հենց երկաթով։ Այդ սկզբունքով էլ արված են բոլոր պատկերները»,- պատմում է նա։


Մեր դիտարկմանը, որ իր ներկայացրած երեւանյան պատկերներում գրեթե միշտ ներկա է մարդը, Սուրեն Թադեւոսյանն ընդգծեց, որ Երեւանն ավելի շատ մարդիկ են, քան շենքերը, ու քաղաքը հենց մարդկանցով է հետաքրքիր դառնում․ «Ցուցահանդեսի հիմքում հենց այդ գաղափարն է, տեսեք՝ այստեղ որքան տարբեր մարդիկ կան, ու հենց նրանցով է այս տարածքը հետաքրքիր դառնում։ Քաղաքի կմախքն այս բակերով ու մարդկանցով է կառուցվում»։


Սուրեն Թադեւոսյանի «Ռենտգեն Երեւան» խորագրով ցուցահանդեսը ՀայԱրտ մշակութային կենտրոնում բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 25-ը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին