×


Համազգայինում նորից գարուն է. սիրառատ ներկայացման պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Մինչ Երեւանում անձրեւոտ ու մռայլ եղանակ էր, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում իսկական գարուն էր: Ամերիկացի գրող Օ. Հենրիի հինգ նովելները տարվա եղանակների պես հաջորդում էին իրար «… եւ նորից գարուն» ներկայացման պրեմիերային: Ամեն ինչ սիրո շուրջն էր պտտվում, իսկ դերասանների հիանալի խաղը, գեղեցիկ զգեստներն ու երաժշտական նուրբ ձեւավորումը մոռացնել տալիս, թե որտեղ ենք գտնվում:

BRAVO.am-ը եղավ նաեւ հետնաբեմում, զրուցեց դերասանների ու ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ:

«… եւ նորից գարունը» սկսվում է հացի խանութում, որտեղ գլխավոր կերպարները Արմինե Անդրեասյանն ու Վարշամ Գեւորգյանն են: Նրանք շատ յուրահատուկ են պատմում իրենց դերերի մասին:
Անդրեասյան. 40-ամյա միայնակ կնոջ եմ մարմնավորում, որն իր համար սեր է հորինում ու ապրում դրանով: Ընդամենը սիրո հույսը ծաղկեցնում է նրան եւ իր աշխարհը, լսվում է սրտի բաբախյունը: Մենք չենք վախեցել մի քիչ սենտիմենտալ լինել. հատկապես հիմա դրա կարիքը կա, եւ փորձել ենք մարդկանց մեջ նորից հույս ու սեր արթնացնել: Պետք է չվախենանք զգալ, սիրտը բացել զգացմունքի առջեւ եւ հոգատար լինել: Ամբողջ ներկայացումը սիրո դրսեւորումների մասին է: Երբ կերպարները սիրահարվում են, գետնից կտրվում են, եւ ռեժիսորը դա ցույց տալու համար յուրահատուկ եղանակ է գտել:


Գեւորգյան. Ներկայացումը լավ տրամադրություն ու հույզեր կփոխանցի եւ, իհարկե, սեր՝ ցույց տալով, որ այն միշտ գալու է: Շատ էսթետիկ ներկայացում է, հաճելի երաժշտական ձեւավորումն էլ՝ ժամանակակից ու գեղեցիկ:
Ես լրացնող կերպար եմ՝ սիրո օբյեկտն եմ, մեր հատվածում գլխավորն Արմինեն է, որը սիրահարվում է: Ավելի հետաքրքիր է, թե ինչ է կատարվում նրա սրտում: Նրա համար աշխարհում ամեն ինչ փոխվում է ու լրիվ այլ գույներ ստանում: Այդ ռոմանտիկ տրամադրությունն ինձ վրա էլ է իջել, վերջերս սկսել եմ երգել, պարել, մտածում եմ՝ «… եւ նորից գարուն»-ի ազդեցությունն է:


Համբույրով ջերմացած ձմեռ

Սիրահար զույգերից մեկին մարմնավորում են Նարեկ Բաղդասարյանն ու Տաթեւ Հովակիմյանը, որոնք հանուն սիրո ամեն ինչի պատրաստ են: Նրանց տարվա եղանակը թեեւ ձմեռն է, բայց իրենց էներգիայով ու համբույրով միանգամից ջերմացրին բեմը:

Հովակիմյան. Այն հայտնի պատմության հերոսներն ենք, որում աղջիկը կտրում է մազերն, իսկ տղան՝ վաճառում ժամացույցը, որպեսզի կարողանան միմյանց համար նվերներ գնել:


Բաղդասարան. Տղան իր սիրելիի համա սանրեր է գնում, իսկ նա արդեն մազեր չունի, ու ժամացույցի շղթա նվեր ստանում: Մենք շատ նուրբ, սիրատոչոր, սիրահույզ ու սիրաթրթիռ հատված ենք խաղում:

Այն հինգերորդը

Ներկայացումն ինչպես սկսվում, այնպես էլ ավարտվում է գարունով, իսկ իրենց տարվա 5-րդ եղանակում անկրկնելի են խաղում Տաթեւ Ղազարյանն ու Սերգեյ Թովմասյանը:

Ղազարյան. Իմ Կլարան շատ ազնիվ, բարի ու սիրո կարոտ մի կին է, որին անգամ մեկ քնքուշ բառը երջանկացնում է ու երկինք բարձրացնում: Ապրումներն ու հույզերը պրեմիերայից առաջ տարիների հետ ավելի են սաստկանում: Երիտասարդ տարիքում պատասխանատվության չափն ամբողջությամբ չես հասկանում, իսկ հիմա, երբ արդեն ունես որոշակի ճանաչում ու վայելում ես հանդիսատեսի սերը, չունես սխալվելու իրավունք:

Նույնչափ հուզված ու անհանգիստ էր նաեւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանը: Խոստովանում է, որ այդքան նուրբ ներկայացում դեռ չէր ստեղծել:

Գրիգորյան. Շատ լարված եմ, որովհետեւ հանդիսատեսի ներկայությամբ է բեմադրությունը ծնվում: Այն կարթնացնի ապրելու մեծ ցանկություն, ցույց կտա, որ սիրելն ու անձնազոհությունը մեր ամենամեծ որակներն են, որոնք կարող են յուրաքանչյուրիս նորից վերածնունդ բերել՝ մեր ազգին ու մեր թատրոնին: Երիտասարդ դերասաններ են խաղում, որոնք առաջին անգամ են այս բեմ բարձրացել, նրանց համար նոր գարուն է, մեզ համար՝ կրկին գարուն: Պատերազմից հետո շատ դժվար ոտքի կագնեցինք, այդ խորհուրդն էլ կա, որ նորից գարուն բերենք մարդկանց:


Ներկայացումը բեմադրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, եւ դեսպան Լին Թրեյսին եւս ներկա էր պրեմիերային:

Թրեյսի. Շատ ուրախալի է, որ համազգային թատրոնի հետ այսպիսի գործընկերություն է ձեւավորվել: Այն խորհրդանշում է թատրոնի 30-րդ թատերաշրջանը, Հայաստանի անկախության եւ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 30-ամյակները: Կարծում եմ՝ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին