«Մա՛մ, դու էլ պարի». հիշեցի՞ք «Երջանկության մեխանիկա» ֆիլմի դրվագը, երբ Սոնան երեխաների հետ հյուր էր գնացել Ռուբենին։ Մինչ փոքր քույրն ու սրտնեղած եղբայրը լուռ նստել էին թախտին, Աննան ինքնամոռաց պարում էր Ժո Դասենի «Տակա, տակատա» հիթի ներքո։ Թեեւ հայկական սիրված ֆիլմի փոքրիկ հերոսուհուն հանդիսատեսն այլեւս չտեսավ մեծ էկրանին, նա տեսախցիկից մինչ օրս չի բաժանվել։ Մասնագիտությամբ ռեժիսոր Մանանա Հակոբյանը ոչ միայն վավերագրական ֆիլմեր է նկարում, այլ նաեւ հայտնի է իր հեղինակային «Ծագումով հայեր» հաղորդաշարով։
- Ֆիլմում երեխաներից ամենաակտիվը Ձեր կերպարն էր, քանի որ Սոնայի մյուս աղջիկը բավական փոքր էր, իսկ տղան այն տարիքում էր, որ դժկամությամբ էր ընդունում մոր անձնական կյանքի փոփոխությունները։ Կյանքո՞ւմ էլ էիք այդքան աշխույժ, թե՞ կարողացել էիք մտնել դերի մեջ։
- Հայրս (Հրանտ Հակոբյան-խմբ.) ֆիլմի երկրորդ ռեժիսորն էր, եւ քանի որ ֆիլմի ամբողջ անձնակազմը՝ սկսած Ներսես Գեդեոնիչից (ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյան-խմբ․), ինձ ճանաչում էին, բոլորը միաձայն համաձայն են եղել, որ պետք է փորձեմ այդ դերը։
Մանանա Հակոբյանը հայրիկի՝ Հրանտ Հակոբյանի հետ
- Դա Ձեր առաջի՞ն դերն էր կինոյում։
- Չէ, դեռ հինգ տարեկանում եմ նկարահանվել ֆիլմում. Վիոլետա Գեւորգյանի ֆիլմն էր, որը, չգիտեմ, թե ինչ պատճառներով, եթեր չհեռարձակվեց, կոչվում էր «Ամենալավ մարդը»։ Դրանից հետո եղավ «Երջանկության մեխանիկա»-ն եւ էլի փոքր-մոքր բումերանգներ։
- Իսկ «Երջանկության մեխանիկա»-ում նկարահանվելու ժամանակ քանի՞ տարեկան էիք։
- Դպրոցական էի՝ ութ տարեկան, լավ հիշում եմ ոչ միայն իմ դրվագները, այլ նաեւ բոլորինը։ Չեմ մոռանա, երբ մի անգամ Ներսես Գեդեոնիչն ասաց՝ «Այ Ալլա, լավ էլի, էս ութ տարեկան երեխային մի դուբլից նկարում ենք, քեզ հետ տառապում ենք» (ծիծաղում է,-խմբ.): Շատ սիրում էի նկարահանումները, ապրում էի դրանով, այդ պատճառով դերը շատ հեշտ էր տրվում։ Նկարահանումը մոտ մեկ տարի տեւեց։ Իմ դերերն այնքան շատ չէին, բայց միշտ մասնակցում էի նկարահանումների: Պապայի հետ համառորեն միշտ գնում էի եւ ասում՝ խաղամ-չխաղամ, պետք է գամ նկարահանման հրապարակ։
- Փաստորեն, Ձեր մանկության վառ դրվագներից է։
-Հավատացեք՝ հա։ Այդպես էլ պետք է լիներ․ ծնված ես կինոյում՝ այդպիսի ընտանիքում, առանձին մի կտոր չի, որ այսօր կանչեցին, նկարեցին, ուռա՜, ծափահարեցին, ու գնացիր։ Չէ, միշտ եմ դրա մեջ եղել:
Մանանա Հակոբյանը
- Իսկ հետո Ձեր ճանապարհն ինչպե՞ս շարունակեցիք։
- «Երջանկության մեխանիկա»-ով հիացած էի, իհարկե: Ինձ բոլորը ճանաչում էին, դրանից շատ լավ էի զգում։ Նկարահանումները, պրեմիերան, կինոաշխարհի այդ ընթացքը տպավորում եւ ֆիքսվում է մեջդ: Եվ երբ հայրիկիս ասացի՝ ուզում եմ դերասանուհի դառնալ, ասաց՝ ոչ մի դեպքում, կտրականապես դեմ է, շան տանջանք է։ Արդեն Թատերական ինստիտուտի քննություններին էի պատրաստվում, բայց պապան համառեց։ Ու թեեւ 20 բալ ստացա դերասանի վարպետությունից, ռեժիսուրայի ֆակուլտետ գնացի։ Հետո տարվեցի ֆրանսերենով, տարկետում վերցրի, մեկնեցի Ֆրանսիա։ Այնտեղ կինոդպրոցի մի քանի դասեր անցա, վերադարձա ու շարունակեցի ուսումս: 1993-ին գնացի, 1995-ին եկա, ամուսնացա, զավակ ունեցա, այդ ընթացքում ավարտեցի ինստիտուտն ու ամբողջովին կտրվեցի կինոաշխարհից․ աշխատում էի բանկում, ֆինանսների նախարարությունում, որն ինձ հետ ոչ մի կապ չուներ։
- «Ծագումով հայեր» հաղորդման ծնունդը կարո՞ղ ենք ընդհատված ստեղծագործական ուղու շարունակությունը համարել։
- Հաղորդման հիմքը 2004-ին դրվեց։ Շնորհակալ եմ Արծվի Բախչինյանին, որի գրքի հիման վրա ստեղծեցինք համանուն հեռուստատեսային ծրագիրը: Դաժան աշխատանքներ էին աշխարհով մեկ. գտնում էինք լեգենդար եւ հայտնի հայերի, որոնք նույնիսկ չգիտեինք, որ հայ են։ Հաղորդումն ինձնից մեծ միջոցներ, ջանքեր էր պահանջում։ Այնքան բարդ օրեր եմ ունեցել, որ չեք էլ պատկերացնի։ Բայց հիմա, երբ անցել են այսքան տարիներ, ասում եմ՝ դեռ կարողանում եմ այս երեխային պահել, իսկ ինձ համար այն երկրորդ բալիկ է։ Ոչ թե բիզնես էր, եկամտի աղբյուր, այլ սեր դեպի կինոն, էկրանը։ 400-ից ավելի հաղորդում արդեն նկարել եմ։ Նաեւ վավերագրական ֆիլմեր եմ նկարում։ Նոյեմբերի 30-ին շատ ծանր պրեմիերա ունեմ Լոս Անջելեսում։ Արցախի թեմի 30-ամյակին նվիրված ֆիլմ է, կոչվում է «Սպիտակ խաչի պաշտպանը», եւ գլխավոր հերոսը Պարգեւ սրբազանն է։
Մանանա Հակոբյանը ֆիլմ է նկարահանել Պարգեւ սրբազանի մասին
- Իսկ Ձեր բանկային կարիերան այդպես էլ ավարտվե՞ց։
- Իհարկե, դա ընդամենը ժամանակաշրջան էր, երբ պարզապես պետք էր աշխատել, կյանքի տված հարվածներին դիմակայել:
- Ձեր մարմնավորած կերպարի ընտանիքում չկար հայրիկը, կային մայրիկը, քույր եւ եղբայրը։ Իսկ Ձեր ընտանիքի մոդելն ինչպիսի՞ն էր։
- Ծնողներս նույնպես կինոռեժիսորներ են՝ Հրանտ Հակոբյան եւ Ռուզաննա Հակոբյան, նաեւ իմ սցենարիստն է մայրս, հայրս մինչեւ հիմա աշխատում է վավերագրական ֆիլմերի ասպարեզում։ Եղբայրս՝ Վարդան Հակոբյանը, ինձնից շատ ավելի առաջ գնաց կինոասպարեզում. ավարտեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, հետո ընդունվեց հոլիվուդյան կինոակադեմիան։ Շատ նպատակասլաց է, եւ կարծում եմ՝ տաղանդավոր ռեժիսոր է։ Գիտեք իր ֆիլմերը՝ «Պլատոն», «Իմ անունն է երջանկություն»․․. Աղջիկս նույնպես թատերական ինստիտուտն է ավարտել, պրոդյուսեր է, այսինքն՝ ճյուղերը շարունակվում են։ Ի դեպ, օրեր առաջ էլ տատիկ դարձա, կարծում եմ՝ նա էլ մեր ուղղությամբ կգնա (ծիծաղում է,-խմբ.)։
Մանանա Հակոբյանը
- Ձեր ֆիլմային ընտանիքի հետ կապերը պահո՞ւմ եք։
- Այո՛, իհարկե, բոլորի հետ՝ ե՛ւ Ռազմիկ Մանսուրյանի, ե՛ւ Ալլա Թումանյանի․.. Միասին խնջույքների ենք գնում, հազար ու մի բան. միշտ կապի մեջ ենք։ «Երջանկության մեխանիկա»-ն իմ մանկության ամենալուսավոր, ամենահիշարժան կետն է։ Ռազմիկ Մանսուրյանը որոշել էր, եւ մենք ոգեւորվել էինք իր գաղափարով, որպեսզի «Երջանկության մեխանիկա 2» լինի, բայց քանի որ Հրաչ Քեշիշյանը նույն անվանումով սերիալ է նկարել, ուզում ենք հասկանալ խնդիր կարո՞ղ է առաջանալ, թե՝ ոչ։ Այդ հարցը հիմա ուզում ենք վերանայել, որպեսզի լինի շարունակությունը ֆիլմի հերոսներով։ Լիլիթ Խաչատրյանը՝ Հարություն Խաչատրյանի աղջիկը, որը ֆիլմում իմ քույրն էր, երբ իմացավ գաղափարի մասին, ոգեւորվեց, ասում է՝ ինքն առաջինն է գալիս։ Այնպես որ, «Երջանկության մեխանիկա»-ն չի ավարտվել ու գնացել. դրանք մեր կյանքի լավագույն օրերից էին։
Զրուցեց՝ Անահիտ Փիլոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանանա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: