×


«Սկիզբը կլինի անսպասելի ու ինչ-որ առումով անբացատրելի». մանրամասներ՝ «Բռնիր ձեռքս» նոր սերիալից

«Բռնիր ձեռքս»՝ այսպես է կոչվում Սամվել Թոփալյանի, Դավիթ Հակոբյանի, Մարիամ Ադամյանի, Անելյա Գուբրյանի, Լիա Զախարյանի, Մուրադ Նադիրյանի, Սոֆյա Պողոսյանի եւ այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր սերիալը, որը մոտ մեկ ամսից կլինի «Նոր Հայաստան» ՀԸ-ի եթերում:

Նախագծի ռեժիսորը դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, որը սերիալի մեկնարկից որոշ ժամանակ անց նաեւ կնկարահանվի: Սցենարը գրում է Անի Մաղաքյանը, որի հետ էլ խոսել ենք նոր հեռուստանովելի մասին:

«Առաջարկը ստացել եմ Աշոտ Տեր-Մաթեւոսյանից։ Հանդիպեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ գաղափարակիցներ ենք, երկուսս էլ ուզում ենք լավ գործ անել։ Աշոտը տեղում հաստատեց պատմությունս, որը բանավոր մի քանի բառով ներկայացրել էի։ Հաջորդ օրվանից սկսեցինք աշխատել»,-նշել է սցենարի հեղինակը:


Անիի խոսքով՝ զուգահեռ աշխատում է մի քանի նախագծի վրա եւ դա իր համար դժվարություն չի առաջացնում.«Իմ աշխատանքային ողջ փորձի ընթացքում գրեթե չի եղել շրջան, երբ աշխատեմ միայն մեկ նախագծի վրա, ինձ համար սա սովորական ու սիրելի ռիթմ է։ Մեկ նախագծից մյուսին անցնելիս հանգստանում եմ, կարծես օրս նոր է սկսել։ Այնպես որ, մեկը մյուսին չեն խանգարում»:

Սցենարիստը նշել է՝ «Բռնիր ձեռքս» սերիալի պատմությունը շատ հետաքրքիր իրավիճակով է սկսվում.«Անսպասելի ու ինչ-որ առումով անբացատրելի։ Փորձել եմ սյուժեի մեջ ներառել ե՛ւ հումորային իրավիճակներ, ե՛ւ հերոսների դրամատիկ բարդ հոգեվիճակներ։ Պատմությունը երիտասարդ աղջկա եւ տղայի մասին է, որոնց կյանքը մեկ հանդիպումով փոխվում է»:


«Գլխավոր դերերը ստանձնել են հեռուստադիտողին դեռեւս անհայտ դերասաններ»,-ասել է Անին եւ շեշտել.«Բոլորովին նոր դեմքեր են, եւ ուրախ եմ, որ երիտասարդ, սկսնակ դերասաններին հնարավորություն է տրվում կարեւոր դերերում լինել»:


Հետաքրքրվել ենք՝ արդյոք սցենարը գրելիս առաջարկում է դերասանների իր թեկնածուներին.«Իհարկե, բայց հետագայում փորձում եմ շատ չխառնվել ռեժիսորի ընտրությանը։ Ինձ ուղարկում են վիդեոփորձերը, կարծիք եմ հայտնում, բայց որոշումը ռեժիսորինն է։ Սկսում եմ ակտիվ փնտրել, երբ որեւէ կերպարի համար հարմար դերասան կամ դերասանուհի չեն գտնում, փորձում եմ օգնել, գուցե մեկին ես գիտեմ, որին իրենք չեն նկատել, եւ հաճախ գտնում եմ այդ միակին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աշոտ Տեր-Մաթեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին