×


Բոնդի մասին նոր ֆիլմի երեւանյան հատուկ ցուցադրությունն ու դեսպան Գալագերի դիտարկումը

Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ՝ «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը մի քանի անգամ հետաձգվելուց հետո արդեն համաշխարհային կինովարձույթում է եւ ցուցադրվում է նաեւ Հայաստանում։ Այդ առիթով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը ֆիլմի դիտում էր կազմակերպել «Սինեմա Սթար» կինոթատրոնում՝ հրավիրելով գործընկերներին, քաղաքական, հասարակական ու մշակութային ոլորտների ներկայացուցիչների։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի դիտմանը, լուսանկարել է հյուրերին, զրուցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ եւ հետաքրքիր մանրամասներ առանձնացրել ֆիլմի մասին։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը


«Ջեյմս Բոնդն իրապես Միացյալ Թագավորության մշակութային խորհրդանիշերից մեկն է, եւ ես կարծեցի՝ լավ առիթ է, որպեսզի հայ հանդիսատեսը ֆիլմի միջոցով ծանոթանա Միացյալ Թագավորությանը։ Սա նաեւ բրիտանական ստեղծարարության մի մասնիկն է, եւ հույս ունեմ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ կներշնչվեն եւ ավելի մեծ հետաքրքրություն կունենան Միացյալ Թագավորության նկատմամբ, ինչո՞ւ չէ, նաեւ կայցելեն։ Հույս ունեմ՝ Հայաստանում բոլորը հնարավորություն կունենան տեսնել այս ֆիլմը, որովհետեւ սա իսկապես Միացյալ Թագավորության լավագույն գովազդն է»,- մեր զրույցում նկատեց դեսպան Գալագերը։


25-րդ ֆիլմի գլխավոր դերում կրկին հանդես է գալիս բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը Բոնդին մարմնավորում է 2006 թվականից։ Կինոսերների կարծիքով՝ նա լավագույն ու ամենախարիզմատիկ դերակատարն է, որ յուրաքանչյուր հաջորդ թողարկմանն ավելի սպասված է անմահ հերոսի՝ գործակալ 007-ի կերպարում։ Ֆիլմի մյուս դերերում Քրեյգի հետ հանդես են գալիս դերասաններ Ռամի Մալեքը, Լեա Սեյդուն, Անա դե Արմասը, Լաշանա Լինչը, Բեն Ուիշոուն եւ այլք։


«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում Ջեյմս բոնդը ժամանակավորապես թողել է ծառայությունը եւ հանգիստն է վայելում Ճամայկայում։ Արձակուրդն ընդհատվում է, երբ նույն կղզում հայտնվում է նրա վաղեմի ծանոթը՝ ԿՀՎ-ից Ֆելիքս Լեյթերը, որ եկել էր օգնություն խնդրելու գործակալ 007-ից։ Պարզվում է՝ առեւանգված գիտնականին փրկելու առաքելությունն ավելի վտանգավոր է, քան ենթադրվում էր ամենասկզբում, եւ Բոնդը հայտնվում է Սաֆին անունով խորհրդավոր չարագործի թակարդում։

Ջեյմս Բոնդի վտանգավոր նոր արկածներին կարող եք հետեւել արդեն երեւանյան կինոթատրոնների մեծ էկրաններին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին