×


«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

Բակի հին տաղավար ու հարազատ դեմքեր, հին թեմաներ եւ հումորներ, նոր ժամանակաշրջան, անսպասելի ու զվարճալի զարգացումներ. նոյեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մեր բակը 25 տարի անց» Ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգի վրա սիրված հերոսները խոսում էին լավագույն հուշերի թարմացման մասին, իսկ նոր կերպարների համար կարեւոր էր իրենց մասնակցությունը: Ռեժիսորի պատասխանատու գործը ստանձնած Արշո Հարությունյանը եւս հուզված էր։

«Կարծում էի՝ ամենապատասխանատու պահն այն էր, որ ստացա ֆիլմը նկարահանելու առաջարկը, հետո ինձ թվաց՝ նախապատրաստական փուլն է ամենապատասխանատուն, հաջորդիվ ամեն փուլն ավելի պատասխանատու էր թվում, բայց հասկացա, որ ամենապատասխանատուն հենց հիմա է, երբ հազարավոր մարդիկ դիտելու են մեր աշխատանքն, ու շատ հետաքրքիր է՝ ինչ հույզեր կունենան։ Պահպանել ենք «մերբակյան» կոլորիտը, որը հարազատ է բոլորիս: Վստահ եմ՝ մարդկանց դուր է գալու, քանի որ 25 տարի անց կրկին հյուր են եկել սիրված հերոսները»,-ասել է ռեժիսորը։


Լալան, Հրանտն ու Աշոտը նոր գաղափար ունեն, որի իրագործման միջոցներն ու ճանապարհները խճճված ու արտասովոր են, իսկ նրանց գործերին սկսում են միջամտել նոր կերպարները՝ Արուսը, Պոնչը, հայերեն խոսող չինացիները եւ այլք:

«Այս ֆիլմն այնքան խորհրդավոր է. ես, Լալան ու Հրանտը միշտ լավ ընկերներ ենք եղել, բայց «Մեր բակ»-ից հետո դարձել ենք հարազատներ: Շատերն էին հարցնում, թե երբ կլինի չորրորդ ֆիլմը, հիմա այնքան ուրախ եմ, որ կարողացանք այդ մարդկանց պահանջը բավարարել: Մենք էլ էինք կարոտել երեւանյան այդ օրերին, որոնց մեջ այնքան համ ու հոտ կա։ Կուզեի՝ մեր այսօրվա երիտասարդությունն էլ այդպիսի մի սիրուն կյանք ունենա: Շատերն ասում են՝ նախորդներին չի հասնի, բայց ի՞նչ գիտեք. ինձ բոլորն էլ դուր են գալիս»,- նշել է Աշոտ Ղազարյանը:


Ամիսներ առաջ BRAVO.am-ին ֆիլմի նկարահանումների մասին պատմելիս պրոդյուսերները խոստացել էին, որ ֆիլմը նոստալգիկ, բայց նորովի, ինչպես նաեւ երաժշտական կլինի. հիշվող, ժպիտ առաջացնող արտահայտություններն ու երաժշտականությունը պահպանված են։


«25 տարի առաջվա «Մեր բակ»-ի հետ մեր կապը հեռուստացույցով էր, իսկ հիմա մեծագույն հպարտություն է, որ նախագիծը վստահվել է մեզ, ու ես մասնիկն եմ դարձել նման ուրախ ու դրական միջոցառման: Կարծում եմ՝ սպասված էր, քանի որ մեր բակը բոլորիս մեջ առաջացնում է բարի հուշեր ու հույզեր, ինչի պակասը հիմա բոլորս շատ ունենք»,- նշել է պրոդյուսեր Արման Միտոյանը:


«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի սցենարիստներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Մնոյանը եւ Ռուբեն Ջաղինյանը: Դերերում հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Արուս Տիգրանյանը, Տարոն Իսպիրյանը, Ֆընգ Յանգմենգը, Արտաշես Ալեքսանյանը, Լիլի Մորտոն, Զիրոյանը, Հակոբ Փոքրավորյանը եւ այլք: Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, պրոդյուսերներն են Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանը: Ֆիլմը ներկայացնում են Առաջին ալիքն ու «Շարմ հոլդինգը»:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին