×


Արաքսյա Մելիքյանը՝ կատարված երազանքի, վախի եւ նոր կերպարով ներկայանալու մասին

Արաքսյա Մելիքյանի աշխատանքային կյանքում բուռն շրջան է՝ Սունդուկյանի անվան թատրոնում պրեմիերա, 16 մասից բաղկացած հեռուստանովել, սիթքոմի նկարահանումներ, ինչպես նաեւ մասնակցություն միջազգային փառատոնների։ BRAVO.am-ը դերասանուհու հետ զրուցել է սպասվելիք նորությունների մասին, եւ ոչ միայն։

«Իշամեղու» ներկայացման մասին

Վերջին երկու ամիսներին առանց չափազանցնելու մեկ ժամ անգամ չունեի հանգստանալու համար։ Նյարդերս ու կենսական էներգիան աշխատում էին «SOS» ռեժիմի տակ, բայց այնպես չէր, որ ես այդ ամենից հաճույք չէի ստանում. հրաշալի է, երբ աշխատանքդ սիրում ես ու քաղում դրա պտուղները։ Դեռ տարվա սկզբին Սունդուկյանի անվան թատրոնում սկսել էինք Շառլոտա Ջոնսի «Իշամեղվի վերադարձը» պիեսի բեմականացման աշխատանքները, որի ռեժիսորը Դավիթ Հակոբյանն է։ Մարմնավորում եմ Ռոզիի կերպարը։ Փորձերը գերագույն հաճույք էին, չէ՞ որ կատարվել էր ուսանողուհի Արաքսյայի երազանքը՝ զրոյից դեր ստեղծել Նելլի Խերանյանի հետ, ունենալ տաղանդավոր խաղընկեր, ինչպիսին Արմեն Քուշկյանն է, խաղալ հմուտ ու փորձառու Ռոբերտ Հարությունյանի, Լեւոն Ավետիսյանի, Ջուլիետա Բաբայանի հետ։


«Խեղդվողին թթվածին հասցնելու պես մի բան էր»

Փորձերին, նկարահանումներին եւ կրկնօրինակումներին զուգահեռ այս տարի ավելացան նաեւ հյուրախաղերը. «Դեկամերոն» ներկայացմամբ առաջինը մեկնեցինք Ռումինիայի Սիբիու քաղաք՝ մասնակցելու արտակարգ կազմակերպված թատերական փառատոնին, որը մրցութային չէր, հետո մասնակցեցինք Լեհաստանի Բելոստոկ քաղաքում անցկացվող «Ուղղությունը դեպի արեւելք» թատերական փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակին։ Տպավորություններն աննկարագրելի էին, մեզ ընդունում էին ամենաբարձր մակարդակով ու ջերմությամբ: Հայաստանյան վերջին ծանր իրադարձություններից հետո, երբ արվեստի նկատմամբ բացարձակ անտարբերությունն էր, սա, իհարկե, խեղդվողին թթվածին հասցնելու պես մի բան էր։ Հնարավորինս արդյունավետ օգտագործեցինք մեզ հասանելիք ժամանակը եւ կարողացանք այցելել թանգարաններ, մշակութային արժեք ունեցող հաստատություններ, եկեղեցիներ։



«Առաջին սիրո երգը» ֆիլմի մասին

Նկարահանվել եմ Հանրային հեռուստաընկերության 16 մասից բաղկացած «Առաջին սիրո երգը» ֆիլմում՝ մարմնավորելով հայտնի Արսեն Վարունցի տիկնոջը՝ Ռուզաննա Վարունցին։ Առաջարկը ստացել եմ Արամ Շահբազյանից, ճիշտ է՝ ֆիլմում իմ մասնակցությամբ դրվագները քիչ էր, բայց առանց երկմտելու համաձայնեցի։ Ռեժիսորը Արամ Շահբազյանն է, հիմնական խաղընկերս Խորեն Լեւոնյանն է, որը մարմնավորում է Արսեն Վարունցին, իսկ մեր որդու դերում հանդես է գալիս Արմանը Մաթեւոսյանը։

Չի կարելի եւ անիմաստ է համեմատել անցյալի ընդունված խաղաոճն ու ներկայինը։ Անկեղծ ասած՝ այլեւս լուրջ չեմ վերաբերվում մերօրյա համացանցային քննադատությանը, սեփական մաշկիս վրա եմ զգացել դրանց անհեթեթության աստիճանը։ Իսկ իրականում լուրջ ու արժեքավոր ցանկացած կարծիք ու քննադատություն կարելի է լսել իսկական փորձառու մասնագետներից, որոնք հստակ գիտեն մասնագիտականի ու անձնականի սահմանները։


«Բլբուլյանները» սիթքոմի մասին

Կտրուկ ժանրային անցում եմ կատարել սիթքոմի՝ զուգահեռ նկարահանվելով Արման Մարությանի նոր՝ «Բլբուլյանները» հումորային նախագծում։ Դա ինձ համար կտրուկ ու վախերով լի անցում էր, սակայն, ինչպես եւ սիրտս գուշակել էր, թիմն ուղղակի արտակարգ է, ինչն ինձ համար ամենակարեւորն է, աշխատում եմ հրաշալի մարդկանց հետ, որոնք ստեղծում են ընտանեկան մթնոլորտ։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին