×


Լուսանկարը՝ Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառման պաստառը

Ինչու ֆրանսահայերից շատերը բոյկոտեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումը՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին

Անցած շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզում նշեց ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր, սցենարիստ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 100-ամյակը։ Երեկոյի ընթացքում «Pasdeloup» նվագախմբի կատարմամբ հնչել են Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ, իհարկե, արվեստագետներ։ Ֆրանսահայ համայնքի որոշ կազմակերպություններ եւ անհատներ, սակայն, չեն մասնակցել միջոցառմանը՝ որպես բողոքի նշան միջազգային այս կազմակերպության դեմ։

Փարիզի «Չոբանյան ինստիտուտը», որը Եվրոպայի, Փոքր Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի անկախ հետազոտական կենտրոն է, բաց նամակ էր հղել՝ նշելով, որ հայերը պետք է բոյկոտեն միջոցառումը՝ մատնանշելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմնակալ վերաբերմունքը հայերի նկատմամբ եւ անտարբերությունը, երբ Նախիջեւանի խաչքարերը փոշիացվեցին, նաեւ նամակում հարց է հնչում, թե «ի՞նչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020թ.-ի արցախյան պատերազմի ընթացքում, եւ ի՞նչ է անում հիմա՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հայկական բազմահազար ժառանգությունը պաշտպանելու համար, որտեղ զինվորականները զվարճանում են՝ քանդելով եկեղեցիները եւ դատարկելով իրենց զենքերը խաչքարերի վրա»:

Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը եւս չի ընդունել հրավերը, նա մեզ հետ զրույցում պատմեց, որ երկու պատճառ կա, որոնք իրեն խանգարել են ներկա գտնվելու իր ավագ ընկերոջը նվիրված միջոցառմանը։

«Ես Անրի Վերնոյի հետ աշխատել եմ եւ նրա ընկերն եմ եղել՝ իբրեւ երիտասարդ դերասան եւ սփյուռքահայ, հարգում եմ նրան եւ իր արած աշխատանքը, բայց չեմ կարող ընդունել, որ իր 100-ամյակը տոնվի այս ձեւով։ Չգնացի, որովհետեւ չեմ հասկանում, թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարվում այս միջոցառումը, ինչո՞ւ է Հայաստանը մասնակցում այս արարողությանը։ Ի՞նչ կարծիք ունենք մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին, ի՞նչ հարցեր ենք տալիս նրանց, ի՞նչ նրանք չեն անում այս հետպատերազմյան շրջանում։ Ես հարցեր եմ տալիս եւ դրա համար չեմ մասնակցում»- նշեց արվեստագետը։

Սերժ Ավետիքյանի կարծիքով՝ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակն այլ մասշտաբով եւ այլ կենտրոնների կողմից պետք է նշվեր, քանի որ նա պարզապես համայնքի գործիչ չի եղել, այլ ֆրանսիական կինոյի դեմք։ «Վերնոյի 100-ամյակը կարող էր նշել, օրինակ, Ֆրանսիայի կինոկենտրոնը կամ իր հետ աշխատած այլ կառույց։ Նա Ֆրանսիայի քաղաքացի էր, նա իր անունը չի թողել որպես Աշոտ Մալաքյան, նա թողել է որպես Անրի Վերնոյ, ինչքան էլ իր կյանքի վերջին ժամանակաշրջանում պայքարել է հայերի համար։ Չեմ հասկանում՝ ինչու այս արձագանքը պետք է չլինի Ֆրանսիայի մասշտաբով, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որը Հայաստանին «նվեր» է տալիս այսպիսի մի երեկո, այսպիսով փակո՞ւմ են փակագիծը»,-հարցեր է հնչեցնում արվեստագետը։

Լուսանկարը՝ Սուրեն Թադեւոսյանի Սերժ Ավետիքյանը


Ֆրանսահայ կինոռեժիսորը շեշտում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելությունը չի կատարում եւ պետք է անհապաղ հետաքրքրվի Արցախի մշակութային ժառանգությամբ։

«Չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանի դեսպանատունը հրավերներ ուղարկում հայկական համայնքին, ինչպես ինձ եւ շատերին, անհասկանալի է ինձ համար։ Արդեն մեկ տարի է՝ հաճախ հիշեցնում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին, որ պետք է նստել  կառույցի տնօրեն Օդրե Ազուլեի դիմաց եւ շատ լրջորեն խոսել եւ հարցնել, թե երբ չորս հոգու ուղարկեցին Բաքու, որոնք պետք է Արցախ գնային՝ լուսանկարելու եւ տեսանկարահանելու, նաեւ ցուցակ կազմելու, թե որ եկեղեցիներն են այնտեղ եւ ինչ վիճակում են, ինչո՞ւ այդ առաքելությունը չկատարվեց։ Նրանց ներկայացուցիչները գնացին Բաքու, մնացին այնտեղ, քանի որ թույլ չտվեցին, որ գնան Արցախ։ Իսկ դա նշանակում է, որ գուցե նրանք ստացան ծրարներ, կերան խավիար եւ հանգիստ հետ եկան ահագին գումարներով։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչինչ չասաց, չնշեց, թե ինչու այդ առաքելությունը չստացվեց։ Եվ հայերն իրենց կողմից օրինական ձեւով ոչ մի կերպ չհարցրին, թե ինչու չկատարվեց այդ առաքելությունը։ Ես որպես Ֆրանսիայի քաղաքացի իմ հարկերից որոշ գումար վճարում եմ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ես իրավունք ունեմ հարցնել, թե այդ կազմակերպությունը կոնկրետ ի՞նչ է անում, երբ վտանգի տակ է դրված Արցախի պատմամշակութային ժառանգությունը»,- նշում է նա։

Հայրենիքի հարցերով մտահոգ արվեստագետը շուտով Հայաստան կմեկնի՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին եւ հայաստանյան իր ծրագրի՝ դրամատիկական արվեստանոցի դասընթացների մեկնարկը տալու համար։ «Եթե այսպես շարունակվի, Հայաստանը շարունակելու է դատարկվել, եւ այս ծրագրերը, որ մենք անում ենք դրա դեմ պայքարելու համար է նաեւ։ Երիտասարդներին ցանկանում ենք նվիրել մեր փորձը, որպեսզի չփախչեն։ Կառավարությունն այս իմ ծրագրի հետ կապված ոչ մի կոպեկ չի տվել, ոչ մի քայլ չի արել։ Քաղաքական առումով եւս սփյուռքին բանի տեղ չեն դնում, բայց պետք է հասկանալ, որ սփյուռքում եւս կա մշակույթ, կան մարդիկ, որոնք պայքարում են եւ օգնում են։ Սփյուռքահայերին բանի տեղ չդնել կամ միայն իրենց օգտագործել որպես հայրենասեր, դա էլ է մեծ թերություն, իրենց տեղ չտալ, որ կարողանան մասնակցել Հայաստանի սոցիալական կյանքին, նշանակում է՝ ոչ մի բանի տեղ չդնել, սա է շատ ցավալի»,-իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Սերժ Ավետիքյանը։

Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին