×


Նարեկ Բավեյանը՝ հոր, պատերազմի, կնոջ եւ սիրո դրսեւորումների մասին

Երգիչ Նարեկ Բավեյանը «Սիրուց առավել»  տեսահոլովակի թողարկումից հետո  տեւական ժամանակ լռություն էր պահում։ Լռում էր ոչ թե այն պատճառով, որ չէր  երգում, չէր աշխատում, այլ անիմաստ էր համարում որեւէ նոր երգ ձայնագրել ու տեսահոլովակ ներկայացնել, այն դեպքում, երբ չկար տրամադրություն։ Սակայն որոշ ժամանակ առաջ նրա սոցցանցային էջերում հայտնվեցին նոր հոլովակից կադրեր ու երգից հատվածեր։ Զրույցը սկսում ենք նոր նախագծերի ու ծրագրերի մասին խոսելուց։

- Ես չեմ կորել, պարզապես այս երկու տարիների ընթացքում, կարծում եմ, իմաստ չկար նոր գործ ներկայացնելու, քանի որ շատ լուրջ ու ողբերգական պատճառ կար՝ պատերազմը։ Չեմ կարողանում հասկանալ որեւէ երգչի, որ այդ ընթացքում սիրտ է  ունեցել երգի։ Կհիշեք, որ Նոր տարվա օրերին բացվեցին ժամանցի վայրերը, բայց կտրուկ հրաժարվեցի երգել, անգամ մերժեցի իմ մշտական աշխատավայրի առաջարկը։ Վերքը շատ թարմ էր, ու չէի կարող դուրս գալ բեմ։

- Նարեկ, տեղյակ եմ, որ այդ օրերին զբաղվում էիր կամավորական աշխատանքով, բայց չես սիրում այդ մասին խոսել։

- Հիմա էլ չեմ խոսելու, քանի որ իմ արածը ոչինչ էր տղաների արածի դեմ։ Դա ինձ համար պարտքի գիտակցում էր, շատ-շատ փոքրիկ ծառայություն էր։ Ուղղակի բանվորություն եմ արել։ Երբեմն ամբողջ օրը մինչեւ լուսաբաց ոտքի վրա եմ եղել. սնունդ ենք փաթեթավորել ու հաճելի է եղել այն գիտակցումը, որ իմ ձեռքով փաթեթավորված սնունդը զինվորների համար է։ Էլի եմ կրկնում՝ իմ արածը ոչինչ էր տղաների արածի դիմաց։ Մի լուրջ բան արած լինեի՝ ուրիշ։


- Նարեկ, իսկ հիմա տրամադրության փոփոխություն կա՞:

- Անկեղծ ասած՝ ինձ զարմացնում է մարդկանց թեթեւությունը։ Իհարկե, հիմա շատերը կասեն՝ ես չէ, որ պետք է խոսեմ, քանի որ ամեն օր տմբըլ-տաշի մեջ եմ, բայց դա իմ աշխատանքն է։ Ինչեւիցե մեծ հույսեր ունեմ, որ մենք աստիճանաբար կվերադառնանք բնականոն կյանքին։ Հուսամ՝ ինչ-որ մի ձեւ կլուծվի այս հարցը։ Չնայած՝ արդեն ինչ-որ ձեւ լուծվել է՝ ի վնաս մեզ։ Հուսանք՝ հետագայում ուժ կունենա մեր երկիրը ու կվերականգնի կորցրածը։ Մի բան պատմեմ, պատերազմի այդ օրերն էին, պատշգամբում կանգնած եմ, տղաս եկավ ու միանգամից՝ «Պապա՛, բայց մեր զինվորների կյանքն ավելի կարեւոր էր։ Ափսոս էին մեր զինվորները, իրենք գնացել են Աստված պապիկի մոտ, ավելի լավ էր՝ մնային, ապրեին»։ Զարմացել էի, քանի որ իր հետ ոչ-ոք պատերազմի մասին չէր խոսել, մեր տանն անգամ չէր քննարկվել այդ հարցը՝ տղաների կյանքն էր կարեւոր, թե՞ հողը, քանի որ այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի։

- Արցախյան առաջին ազատամարտի տարիներին փոքր ես եղել, բայց գիտեմ, որ լավ հիշում ես, քանի որ հայրդ շարժման առաջամարտիկներից է եղել, ու դու դրա մասին երբեք չես խոսել։ Նա հերոսական ուղի է անցել ու կարեւոր ռազմագործողություններ ղեկավարել։ Այսօր խախտե՞նք այդ լռությունը:

- Պապային շատ քիչ եմ տեսել։ Այն տարիներին, երբ դառնում էի գիտակից երեխա ու հորս կարիքը շատ ունեի, նրան հաշված օրեր էի տեսնում։ Նա պատերազմում էր  առաջին իսկ օրերից, այն ժամանակ անգամ, երբ պատերազմը սահմանում չէր: Վիտյա Այվազյանը մահացել է հայրիկիս ձեռքերի մեջ։ Այ, այդ ժամանակից սկսած՝ շարժման մեջ է եղել։ Երասխ, Ավետարանոց, Զանգակատուն, Ելփի... Հետո նրանք     ընկերներով հիմնեցին զորամաս, կոչեցին իրենց ընկեր Մարատ Խաչատրյանի անունով, որը զոհվել էր Երասխում։  Հիշում եմ, երբ հնարավոր էր լինում, պապան ինձ տանում էր այդ զորամաս։ Ու ես բանակային կյանքին ծանոթ եմ եղել դեռ  փոքրուց։ Ի դեպ, ծառայել եմ բանակում առանց որեւէ արտոնությունների։ Իսկ հայրս մինչեւ հիմա էլ չի սիրում խոսել ու պատմել այդ օրերի մասին։ Բայց իր զինակից ընկերների հետ շատ կարեւորագույն օպերացիաներ է ղեկավարել։ Ազատագրել է  դիրքեր, ու չգիտեմ՝ հիմա այդ դիրքերը մեր տարածքում են, թե՝ չէ...
 

Արմինե Գեւորգյանը եւ Նարեկ Բավեյանը


- Այս պատերազմի օրերին հայրիկիդ հետ քննարկո՞ւմ էիք իրավիճակը։

- Գիտես, միշտ ոչ միանշանակ եմ վերաբերվել թախտին նստած վերլուծություններ անողներին, օրինակ՝ շատ լուրջ դեմքով կարող են ասել, որ գիտեն, թե Պուտինն ու Բայդենն ինչ են պայմանավորվել, եւ այլն։ Բայց հայրս այլ է, նա պատերազմ ու հետպատերազմյան ճանապարհ անցած, վաստակ ունեցող զինվորական է։ Ամբողջ ընթացքում ասում էր, որ սա կռվի նման չէ։

- Նկատել եմ, որ որդուդ հետ հաճախ լուրջ զրույցներ ես ունենում, չնայած՝ ընդամենը 5 տարեկան է: Խոսում ես հերոսներից,  գրողներից, ճանաչված մարդկանց կյանքից։

- Մարկի հետ մեծ սիրով եմ զբաղվում։ Գլոբուս, քարտեզ ենք ուսումնասիրում։ Խոսում ենք նկարիչներից, գրողներից։ Օրինակ, թղթադրամներն օգտագործում ենք որպես ակնառու մարդկանց ճանաչելու միջոց՝ Թումանյան, Չարենց, Վիկտոր Համբարձումյան, բայց Աբգար թագավորին չի ճանաչում (ծիծաղում է,-խմբ․): Փորձում եմ հասկանալ՝ ինչ է սիրում, ինչ հետաքրքրություն ունի։ Մի օր ասում է՝ աճպարար է դառնալու, մի օր էլ՝ ոստիկան։ Ասում եմ՝ այդ երկուսն իրար շատ նման են. ոստիկանը լավ աճպարար է։

- Երկու երեխայի հայր ես, օրդ ինչպե՞ս է սկսվում:

- Հրաշալի, երեխաներիս հետ։ Մեկը գալիս, թռնում է վրաս, մյուսը չի կարողանում, բայց շատ է ուզում։ Իհարկե, մեծ տղաս փոքրին խանդում է, բայց շատ սիրում է։ Վերջերս մի տեղ էինք գնացել, ու ավանդական անիմաստ հարցը տվեցին՝ պապային է ավելի շատ սիրում, թե՞ մայրիկին, պատասխանեց՝ եղբորը: Մեր առօրյան շատ  ծանրաբեռնված է։ Կինս բալետի արտիստ է։ Նա արդեն աշխատում է։ Բայց մենք օգնում ենք իրար:  

- Իսկ խանդը ձեր ընտանիքի հետ կա՞պ ունի, եթե հաշվի առնենք նաեւ տարիքային  տարբերությունը, երկուսիդ հանրային մարդ լինելը։

բեմի մարդ եմ, ի՞նչ խանդեմ բալետի արտիստին։ Հակառակը՝ ասում եմ՝ տնից մեկը բարձր արվեստով պետք է զբաղվի, մյուսը՝ ժամանցային։ Իհարկե, չի նշանակում, որ սառն ենք միմյանց հանդեպ ու մեզ համար միեւնույն է, թե ինչ կլինի դիմացինի հետ։ Եթե պարի ու ծաղիկներ ստանա տղամարդուց, հաստատ իմ մեջ մի բան կշարժվի ու   անպայման կհարցնեմ՝ այդ ո՞վ էր, նույն էլ՝ ինքը։ Բայց ամեն ինչ խելամտության սահմաններում։

Նարեկ Բավեյանը


- Ռոմանտիկ ամուսինների՞ց եք, օրինակ՝ սուրճ անկողնում:

- Չէ, սուրճ անկողնում ոչ մեկս էլ չենք պահանջում: Ավելին՝ մենք առավոտյան սուրճ չենք խմում։ Շատ նման ենք իրար։ Այնպես է ստացվել, որ ծնվել ենք կենդանակերպի նույն ամսում եւ տարում, քանի որ 12 տարվա տարբերություն է։ Այդ մուսի-պուսի բաները երկուս էլ չենք սիրում։ Իհարկե, սիրո դրսեւորումներ միանշանակ կան, բայց այդ չափից ավելի ռոմանտիզմը մեզ համար չէ: Մի խոսքով՝ Ռոմեո եւ Ջուլիետ չենք։ Եթե մի օր մտնի տուն ու ասի՝ «Օ՜, սիրելիս, քո կարոտից իմ սիրտը տրաքում էր», ես մի 30 րոպե հաստատ բարձր կծիծաղեմ, նույնն էլ՝ ինքը։

- Վերադառնանք մեր զրույցի սկզբին ու խոսենք ծրագրերից:  

- Նկարահանել եմ տեսահոլովակ ու հուսով եմ, որ լավ է լինելու ամեն ինչ։ Երգի հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Անժելա Բարխուդարյանը։ Գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը։ Նկարահանվել է Լաստիվերում, ռեժիսորը Գրիգոր Դավթյանն  է։  Կոչվում է՝ «Моя  Мариа, կամ Մարիա միա»։ Զարմանալի է, որ իմ կյանքում երբեւէ Մարիա չի եղել ո՛չ սիրուհու, ո՛չ էլ կնոջ կարգավիճակում։ Ու տրամաբանական  կլիներ, որ լիներ «Моя Кристина»:


- Իսկ Քրիստինան չհարցրեց՝ ով է Մարիան, թե՞ գիտի քո բոլոր կանանց անունները:

- Չէ, ինքը գիտի իմ բոլոր երգերն ինչպես են ծնունդ առել։ Օրինակ, հիմա Մաշ Իսրայելյանի հետ զուգերգ ենք ձայնագրել, ու այդ երգն էլ հետաքրքիր պատմություն ունի։ Ու պարտադիր չէ, որ իմ գրած երգերը կապ ունենան ինձ հետ։  

- Վախենում ես ինչի՞ց:

- Պատերազմից:

- Ափսոսո՞ւմ ես:

- Անիմաստ կորցրած ժամանակի համար։

- Թույլ  կողմերը:

- Երբեմն շուտ եմ բռնկվում:

Նարեկ Բավեյանը


- Ուժեղ կողմերը:

- Վերջերս հասկացա, որ կարողանում եմ ներել։

- Ինչի՞ն կամ ո՞ւմ ես հավատում:

- Գրքին այդքան էլ չեմ հավատում, բայց Աստծուն հավատում եմ։


Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին