×


«Սխալը սխալի հետեւից». Ջոլիին հորդորում են փոխել ոճաբանին

Վերջին շրջանում Անջելինա Ջոլին հաճախ է հայտնվում կարմիր գորգին՝ շարունակելով ներկայացնել Marvel-ի «Հավերժները» ֆիլմը: Թենայի կերպարը մարմնավորելու համար դերասանուհին տարատեսակ մարզումներ է անցկացրել սրերով ու վահաններով եւ բալետի դասերի հաճախել:  

Ամեն անգամ ֆիլմի ցուցադրություններին մասնակցելիս Ջոլին փորձում է ցույց տալ իր կերպարի որեւէ կողմը: Լոս Անջելեսում նա Balmain-ի զգեստով ու դեմքին ամրացված հատուկ զարդով էր, ու բոլորը նրան այլմոլորակային համարեցին:

Իտալիայում ֆիլմի պրեմիերայի համար որոշեց արծաթագույնն ընտրել: Դրանում նրան օգնեց Versace-ն. զգեստը պատվերով հատուկ Ջոլիի համար է կարվել: Ցուցադրությանը նա նորից եկել էր դուստրերի՝ 16-ամյա Զահարայի ու 15-ամյա Շեյլոյի հետ:


Կերպարը նորաձեւության մասնագետներին այնքան էլ չի հիացրել, պատճառը Ջոլիի մազերն են: Արծաթագույն ընդգրկուն զգեստը երկրորդ մաշկի տպավորություն է թողել, կերպարը վատ չի ստացվել, սակայն Ջոլիի տեսքը փչացրել են արհեստական երկարացրած մազերը: Հատկապես կողքից արված լուսանկարներում հստակ տարբերվում են դերասանուհու սեփական մազերն ու արհեստականները:

Անհաջող սանրվածքը համացանցում միանգամից ամենաքննարկված թեման է դարձել: Ոճաբանները նշել են, որ նման մազեր արդեն գրեթե ոչ մեկը չի կրում: Հիմա ավելի նորաձեւ է դարձել բնական գեղեցկությունը:


Այդ բացթողումը չէին հասցրել մոռանալ, երբ նորը եղավ: Հռոմի կինոփառատոնում «Հավերժների» ցուցադրությանը Ջոլին ներկայացավ Ralph Lauren-ի սեւ զգեստով՝ մերկացնելով մեկ ուսը: Գեղեցիկ սանրվածքը, Bvlgari զարդերն ու դիմահարդարումը կատարյալ էին: Այս անգամ էլ քննադատության առարկա դարձան կոշիկները, որոնք նորաձեւ էին 2010 թվականին:

«Սխալը սխալի հետեւից»,- անհանգստացան մասնագետները: Ոմանք սոցցանցերում միանգամից գրեցին, որ դերասանուհին պետք է փոխի իր ոճաբաններին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Harper's Bazaar, Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին