×


Վիշապաքաղ Վահագն եւ Հայկ Նահապետ կերտած Կառլեն Նուրիջանյանին նվիրված ֆիլմ է նկարահանվել

Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ պրոդյուսեր Պետրոս Լագեսյանի «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ստեղծման մտահղացումը Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանինն է։ Ֆիլմը ներկայացնում է հայ մշակույթում քանդակագործի վաստակն ու ներդրումը։

Կառլեն Նուրիջանյանի առաքելությունը մեր հերոսապատումները գալիք սերունդներին փոխանցելու մեջ էր եւ հենց այդ համատեքստում քանդակագործը հեղինակել է «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ.) եւ այլ գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։


Կինոնկարում Կառլեն Նուրիջանյանի մասին են պատմում նրա ընկերներն ու հարազատները՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մենապարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանը, քանդակագործ, դրվագող Ներսես Չարխչյանը, նկարիչ, քանդակագործ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, արվեստաբան Արմեն Առուստամյանը, գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, Կառլեն Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանը։ Ներկայացնում են Նուրիջանյանի անցած դժվարին ուղին, պատմում նրա չիրականացված ծրագրերի՝ հատկապես «առասպելների այգու» մասին:


«Մեր նպատակն էր ֆիլմի միջոցով ոչ միայն հարգանքի տուրք մատուցել քանդակագործին, այլեւ էլ ավելի ճանաչելի դարձնել գործչին ու նրա անունը։ Գործչի, որին թեեւ անունով քչերն են ճանաչում, որը, սակայն, մեծ հետք է թողել հայկական մշակույթում, եւ որի կերտած քանդակները մեր երկրի արժեքավոր զարդերն են»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը։ Նա հատուկ շեշտեց, որ Նուրիջանյանի՝ Մովսես Խորենացուն նվիրված մեծադիր կոթողն անհետացել է, եւ ֆիլմի հեղինակները հորդորում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն այդ արձանի մասին, տեղեկատվություն փոխանցել իրենց։ Ֆիլմի ստեղծողները հույս ունեն գտնել նաեւ այդ բացառիկ հուշարձանը։


Կինոգետ Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը երկու նպատակ ունի՝ վառ պահել Նուրիջանյանի հիշատակը եւ վերականգնել հիշողությունը՝ բացահայտելով Նուրիջանյանին բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն նրա գործունեությանը։

Ֆիլմի շնորհանդեսը ուղեկցվեց ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի կատարումներով։ Նա ընդգծեց, որ մենք պետք է մեծարենք ու հիշենք մեր մեծերին՝ արժանին մատուցելով նրանց։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին