×


«Նույն տարածքում ստացել ենք 14 տարբեր տաղավարներ». ինչպես է նկարահանվում «Նոն Ստոպ LIVE»-ը

Առաջին ալիքի եթերում մեկնարկել է աշնանային նոր եթերաշրջանը, որը նվիրված է հեռուստաընկերության 65-ամյակին։ Այդ առիթով նկարահանվում ու ներկայացվում են բազմաժանր նոր հաղորդումներ՝ գիտաճանաչողականից մինչեւ մարզական ու երաժշտական։ Ժամանցային հաղորդումների շարքում արդեն հասցրել է սիրվել «Նոն Ստոպ LIVE» համերգաշարը, որ ամեն շաբաթ հեռուստադիտողին է ներկայացնում հայտնի ու սիրված խմբերի, արտիստների ու երաժիշտների կենդանի կատարումները։ Թե ինչպես է հաջողվել նույն տարածքում տասնչորս տարբեր տաղավարներ ստանալ առանձին ձեւավորմամբ, ինչպես են նկարահանվել համերգները, եւ որ կատարողներն են հանդես գալիս «Նոն Ստոպ LIVE»-ի շրջանակում, BRAVO.am-ը պարզել է հաղորդման հեղինակների հետ զրույցներում։

«Հրավիրել ենք Հայաստանում գործող ամենահայտնի ու սիրված կատարողներին։ Նրանք բարձրակարգ կենդանի հնչողությամբ համերգներ են ներկայացնում իրենց երգացանկի սիրված գործերից։ Ներառել ենք ժանրային առումով տարբեր երաժիշտների՝ ջազից մինչեւ ռոք, այդ թվում՝ «Project LA», «Բամբիռ», «Ջազնավուր», Գարիկ եւ Սոնա, Արամ Mp3, Իվետա Մուկուչյան, Սրբուկ, «Ռեինկարնացիա», «Armenian Navy Band», «MVF Band», «Գաթա» բենդ, «Լավ էլի», «Նեմրա», Գոռ Սուջյան (One Man Band)։ Ուզում ենք՝ Հանրայինն այսօր պահանջված եւ սիրված երաժշտական համարների սեփական արտադրություն ունենա։ Փորձում ենք Առաջին ալիքի հեռուստադիտողին վայել երաժշտություն մատուցել»,- մեր զրույցում նշեց հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանը։



Հատկանշական է, որ այս համերգներին ներկա են եղել միայն այն երաժշտասերները, որոնք նախապես խնամքով ընտրվել են հաղորդման ստեղծագործական թիմի կողմից։ Այսինքն՝ մարդիկ անձամբ են հայտեր լրացրել՝ համերգներին մասնակցելու համար.«Առաջին ալիքը հայտարարություն էր տարածել իր սոցիալական ցանցերի միջոցով, որ հրավիրում է ներկա գտնվել նշված երաժիշտների համերգներին։ Եվ նրանց երկրպագուները գրանցվում էին, երբեմն այնքան մեծ էր լինում հայտագրվողների քանակը, որ ստիպված էինք նրանց ինքնակենսագրություններով ընտրել։ Բայց կարեւորն այն է, որ շատ բարձր էր մասնակցությունը, եւ ստիպված չեղանք դիմել քասթինգային ծառայությունների»,- ընդգծեց Օհանյանը։


Նրա խոսքով՝ ընտրվել են այն երաժիշտներն ու կատարողները, որոնք այսօր հետաքրքիր ասելիք ու մեծ լսարան ունեն, եւ մարդիկ վստահաբար կմիացնեն հեռուստացույցը՝ նրանց ելույթները կենդանի հնչողությամբ լսելու համար.«Եթե հետո հասկանանք՝ կան երաժիշտներ, որոնց բաց ենք թողել կամ երաժիշտներ, որոնց չի հարմարվել մասնակցել համերգաշարին, գուցե անդրադառնանք, բայց այս պահին սա ավարտուն շարք է՝ 14 համերգից բաղկացած։ Հույս ունենք՝ հեռուստադիտողը կգնահատի մեր ստեղծագործական անձնակազմի ջանքերը, ինչպես նաեւ այն բարձրակարգ երաժշտությունը, որ փորձում ենք մատուցել»։



«Նոն Ստոպ LIVE»-ի բոլոր համերգների ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, որը նկարահանող թիմի հետ կազմակերպչական ու նախագծային բարդ գործընթացների արդյունքում է ստացել 14 տարբեր տաղավարներ՝ յուրօրինակ միջավայրերով ու ձեւավորմամբ։ Հիմնական առանձնահատկությունն էլ եղել է ուղիղ եթերի ձեւաչափով համերգներ նկարահանելը, որոնք ավելի շատ տեսահոլովակային են, քան՝ համերգային:


«Ավելի շատ բարդ է եղել նրանով, որ ժամանակ չենք ունեցել երկար նախապատրաստվելու. ամեն օր նոր նկարահանում էր արվում, եւ ամեն օր մոտ տասը ժամ ունեինք՝ ամբողջ բեմը փոխելու համար։ Ամեն կատարողի համար առանձին ձեւավորում էր արվում, դեկորացիաներ էին ավելանում-պակասում, տեխնիկական լուծումներն էին փոխվում՝ ամեն արտիստին հարմար միջավայր ստեղծելու համար։ Նախագծի ամբողջ գաղափարն այն է, որ բացի ուղիղ եթերի ձեւաչափով նկարահանելուց, պիտի նաեւ փորձեինք տվյալ արտիստի համար հարմարավետության գոտի ապահովել։ Հանդիսատեսի շարքերում էլ հենց իրենց երկրպագուներն էին։ Նկարահանման սխեման ընդհանուր առմամբ նախագծված էր, այդքան բարդ չէր բուն ընթացքը, որքան նախապատրաստական աշխատանքը։ Եվ սխալվելու հնարավորություն էլ գրեթե չկար, որովհետեւ կենդանի համերգ էր, այսինքն՝ դադարներ գրեթե չեն եղել, միայն տեխնիկական ինչ-որ մեծ խնդրի դեպքում»,- ասաց Արամայիսը։



«Նոն Ստոպ LIVE»-ի շրջանակում արդեն եթեր է հեռարձակվել երեք թողարկում՝ «Project LA», «Բամբիռ», «Ջազնավուր» խմբերի կատարմամբ։ Ամեն շաբաթ կարող եք հետեւել նախագծի համերգներին, իսկ առաջիկայում Առաջին ալիքի եթերում կլինեն երաժշտական ու ժամանցային նոր հաղորդումներ, որոնցից ամենասպասվածի մասին նույնպես BRAVO.am-ը շուտով հետաքրքիր մանրամասներ կներկայացնի։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին