×


«Կարծում եմ՝ մինչ բանակ զորակոչվելը տղաները պետք է դոնորության սերմնահեղուկ հանձնեն». Արման Աղաջանյան

Արման Աղաջանյանի հետ հանդիպեցինք «Կինո Մոսկվայի» տարածքում, բայց հարցազրույցի համար այլ վայր ընտրեցինք։ Այն կինոթատրոնի ետնամասում է, Արմանի ամենասիրած վայրն է, ասում է՝ «իմ «բեսեդկան» է, որտեղ կարող եմ ժամերով նստել, հյուրեր ընդունել»։ Այս փոքրիկ, անխնամ տարածքում երեւանյան շունչ կա, ու մեր զրույցը սկսում ենք  հենց Երեւանից։

- Ինձ համար Երեւանն այլ վայր է։ Ծնվել եմ Մարատի փողոցում՝ այժմյան Սախարովի հրապարակի հետեւի մասում։ Ժամանակին այդ փողոցը բավական հայտնի էր, քանի որ այնտեղ ապրում էր մտավորականությունը։ Երբ գալիս եմ Երեւան, հենց այսպիսի տեղեր եմ ընտրում, որոնք ինձ հիշեցնում են իմ մանկությունը։ Իսկ այս վայրն իմ մանկության հոտն ունի։ Իմ Երեւանն ուներ իր գույնն ու հոտը։

- Բայց այսօր բնիկ երեւանցիներ, կարելի է ասել, չեն մնացել, կամ շատ քիչ են։ Ժամանակին ասում էին՝ «մի շքամուտք ժողովուրդ ենք մնացել» ։ Ո՞ւմից եք Ձեր կարոտն առնում։

- Երեւանցիները շուտվանից են պակասել, բայց չի նշանակում, որ այսօր լավ մարդիկ չեն ապրում, ուղղակի տեսակն է փոխվել, այլ արժեքներ են մուտք գործել։

Արման Աղաջանյանը


- Ապրում ենք Միացյալ Նահանգներում, բայց միշտ նշում եք, որ Հայաստանից չե՛ք հեռացել ու ժամանակավոր եք արտերկրում։

- Տարվա մեջ մի քանի անգամ գնում, գալիս եմ: Իմ կյանքի հիմնական շարժիչ ուժը    հայ լինելն է։ Մեռնելուց հետո էլ, եթե հանդիպեմ Աստծուն, ուրեմն անպայման պետք է պայման դնեմ իր առջեւ՝ կա՛մ ծնվում եմ հայ, կա՛մ ընդհանրապես չեմ ծնվում։ Թող կոպիտ չհնչի, բայց ես շովինիստ եմ։

- Տարիներ առաջ ներկայացրիք «Աղբի տղա» երգը, որը հայ սպային քնած ժամանակ կացինով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին էր։ Ասացիք՝ դա էլ երաժշտության միջոցով պայքար է, բողոք անարդարության ու մի ամբողջ պետության դեմ: Որոշ ժամանակ առաջ էլ «Լավաշ» երգով հայկական հացին էիք անդրադարձել...

- Տեսեք, կարեւորն ասելիքն է։ Եթե չունես, ուրեմն ոչինչ պետք չէ անել։ «Լավաշը»   փոքրիկ ակցիա էր, ուզում էինք հնարավորինս լայն շրջանակների լավաշի մասին պատմել։ Երբ 20-30 տարի հետո մեկը հայտարարի, որ լավաշն իրենցն է, մենք պետք է ասելիք ունենանք ու հակադարձենք։ Նույնը պետք է անենք դուդուկի, զուռնայի,  տոլմայի ու այլ շատ բաների դեպքում։ Մենք պետք է աշխարհին պատմենք հայկական ամեն ինչի մասին։ Այստեղ ամեն մեկս մեր գործը պետք է անենք, իսկ դրա համար պետք չէ դառնալ քաղաքական մեծ գործիչ։

Արման Աղաջանյանը


- Քաղաքական գործիչ պետք չէ դառնալ, բայց քաղաքականությունից կարելի՞ է խոսել:

- Ես քաղաքական թեմաների մասին խոսում եմ միայն իմ ընկերական շրջապատում, բայց կարող եմ ասել, որ երկիրս քաղաքական առումով սարսափելի վիճակում է։ Իսկ ընդհանրապես, եթե որեւէ թեմայի մասնագիտորեն չեմ տիրապետում, կարծիք հայտնելը սխալ եմ համարում: Բայց հայրենիքը բոլորովին այլ հարթություն է, եւ խնդիրների մասին ազատ են բոլորը խոսել:

- Չե՞ք կարծում, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել:

- Մենք ենք փոխվել, ոչ թե՝ Հայաստանը։ Չեմ կարծում՝ կա մի հայ, որն անտարբեր լինի այս ամեն ինչի նկատմամբ։ Մեր վերաբերմունքն ու տեսակն է փոխվել։ Այսօր շատ կարեւոր է, որ դրսից նայողը կոտրված ազգ չտեսնի։ Մենք պետք ցույց տանք, որ մեզ ջարդել չի լինի։ Բայց մենք այսօր շատ լուրջ  խնդիր ունենք՝ մեր գենոֆոնդի պահպանումը։ 5000 զինվորը վաղը կդառնային 1 միլիոն։ Մենք 5000 չենք կորցրել, մենք միլիոն ենք կորցրել։ Ես հնարավորություն չեմ ունեցել գտնվել նրանց կողքին, ինձ հեշտ չէ խոսել այս թեմայի շուրջ, բայց պիտի խոսենք, քանի որ նրանք կյանք ու արյուն են տվել մեզ համար։  

Արման Աղաջանյանը եւ Արմինե Գեւորգյանը


Այս միտքն ինձ հանգիստ չի տալիս։ Օրինակ՝ Ամերիկայում ծառայելու գնալիս անպայման պետք է դոնորության սերմնահեղուկ հանձնեն, որպեսզի կորստի դեպքում գենը շարունակող լինի։ Պետք է դոնորական սերմի բանկ ստեղծել։ Այսօր Հայաստանում չամուսնացած կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ, ու մայրանալու խնդրի առաջ են կանգնելու։ Այս գաղափարը պետք է կյանքի կոչել։ Երբ կինը, իհարկե, հերոսի ծնողի, բարեկամի թույլատվությամբ օգտագործի սերմը, ապա  դա միայն կխրախուսվի բոլորի կողմից։ Կարծում եմ՝ դա այժմ պետք է լինի գերագույն խնդիր՝ գենոֆոնդը պահպանելու համար։ Սա մեր վաղվա սերնդի հարցն է։ Անկեղծ եմ ասում, շատ եմ մտածում այդ ուղղությամբ, ու այս հարցը պետք է բարձրաձայնել։ Մենք անընդհատ պատերազմող երկիր ենք։ Շատ կուզեի, որ նման նախագիծ քննարկվեր ԱԺ-ում։

- Մտահոգություններդ, իհարկե, տեղին են: Ժամանակին խոսվեց այդ մասին ու կարծես թե մոռացվեց։ Հուսամ՝ սա բարձրաձայնելու մի ձեւ է։ Վերադառնանք Ձեր ստեղծագործական կյանքին։ Որտե՞ղ եք հասել:

- Արդեն 50 տարեկան եմ կամ մոտ եմ 50-ին (ծիծաղում է,–խմբ․), բայց ամեն անգամ  հաճելիորեն զարմանում եմ, երբ մինչ օրս հնչում են  20 տարի առաջ գրված իմ երգերը։ Տարիների ընթացքում շատ երգիչ-երգչուհիներ ծնվեցին ու անցան, գնացին։ Անկեղծ ասած՝ ես այդքան ուժ ու եռանդ չեմ ներդրել, այդքան չեմ աշխատել, բայց երբ  այսօր ինձ հիշում են, զանգում են եւ ինձնից երգ են խնդրում, կամ էլ հրավիրում են  համերգների, հաճելիորեն զարմանում եմ։ Վերջերս էլ նկատեցի, որ երիտասարդներն են սկսել անդրադառնալ իմ գործերին։ Տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնց հետ հաճույքով եմ աշխատում. անհնար է նրանցից մի նոր բան չվերցնել։

Արման Աղաջանյանի դուստրերն ու շունը


- Բայց ասում են՝ այսօրվա սերունդը երգում է մեկ օրվա կյանք ունեցող պատվերով  երգեր․․․

- Ժամանակին, երբ մենք երգում էինք, մեր ծնողները նույն էին ասում մեր ստեղծած երաժշտության մասին։ Նրանք երգում ու լսում էին Շերամ, Արաքս Գյուլզադյան, Խաչատուր Ավետիսյան եւ այլն։ Իհարկե, պատվերով համերգին դեմ եմ, բայց ավելի դեմ եմ թուրքամետ երգեցողությանն ու երաժշտությանը, որը շատ արմատացել է։  Անգամ երիտասարդներ կան, որ չեն կարող տարբերել թուրքականը հայկականից։ Վաղը դա խնդիր է լինելու։ Եվ հիմարություն է այն միտքը, որ ասում են՝ հանդիսատեսն է պահանջում։ Հանդիսատեսին ինչ տաս, այն էլ ընդունում է։ Շատ հեռու չգնանք, նայենք քաղաքական դաշտը, ինչ տալիս են, այն էլ լայն զանգվածն ուտում է։ Նույն էլ մշակույթն է։ Լավ բան տաս, լավը կվերցնեն, վատ բան տաս՝ վատը։ Մի բառ սկսում ես շատ օգտագործել եւ այն սկսում է լայն զանգվածներին կլանել։ Բոլորն այսօր սկսել են այնպիսի բառեր օգտագործել, որ երբեւէ չենք լսել, կամ քիչ ենք գործածել։ Եվ քաղաքական գործիչը, որը չունի հռետորի բնատուր տաղանդ, հատուկ  դասընթացների շնորհիվ սկսում է օգտագործել այնպիսի  բառեր, որոնք կազդեն մարդկանց վրա։ Ու դու տեսնում ես, որ ամբողջ ազգ հիպնոսացած ծափ է տալիս, թե ինչ խելոք բան ասաց:

Արման Աղաջանյանի ընտանիքը


- Ընտանիքում Ձեր գործը շարունակող կա՞:

- Մեծ աղջիկս, որ 13 տարեկան է, դասական երաժշտություն է գրել, իսկ փոքրս այլ պատմություն է։ Չգիտեմ՝ ինչ մասնագետ է դառնալու, բայց ինչ անում է, ուղղակի շշմեցնում է։ Օրինակ՝ վերջերս մեծ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը՝ հիմնված իրական պատմության վրա: Այն ներկայացնում է հայոց հզոր թագավոր Վարազդատին, որը մասնակցում է օլիմպիական խաղերին եւ հաղթում: Այդ ֆիլմը հայերենից թարգմանվեց անգլերեն, ու  բոլոր ձայնավորողներն ամերիկացիներ են, բացի աղջկանիցս՝ Ալեքսանդրա Աղաջանյանից: Բոլորը զարմացել էին՝ ինչպես կարողացավ 4 օրվա գործն անել 4 ժամում: Նկարում է խելագարվելու աստիճան լավ, չնայած՝ նկարչության չի գնացել։ ֆանտաստիկ լսողություն ունի, հաճախում է լատինաամերկյան պարերի ու էլի պրոֆեսիոնալ պարում է։ Կիթառի է հաճախում։ Մի խոսքով՝ ինչ անում է, շատ լավ է անում, ու թե ինչպես է ամեն ինչ հասցնում, միայն ինքը գիտի:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW