×


Քեշիշյանի հուզմունքը եւ Խաչատրյանի խոստովանությունը՝ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությանը

Շուրջ 30 տարի անց հանդիսատեսի համար կրկին բաց է Կինոյի տան արդեն հիմնանորոգված մեծ դահլիճը, որտեղ կայացավ Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը: Աշխարհում ընդունված այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար, այդպիսով տալիս նեղ մասնագիտական գնահատական:


«Մասնագետներն արժեւորում են միմյանց աշխատանքները, ինչը շատ կարեւոր է: Բոլորս պետք է փորձենք օգնել իրար՝ ոլորտի կայացման ու ձեւավորման համար: Միջոցառումը պետք է կայանար դեռեւս 2018-ին, սակայն հայտնի պատճառներով հետաձգվեց, արդյունքում ընգրկվել են նախորդ երեք տարիների աշխատանքները: Դիտարկվում են բոլոր այն ֆիլմերը, որոնք արտադրված են այստեղ կամ համատեղ»,- նշեց կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արման Միտոյանը:

Գիլդիաների մրցանակաբաշխությունը նախատեսում են իրականացնել երկու տարին մեկ: ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իր վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը:


«Վերջին շրջանում կատարվածից հետո, երբ մեր կորուստները շատ-շատ են, դժվար է, հուսահատեցնող, բայց մենք ապրելու եւ ստեղծագործելու իրավունք ունենք: Ստեղծելով պետք է առաջ գնանք, որ վերադարձնենք կորցրածը, հաղթահարենք ու զարգանանք: Գիլդիաների նպատակն է, որ ոլորտի մասնագետները կապի մեջ լինեն իրար հետ ու կարողանան քանդել այս անհասկանալի թնջուկը, որը կոչվում է հայկական կինո, որտեղ ոչ ոք ոչ ոքի չի սիրում, բոլորն իրար համարում են անտաղանդ, բոլորն իրենց համարում են հանճարեղ: Կարծում եմ՝ բոլորն էլ տաղանդավոր են ու հրաշալի ֆիլմեր են ստեղծել»,-ասաց Հարություն Խաչատրյանը:


Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հրաչ Քեշիշյանը՝ «Անատոլիական պատմություն» ֆիլմի համար: Նա նշեց, որ մրցանակն իր ընկերոջ՝ սիրված երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյինն է.«Նա շատ ֆիլմերի համար է երաժշտություն ստեղծել... Ծանր տարի ենք ապրել, որի ընթացքում կորցրել ենք մեծանուն մարդկանց։ Ոչ միայն պատերազմը, այլ նաեւ համավարակը մեզնից խլեց տաղանդավոր մարդկանց»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանին եւ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյանին հանձնվեց պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»:



Միջոցառման ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր, իսկ մրցանակակիրների ամբողջական պատկերն այսպիսին է.

Կինոպրոդյուսերների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):


Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր» ):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»)

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»)


Կինոօպերատորների գիլդիա


Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»)

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»)

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»)

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»)

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արեւ, սարեր եւ սեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW