«Ինձ համար շատ կարեւոր ֆիլմ է, այսպիսի հուզմունք երբեք չեմ ապրել ոչ մի պրեմիերայից առաջ, որովհետեւ հուսամ՝ սա բոլորիս մասին է»,- խոստովանում է դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանն իր նոր «Հայ հայը» ֆիլմի առաջին ցուցադրությունից առաջ։ Նրա հետ որպես համառեժիսոր ֆիլմում հանդես է եկել դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմը, որը նույնպես ներկա էր «Մոսկվա» կինոթատրոնում կայացած պրեմիերային եւ լրագրողների հետ զրույցում իր գործընկերոջ հետ պատմել է համագործակցության, թեմայի ընտրության ու նկարահանումների ընթացքի մասին։
«Ֆիլմի գաղափարի եւ սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է։ Մեր նպատակն այս դեպքում ոչ թե ուղղակի ֆիլմ ստեղծելն էր, այլ սա տեղի ունեցած իրադարձությունների, այսօրվա իրականության խտացման ու մեր ընկալումների պոռթկումն էր։ Մեզ հետաքրքրող ամենակարեւոր հարցն այն էր, թե ինչպիսին է այսօրվա հայը եւ ինչ անելիքներ ունի, ինչու ենք մենք պարբերաբար նույն խնդրի առաջ կանգնում, ինչու է պատմությունը կրկնվում, եւ ինչու մենք դասեր չենք քաղում այդ պատմությունից։ Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները գտնելու համար ամեն հայ նախ ինքն իր հետ պիտի միաբանվի, իր ցանկությունների, հնարավորությունների եւ իր իրականության հետ պիտի հաշվի նստի»,- մեր զրույցում ասաց Աննան։
«Հայ հայը» ֆիլմի պրեմիերային
Խոսելով որպես համառեժիսոր հանդես գալու մասին՝ նա նշեց, որ իրենք՝ ստեղծագործական թիմի բոլոր անդամներով, նախ՝ գնում էին Միքայել Պողոսյանի գաղափարի ու նպատակի հետեւից, հետո էլ՝ քանի որ ինքը պատրաստվում է իր ռեժիսորական դեբյուտը նկարահանելուն, սա հրաշալի դպրոց է համարում իր համար.«Գիտեք, խնդիրը սովորելը չէ, եթե նկատել եք, մենք առհասարակ ոչինչ չենք սովորում, միշտ նույն սխալներն ենք թույլ տալիս։ Ես այս դեպքում որպես ռեժիսոր ուղղակի դիտարկում էի արտիստին, քանի որ նա հիմնականում կադրում էր։ Ինձ համար շատ հետաքրքիր էր արտիստական այդ լայնամասշտաբ մտածողությունը։ Մենք Միքայել Պողոսյանի հետ ընկերական մեծ հարաբերություններ ունենք, բայց սա առաջին անգամ էր, որ ես իր հետ որպես ռեժիսոր էի աշխատում»։
Անդրադառնալով լրագրողների հարցին՝ Աննան նաեւ խոստովանեց, որ այժմ իրեն ավելի շատ որպես ռեժիսոր է տեսնում, քան որպես դերասանուհի. «Դերասանությամբ դու ուրիշի նախագծերում չես կարող քո ասելիքն ասել։ Իսկ ռեժիսուրայի դեպքում կարողանում ես լիովին ներկայանալ հանդիսատեսին եւ ինչ-որ կարեւոր բանի մասին խոսել, ինչը ինձ մոտ որպես դերասան առանձնապես չէր ստացվում, եթե լավ եք հիշում։ Կարծում եմ՝ ով փնտրում է, նա գտնում է։ Երեւի չէի փնտրում։ Կարծում եմ՝ ռեժիսուրան է իմը»։
Աննա Մաքսիմը
Միքայել Պողոսյանը նախընտրում է քիչ խոսել իր ֆիլմի ու թեմայի ընտրության մասին։ Պարզապես նշում է՝ յուրաքանչյուրն իր տեղում պիտի արձագանքեր հայաստանյան վերջին իրադարձություններին, ինքն էլ որոշել է այսպես արձագանքել։ Խոսելով նկարահանումների ընթացքի մասին՝ ռեժիսորը, որ ֆիլմում հանդես է եկել նաեւ որպես դերասան, ասում է՝ իր համար ռեկորդային կարճ ժամանակահատվածում է նկարահանել «Հայ հայը».«Ես ընդհանրապես ֆիլմերը նկարահանում եմ 26-30 օրվա ընթացքում, բայց այս ֆիլմը նկարվել է 11 օրում։ Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա փայլուն կազմ է հավաքվել, որ կրկնապատկել է ստեղծագործական ավյունն ու դերասանական շնորհքը։ Սերգեյ Դանիելյան, Ժիրայր Բաբազյան, Գեորգի Հովակիմյան, Տիգրան Գյուլումյան, Տրդատ Մակարյան եւ Նարինե Ալեքսանյանն այսօր պիտի ձեզ զարմացնեն։ Նարինեն Թինա Թըրներն է բեմի վրա»,- նկատեց Պողոսյանը։
«Հայ հայը» նոր գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է «Խաթաբալադա» ներկայացման 25-ամյակին ընդառաջ, արդեն մեծ էկրաններին է եւ սպասում է իր հանդիսատեսին՝ մտածելու ու երկխոսելու։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: