×


«Մտավախություն կար, որ գուցե ինձ այս ոճում չընկալեն». Սյուզաննա Մելքոնյանը նորություն ունի

«Ну-ка, все вместе!» մրցույթի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը նոր տեսահոլովակ ունի: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացել է երգի ստեղծման պատմության, հաղթանակից հետո կյանքում տեղի ունեցած փոփոխությունների եւ պլանների մասին:

«Լուսնի վրա» ստեղծագործության  հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, որի անկեղծ ցանկությունն է եղել Սյուզաննայի հաղթանակից հետո նրան երգ նվիրել:

«Րաֆֆի հետ պատահաբար հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերներից մեկի տարեդարձի ժամանակ: Նա մոտեցավ, շնորհավորեց եւ ասաց, որ ինձ նման երգչուհու համար, որը միշտ աչքի է ընկել իր հզոր վոկալով, ցանկանում է ավելի մեղմ ու քնքուշ երգ գրել: Միջոցառումից շատ չանցած հանդիպեցինք, ցույց տվեց երգի նախնական տարբերակը, եւ չնայած առաջին իսկ հնչյուններից զգացի երգը, մտավախություն կար, որ հանդիսատեսը գուցե ինձ այս ոճում չընկալի:



Երբ ավարտեցինք երաժշտական մասի աշխատանքները, հասկացանք, որ երգը պետք է տեսահոլովակ ունենա: Համագործակցեցինք մեր լավ ընկերոջ՝ Վազգեն Ծատինյանի հետ: Աշխատեցինք շատ արագ ու արդյունավետ, եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ այս գործն իսկապես սիրվեց: Ինձ շատ հուզել էր հատկապես մի նամակ, որում երկրպագուհիս խոստովանել է, որ իրեն հիշեցրել եմ լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանին. դա ինձ համար շատ հաճելի եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող համեմատական էր, քանզի ինքս էլ նրա մեծ երկրպագուն եմ»,-պատմել է երգչուհին:

Հաղթանակից հետո սա Սյուզաննայի հայերեն առաջին աշխատանքն է: Երգչուհին նշում է՝ չի ցանկանա լքել հայրենիքը, այնուամենայնիվ, չի բացառում նաեւ ռուսական շուկայում գործունեություն սկսելու տարբերակը:

«Ռուսաստանից բազմաթիվ հրավերներ եմ ստանում՝ տարբեր մրցույթ-փառատոններում որպես ժյուրիի անդամ ներկայանալու, հենց այս ամիս պետք է մեկնեի «Большая сцена» փառատոնին, սակայն այստեղ իմ եւ բենդիս աշխատանքն այնքան հագեցած է, որ չկարողացա ժամանակ գտնել: Այս ամենը կիրագործեմ նոր տարում. հենց փետրվարին «Ну-ка, все вместе!»-ի բացումը պետք է անեմ՝ որպես հաղթող, կլինեմ նաեւ ժյուրիի կազմում»:

Սյուզաննա Մելքոնյանը


Նախագծում հաղթանակի հասնելը, Սյուզաննայի խոսքով, ամենաբարդը չէր, իսկ ի՞նչն այդ դեպքում.«Ես հասկացա, որ դրված նշաձողը պահելն է ամենաբարդը, այդ իսկ պատճառով ամեն օր աշխատում եմ ինձ վրա: Հաղթանակից հետո շատ բան փոխվեց. շրջապատս ավելի մեծացավ, չնայած՝ չեմ մոռանում թունավոր մարդկանց իմ շրջանակից հեռացնել, եւ ի վերջո, հասկացա, որ հանդիսատեսի սիրուց ու ջերմությունից ավելի ոչինչ չկա»:

Ամփոփելով՝ երգչուհին անդրադարձավ նաեւ առաջիկա պլաններին.«Հիմա գրաֆիկս շատ անկանխատեսելի է, բացի այդ էլ՝ ես մարդ եմ, ով չի սիրում նախապես խոսել: Այնուամենայնիվ, վերակազմավորել եմ խումբս, որի վրա էլ հիմա կենտրոնացրել եմ ուշադրությունս. առաջիկայում ունենք կորպորատիվ շատ միջոցառումներ, եւ ոչ միայն: Շատ մտքեր կան, ժամանակը ցույց կտա»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյուզաննա Մելքոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին