×


«Ամուսնուս ասում եմ՝ քեզնից մեծ էի, 2 երեխա ունեի, ինչի՞ կպար ինձ ու մնացիր». Ջուլիետա Ստեփանյան

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանի 70-ամյակն է: Տարեդարձի նախօրեին Bravo.am-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհու հետ ծավալուն հարցազրույց է ունեցել, որում նա պատմել է դերերի, ունեցած դժվարությունների, Արցախում ու Լեհաստանում աշխատելու առանձնահատկությունների, նորից սիրելու ու միշտ համարձակ լինելու մասին:

- Երբ օրեր առաջ Ձեզ տեսա «Մանյունյայի» պրեմիերային, շատ անհանգիստ էիք: Մի՞շտ եք պրեմիերաներից առաջ այդքան հուզվում:

- Սովորաբար, ֆիլմերի պրեմիերաներին այդքան էլ անհանգիստ չեմ լինում, նման ապրումներ ունենում եմ թատրոնում ներկայացումից առաջ. կարծես առաջին անգամ եմ բեմ դուրս գալիս, վախից դողում եմ, թե ինչպես հանդիսատեսն այն կընդունի: Բայց «Մանյունյան» ինձ դժվար տրվեց, դրա համար էլ այդքան անհանգիստ էի: Նախ անսպասելի էր, որ առաջինը Հայաստանում ցուցադրեցին. «Օկկո» առցանց կինոթատրոնը վճարովի է, ուղղակի մեզ անակնկալ արեց: Մեծ պրեմիերան դեկտեմբերին Մոսկվայում է լինելու: Մեր ռեժիսոր Արման Մարությանը շատ լուրջ էր վերաբերվում աշխատանքին, իրեն շատ տանջեցի, քանի որ այդ կերպարն ինձ համար բավական անսովոր էր: Հազարավոր դերեր եմ խաղացել, բայց ո՞ւմ է պետք իմ պրոֆեսիոնալիզմը, եթե չկարողանայի ինձ հաղթահարել ու ստանալ անհրաժեշտ կերպարը: Առաջին հերթին ինքս ինձնից կնեղանայի:


- Էկրանին Ձեզ Ռոզա Իոսիֆնայի, կամ նույն ինքը՝ Բայի դերում հավանեցի՞ք, ի՞նչն է հատկապես լավ ստացվել:

- Բան հրեա է, խոսում է հին ու նոր ռուսերենով, ֆրանսերենով, եբրայերենով, իսկ իմ ակցենտը շատ-շատ էր: Շատ պատասխանատու էր նրան մարմնավորելը: Հատկապես ձայնի համար էի անհանգիստ, ասել էին, որ կրկնօրինակում կանեն, բայց մտածում էի՝ տեսնես ինչպիսին կլինի, որ իմ շարժուձեւին ու տեսակին համապատասխանի: Սկզբում չէի հավատում, որ ես չեմ խոսում: Մտածեցի՝ մի՞թե չեն փոխել, հետո հասկացա, որ իմ ձայնը չէ, թեեւ ֆրանսերեն տեքստն իմ կատարմամբ էր մնացել:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ ընտրեցին այդ դերի համար:

- Բայի դերին 7-8 դերասաններ են հավակնել, սակայն Մոսկվայից ինձ են ընտրել, քանի որ իմ տեսակով եմ նման նրան, եւ ոչ թե այն պատճառով, որ հրաշք եմ:

- Երբ տարիներ առաջ կարդացի գիրքը, շատ հավանեցի հերոսներին ու չէի պատկերացնում, որ նրանց մի օր կտեսնենք էկրանին:

- Ինչ լավ է, որ դուք կարդացել եք, ես գաղափար չունեի գրքից: Նարինե Աբգարյանի մասին ընդհանրապես տեղյակ չէի: Հետո նրա մասնակցությամբ մի քանի հաղորդում դիտեցի: Երբ Նարինեն եկավ նկարահանման հրապարակ ու ցանկացավ ծանոթանալ Բայի դերակատարի հետ, ես կիսահագնված էի, վերնաշապիկը կոճկելով մոտեցա ու վերեւի հատվածը պարզապես ձեռքով բռնեցի: Հետո Նարինեն գրել էր, որ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ մի օր կխաղամ Բային: «Ախր նա որտեղի՞ց գիտեր, որ իմ Բան խոսելիս միշտ իր վերնաշապիկն այդպես է բռնում»,- զարմացել էր նա: Շնորհակալ էի Աստծուց, որ ինձ նման անձնավորության ու գրողի հետ ծանոթանալու առիթ ընձեռնեց: Նա էլ նույնն իմ մասին էր ասում:

- Համաձայն եմ, որ Ձեր տեսակով ու խառնվածքով նման եք կերպարին, բայց Բան շատ ավելի խոշորամարմին է, քան Դուք:

- Հակառակի պես ֆիլմում ես ավելի նիհար եմ երեւում, որոշ դրվագներում էլ՝ նույնիսկ երիտասարդ: Չեմ կարողանում նկարագրել իմ տանջանքները, թե ինչպես է այդ դերն ինձ տրվել: Ահավոր դժվար ու բարդ դերեր եմ ունեցել, բայց երբեք այդքան չեմ տանջվել: Ռեժիսորի խստապահանջությունն ինձ դուր էր գալիս, բայց նրա ուզածը պետք է կարողանայի տալ: Լեզուս ջադվում էր, տեքստերը չէի կարողանում անգիր անել: 3 ամիս չեմ իմացել՝ գիշերն ու ցերեկն ինչպես են իրար հաջորդում, անտեղյակ եմ եղել, թե դրսում ինչ եղանակ է, ինչ կերա: Անընդհատ անգիր էի անում, հոգնած փորձում էի մի քիչ քնել, բայց տեքստն անընդհատ կրկնում էի մտքիս մեջ, ու եթե հանկարծ մեկ բառ չէի հիշում, անմիջապես վեր էի թռչում ու խոհանոցում այդ բառն անվերջ կրկնում: Շատ էի մտածում, որ հանկարծ իմ պատճառով նկարահանելիս դադար չտան: Ես ռեժիսորին տանջեցի, նա էլ՝ ինձ: Եթե իմանայի՝ ինձ կրկնօրինակելու են, ամբողջ ուշադրությունս կերպարիս խաղի վրա կլիներ:


- Ձեր անբաժան խաղընկերները ֆիլմում աղջիկներն են՝ Մանյան ու Նարինեն, ինչպե՞ս նրանց հետ աշխատեցիք:

- Աղջիկներն իմ թոռնիկներն էին դարձել, մեր միջեւ անբացատրելի ամուր կապ էր ստեղծվել: Երկուսն էլ Մոսկվայից են, շատ դաստիարակված ու ջերմ: Երկուսն էլ պատրաստի դերասաններ են. թատրոնում են խաղում, ֆիլմերում: Այստեղ երեխաներին փչացնում են, իբր թե դերասան են դարձնում: Վերջում համարյա արտասվում էինք, որ մինչեւ մայիս՝ հաջորդ նկարահանումները, բաժանվելու ենք: Արտակարգ թիմ էր հավաքվել, Արմանս հիանալի անձնավորություն է ու լավ ռեժիսոր: Ամեն ինչ այնքան ուրիշ էր, ասես մեր հայաստանցիները չլինեին: Ես տեսել եմ, թե սերիալներում որքան անկազմակերպ է լինում աշխատանքը: Բոլորն իրենց գործի տերն էին ու պրոֆեսիոնալ, ոչ մեկը չէր ուշանում, անգամ ամաչում էի, որ այդքան ուշադիր են իմ հանդեպ: Շատ շոյվում էի դրանից ու գնահատված զգում, այստեղ այդ ամենի պակասը շատ կա: Ընտանեկան շունչ էր տիրում նկարահանման հրապարակում: Թեեւ նկարահանումներն երկար էին տեւում, բայց բացարձակ չէի հոգնում:

- Իսկ ո՞րն է պատճառը, որ մեզ մոտ այդ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, եւ խնդիրը միշտ չէ, որ ֆինանսական է:

- Սերիալների դեպքում, իհարկե, ֆինանսական է: Ես սիրում եմ սերիալներում նկարվել, որովհետեւ դա էլ է իմ գործը՝ կերպարից կերպար անցնել: Խնդիրն այն է, որ չունենք սերիալների կրթված ռեժիսորներ. օպերատորներն են ամեն ինչով զբաղվում: Նրանք նկարե՞ն, բեմադրե՞ն, թե՞ դերասանին ցուցումներ տան: Եթե ռեժիսորներին արտերկիր ուղարկեն վերապատրաստման, մեր սերիալներն այլ որակի կլինեն: Սցենարն ու ընտրված դերասաններն էլ կարեւոր են: 15 տարի է՝ սերիալներում եմ աշխատում ու զարմանում եմ, թե ինչպես են դերասաններին ընտրում: Օպերատորներին շատ հարգում եմ, բայց ախր ինչպե՞ս է կարելի փողոցից տարբեր մարդկանց բերել, որ խաղան: Այդ դեպքում իմ մակարդակն էլ է ընկնում: Անկախ խաղացած դերից՝ ոստիկան, դատավոր, թե բժիշկ, բոլորը միայն արտասանում են: Կա՛մ հիվանդանոցում են գործողություններն ընթանում, կա՛մ գերեզմանատանը: Մոնոտոն զրուցում են, դրա համար էլ մեր սերիալները վատն են: Ամեն սերիալի համար ընդամենը 2-3 պրոֆեսիոնալ դերասան են ընտրում: Որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի:

- Շատ անկեղծ եք խոսում, այդ որակը չի՞ խանգարում Ձեզ:

- Երբ որեւէ բան շատ եմ հավանում՝ ներկայացում, երգ կամ պար, ոչ թե ասում եմ, այլ գլխիս վրա եմ դնում. այնքան եմ մեծարում, իրենք էլ են զարմանում: Եթե իսկապես լավն է, ո՞նց կարող եմ այդ մասին չասել:

- Վերջին շրջանում ի՞նչն եք Ձեր նկարագրածի պես այդքան շատ հավանել:

- Լիլի Էլբակյանի բեմադրած «Դեկամերոնը»: Ինչպե՞ս կարելի է նման արտակարգ աշխատանքը չհավանել, ինքն էլ խաղում է: Բեմադրությունն ինձ հիացրել է, չտեսնված է ստացվել: Լիլին այնքան տաղանդավոր է, չգիտեմ՝ ինչ բառեր գտնեմ, որ նկարագրեմ: Նրան էլ ասել եմ, որ իր ծնողների կատարելագործված տեսակն է: Զարմանալի է, թե այդքան նրբություն, շնորհք ու ճաշակ այդ փոքր մարմնի մեջ որտեղից է: Տաղանդի առաջ ես հանձնվում եմ: Չեմ հավատում, որ սերիալներում մակարդակով եմ խաղում. իմ ամենամեծ քննադատն եմ, բայց թատրոնում, եթե կոպեկ էլ չստանամ, հաճույքով կգնամ ու կաշխատեմ, այնտեղ շատ խիստ եմ իմ նկատմամբ:


- Իսկ ինչո՞ւ են բոլոր դերասանները թատրոնն այդքան շատ սիրում:

- Թատրոնն այն հեքիաթն է, որում ապրում ենք: Մարդ-դերասաններին այն ի վերուստ է տրված: Ես փոքրուց էի փողոցում բեմադրություններ անում ու խաղում, ծնողներս ու քույրս եւս ինքնագործ դերասաններ են եղել: Հայրս ու մայրս «Սոս ու Վարդիթեր» խաղալիս են ծանոթացել ու սիրահարվել:

- Ձեր մանկությունը Գյումրիում է անցել, ու Դուք շատ անհնազանդ երեխա եք եղել: Կպատմե՞ք այդ տարիներից:

- Ես 8 երեխաներից ամենափոքրն եմ: Մայրս 14 երեխա է ունեցել, որոնցից 9-ն են ապրել, մեծ քույրս 27 տարեկանում է մահացել: Միշտ ինքնուրույն եմ եղել ու իմ ուզածն արել: Տանն ինձ շատ են պատժել, բայց միեւնույն է՝ չեմ փոխվել: Մեր ընտանիքում ընդունված չէր, որ աղջիկները բակում խաղան, եթե ճաշի ժամին հայրս գար ու տեսներ՝ քույրերս տանը չեն, կկոտորեր, իսկ ես չէի ենթարկվում: Հայրս ասում էր՝ «Լավ, էս լակոտին ես ի՞նչ անեմ»:

-Ի՞նչ ներկայացում էր, որ առաջին անգամ բեմադրեցիք ու ինքներդ էլ խաղացիք:

- «Խորթ մայրն» էր, 6-րդ դասարանում էի սովորում այդ ժամանակ, բակի երեխաներով էլ խաղացինք: Այն ժամանակ ամեն ինչ այնքան ուրիշ էր. հարեւաններով հավաքում էին մեր թաղում ու դիտում ներկայացումները: 10 կոպեկ էի հավաքում ամեն մեկից ու գումարը բաժանում դերասաններին, որ պաղպաղակ առնենք:

- Իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ դերասանուհի ո՞րն էր Ձեր առաջին դերը:

-Արցախի թատրոնում էր, որտեղ հայտնվել էի ինստիտուտից հետո: 1974 թվականն էր, այն ժամանակ Արցախի տեղը քչերը գիտեին: Ամուսինս ռեժիսոր էր, նրան հրավիրեցին, ես էլ հետը գնացի: Շատ ռիսկային էր այնտեղ տեղափոխվելը, բայց ես ամբողջ կյանում եմ այդպես ապրել: Այնպիսի բաներ եմ արել, որ հիմա ծեծեն էլ, չեմ փորձի: Ստեփանակերտը շատ հեռու էր, բայց հիացրեց ինձ, փոքրիկ Շվեյցարիան էր: Այնտեղ էլ երկրորդ դուստրս ծնվեց, ես ու ամուսինս բաժանվեցինք, բայց մնացի ու 17 տարի ապրեցի այնտեղ:

- Հենց Ստեփանակերտում էլ ծանոթացաք Սամվել Բաղինյանի հետ: Ինչպե՞ս նա գրավեց Ձեր սիրտը, գիտեմ, որ սիրո յուրահատուկ պատմություն ունեք:

- Երիտասարդ դերասաններ էին եկել Ստեփանակերտ, որոնց հետ շատ կապվեցինք: Բոլորը հավաքվում էին մեր տանը, ինձ շատ էին օգնում ու պահում երեխաներին, քանի որ ես թատրոնում ամեն օր շատ զբաղված էի լինում: Այնտեղ ասես թագուհի լինեի: Նախ դերերով սիրահարվեցինք, ջահել էինք ու նման կերպարներ էին մեզ բաժին ընկնում: «Ծառերը կանգնած են մահանում» ենք միասին խաղացել: Հետո էլ կյանքում սիրահարվեցինք, բայց չէի ուզում ամուսնանալ: Չէի կարող չամուսնացած տղայի հետ կյանքս կապել, որովհետեւ քույրս ու եղբայրս ասել էին՝ նման բան անելու դեպքում էլ Գյումրի ոտք չդնեմ:


- Իսկ շա՞տ էիք հավանում պարոն Բաղինյանին ու դժվա՞ր չէր մերժել նրան:

- Շա՜տ, ո՞վ նրան չէր հավանում այն ժամանակ: Հիմա էլ լավ արտաքին ունի, բայց երիտասարդ տարիքում սեւ գանգուր մազերով էր, նիհար եւ թիկնեղ: Այնքան գեղեցիկ տղա էր, աղջիկներն ինձնից էին թույլտվություն խնդրում նրա հետ հանդիպելու համար, նամակներ էին գրում: Թեեւ հավանում էի, բայց ամուսնանալու բացարձակ մտադրություն չունեի: Վերջն իր ընտանիքին նամակ գրեցի, որ գան տանեն, ու հրահանգեցի, որ թույլ չտան վերադառնա: Արձակուրդին զոռով ամուսնացրին, բայց միեւնույն է՝ նորից եկավ Ստեփանակերտ, հայտնեցի, որ նրան տեսնել չեմ ուզում, թեեւ սիրտս խփում էր(ծիծաղում է, -խմբ.): Արդյունքում բաժանվեց ու ծնողներին ասաց, որ առանց ինձ չի կարող ապրել, միասին մենք եւս մեկ աղջիկ ունեցանք ու տատիկի պատվին Արուսիկ անվանեցինք: Ավագ քույրիկները Շուշանիկն ու Սաթենիկն են, նրանք էլ տատիկների անունն են կրում:

- Բայց պատերազմ սկսվեց ու հեռացաք Ստեփանակերտից, հայտնվեցիք Վանաձորում, ապա՝ նաեւ Լեհաստանում: Այդ փոփոխություններն ի՞նչ բերեցին Ձեր կյանք:

- Վահե Շահվերդյանը մեզ հրավիրեց Վանաձոր, որտեղ մեզ տնակներ տվեցին, Սամվելը շատ լավ սարքեց. քչերից էինք, որ բաղնիք ունեինք, բոլոր դերասանները մեր տանն էին լողանում: Ծանր տարիներ էին, երեխաները փոքր էին, կոպեկ-կոպեկ հաց էինք առնում: Վանաձորում 2 տարի մնացինք: Վահեն «Աշնան արեւը» բեմադրեց, լավ գործեր արեց մեզ հետ, բայց կյանքը ստիպեց հեռանալ: Հյուրախաղերի ժամանակ լեհուհու հետ էի ծանոթացել, որի հետ կապը պահում էինք, մեզ նամակ գրեց ու նորից հրավիրեց իրենց մոտ: Լեհաստանում էլ հեշտ չէր, Սամվելը շինարարությունում էր աշխատում, ես՝ առեւտրով զբաղվում: Հեչ կապ չունեի այդ գործի հետ, բայց այնքան մասնագիտացա, որ վերջում էլ ինձ հասնող չկար (ծիծաղում է,- հեղ.):

- Այնտեղ էլ թատրոնը գտավ Ձեզ, նորից հայտնվեցիք բեմում ու սիրելի դարձաք:

- Երկու տարի գյուղում շատ հին տան մեջ ապրեցինք, բայց երջանիկ էինք: Մեզ հրավիրած լեհ կինն աղջկաս տատիկը դարձավ, սիրում էր նրան ու հաճախ տանում իր մոտ: Մի օր մեզ մոտ լրագրողներ եկան, որ ցույց տան, թե ինչպես է օտար երկրում դասավորվել դերասանների կյանքը: Թերթի մի ամբողջ էջը մեզ էին հատկացրել, «Խարդավանք եւ սեր» ներկայացման մեջ Սամվելի հետ Միլֆորդ ու Ֆերդինանդ էինք խաղացել, այդ լուսանկարն էլ տեղադրել էին: Հրապարակումից հետո Օպոլե քաղաքի թատրոնը մեզնով հետաքրքրվեց: Այն կենտրոնական թատրոն էր, որտեղ բոլորը փառատոնների էին գալիս: Ինձ ուսուցիչ հատկացրին, որ լեզուն սովորեմ, բայց խնդրեցին ակցենտս չփոխել: 6 ամիս պարապելուց հետո պատրաստ էի բեմ բարձրանալ: 9 տարվա ընթացքում 5-6 դեր եմ խաղացել, ինչը քիչ չէ:


- Ի՞նչ տվեց Ձեզ լեհական թատրոնում խաղալն ու ի՞նչ հասցրիք սովորել այնտեղ:

- Այնքան բան կար նրանցից սովորելու՝ միմյանց հետ վերաբերմունքից մինչեւ գրիմանոցների վիճակը: Ներկայացումներից առաջ պարտադիր դերասաններին հատուկ փաթեթների մեջ մեկանգամյա օգտագործման ներքնազգեստներ էին տրամադրում, առավոտյան դերասանները ֆիզիկական վարժություններով էին զբաղվում, ապա՝ վոկալով: Նրանք շատ են տանջվում, բայց փոխարենը ներկայացումներում չես գտնի մեկին, ով իր դերը լավ չխաղա: Երբեք չես իմանա, թե ով ում հետ է վատ հարաբերությունների մեջ, երբ որեւէ մեկին գովում ես, միանգամից իր զուգընկերոջ խաղի մասին է գովասանքի խոսքեր ասում:

- Ի՞նչ կուզեիք, որ մեր թատրոնը նրանցից վերցներ:

- Մերը մեր ձեւով է: Շատ կերազեի որոշ բաներ վերցնել, բայց գիտեմ, որ չի ստացվի: Մեզ մոտ պատրաստ են իրար խորտակել, միմյանց վրայով անցել, որ դեր խաղան: Տակը քանդելով, նախանձելով, լավ բանը ոչնչացնելով են զբաղվում: Աշխատանքի մեջ թերություն են փնտրում, որ լավը չասեն:

- Բայց չէ՞ որ թատրոնը թիմային աշխատանք է, ամեն մեկի խաղից է կախված ներկայացման հաջողությունը:

- Այո, բայց արտաքնապես է միայն այդպես: Երբ Լեհաստանից նոր էի եկել, ներկայացում նայեցի Սունդուկյանում, շատ հավանեցի ու սրտանց շնորհավորեցի: Դերասաններից մեկն ինձ խորհուրդ տվեց մյուս անգամ այդքան չգովել, որքան էլ խաղը լավը լինի, քանի որ երես կառնեն: Հիմա եմ հասկանում, որ ինչ-որ տեղ ճիշտ էր, վատ բան եմ ասում, բայց որ շատ գովում ես, տվյալ դերասանը սկսում է քեզ չնկատել ու քննադատել:

- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեք կարող առանց թատրոնի:

- Ես բեմն եմ սիրում, ինձ համար մեկ է՝ որ թատրոնի բեմը կլինի՝ Սունդուկյանի, Գավառի, թե Լեհաստանի: Ես այդ հեքիաթում եմ ապրում, եթե այն ավարտվի, ինքս էլ կվերանամ:

- Իսկ ինչպիսի՞ն են Ձեր դերերն ու կա՞ մեկը, որ մի քիչ ավելի շատ է հոգեհարազատ Ձեզ:

- Նույնն է, որ հարցնեք, թե երեխաներից կամ թոռներից ո՞ր մեկին եմ ավելի շատ սիրում: Որն էլ խաղում եմ, իմն է դառնում: Անգամ Լեդի Մակբեթը, որն ինձ ընդհանրապես նման չէ, սիրեցի ու իմը դարձրի: Մեծամտություն չթվա, բայց սովորաբար հրաժարվում եմ փոքր դերերից՝ քիչ գործողությամբ ու ասելիքով, որովհետեւ դրանց մեջ չեմ տեղավորվում: Իմ մասշտաբներն ու ցանկությունները լայն են: Որտեղ էլ տուն եմ ունեցել, շատ կահույք չի եղել, սիրում եմ ազատություն, որ լավ շարժվեմ, այլապես կխեղդվեմ:

-Դուք այն դերասանուհիներից եք, որոնք տարիների հետ դերերի պակաս չեն զգում. նորանոր նախագծերում ու ֆիլմերում եք նկարվում, ո՞րն է մասնագիտական երկարակեցության գաղտնիքը:

- Երեւի, գործի նկատմամբ սիրուց է: Ես սիրահարված եմ Քրիստոսին, չկարծեք, թե աղանդավոր եմ, միշտ նրան զգում եմ ու խոսում հետը, այ, այդպես էլ թատրոնի դեպքում է: Նրան մարդ եմ պատկերացնում, որին նվիրված եմ ու սիրահարված: Ու որքան ժամանակն անցնում է, այդ սերը հասունանում է:


- Տիկին Ջուլիետա, Ձեր 70-ամյակն եք նշելու, ինչպիսի՞ տարիներ էին դրանք:

- Անփոխարինելի, բոլորն էլ լեցուն են եղել, ոչ մի տարիք չեմ ուզում վերադառնալ, որովհետեւ լիարժեք եմ ապրել: Չեմ զգում, որ 70-ս է լրանալու: Բոլոր տարիներն իմ ուզածի պես եմ վայելել, ոչ կախման մեջ եմ գցել, ոչ էլ ինքս եմ կախված եղել որեւէ մեկից: Ինչպես ուզել եմ կյանքս դասավորել, այդպես էլ արել եմ: Փոքր տարիքից ինքնուրույն եմ եղել, սիրել եմ ինձ ու ընկերությունս ինձ հետ: Ինձ շատ լավ եմ ճանաչում ու միշտ հաշտ եմ ապրել, ստիպված ոչինչ չեմ արել:

- Ո՞րն է 70-ի առավելությունը, որը չի լինում օրինակ՝ 20 կամ 30 տարեկանում:

- Համարձակությունը: Այն ժամանակ գործողություններիս մեջ եմ համարձակ եղել, բայց խոսքի մեջ՝ զգույշ ու զուսպ, հիմա հակառակն է: Գործողություններս թուլացել են, փոխարենը խոսքս է ուժ ստացել:

- Ինչպիսի՞ գործողություններ նկատի ունեք:


- Եթե կարեւոր հարց պետք է լուծեի, որով միայն բարձր ատյաններն էին զբաղվում, ուղիղ հենց այնտեղ էի գնում, որտեղ ձուկը գլխից են բռնում: Ասել եմ այն, ինչ մտածել եմ ու միշտ հասել հաջողության: Մայրությունն էլ ինձ չի փոխել, միշտ եմ շատ ռիսկային եղել: Հիմա ջահելության չարաճճիությունները վերածվել են հումորի, դա էլ իր հմայքն ունի:

- Դուք համարձակ եք ու հաճախ ասում եք հենց այն, ինչ մտածում եք: Այդ որակը չի՞ խանգարում Ձեզ կյանքում:

-Ինչո՞ւ են թատրոնում ինձ սիրում, որովհետեւ չեմ կարող նստել գրիմ անել ու լսել, թե ինչպես են որեւէ մեկից խոսում. նման բան թույլ չեմ տալիս: Եթե ասելիք ունեմ, միանգամից տվյալ մարդուն եմ ասում, ոչինչ, եթե նեղանում են, բայց հետո հասկանում են, որ ինձ հետ կռիվ էլ կարող են գնալ: Եթե մի տեղ աշխատում ես ու հաց ուտում, պետք է մաքուր պահես քեզ: Ես չեմ էլ համարում, որ գովելի տեսակ եմ, այդպես էլ պետք է լինի: Սամվելին էլ ասում եմ՝ զարմանում եմ, թե ինչպես ինձ ընտրեցիր, 4 տարով ինձից փոքր ես, 2 երեխա ունեի, դու ինչի՞ կպար ինձ ու մնացիր: Հայելու մեջ նայում եմ ու ասում՝ հիմար է այս տղան, ես ճաշակ ունեմ, ինքը՝ ոչ:

- Թվում է՝ անհնար է Ձեզ վատ տրամադրությամբ տեսնել, ի՞նչն է Ձեզ տխրեցնում:

- Իմ դժբախտությունը դստերս հիվանդությունն է, բայց այդ մասին չեմ սիրում խոսել, իսկ տխրում եմ մեր ազգի վիճակից: Բոլորիս մեջ վախ կա, պատերազմից ու այդքան զոհերից հետո տրամադրություն չունենք: Միշտ հարեւաններով հավաքվում էինք, լոտո խաղում, ուրախ պատմություններ պատմում եւ ծիծաղում, հիմա էլ չենք կարողանում: Այս տխրությունը թեւերը թուլացնում է: Դրան էլ գումարվեց կորոնավիրուսը: Անընդհատ ահ ու սարսափ կա մեջներս:

- 2022 թվականն ինչպիսի՞ն է լինելու ստեղծագործական առումով:

-Այլեւս գուշակել չեմ կարող, առաջ ասում էի՝ շատ լավ տարի է սպասվում, այ կտեսնեք: Եթե ամեն ինչ լավ լինի, շարունակելու ենք «Մանյունյան» նկարել, այլ նախագծեր էլ կան:

- 70-ամյակի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք, նշելո՞ւ եք:

- Ընկերներս, բարեկամներն ու գործընկերները, բոլորը պատրաստվում էին մեծ տոնախմբություն կազմակերպել, բայց 2020-ից ու այդքան կորուստներից հետո ինքս չեմ ուզում: Ընտանեկան փոքրիկ հավաքույթ կլինի: Այլ կերպ էինք պլանավորել ամեն ինչ, բայց չենք նշի:

- Տիկին Ջուլիետա, կիսվեք ընտանեկան երջանկության գաղտնիքով:

-Սերն է ամեն ինչի հիմքում, մեր նվիրվածությունն իրար, ընտանիքին, երեխաներին ու թոռներին: Ամուսնուս հետ ընկերներ ենք ու կարող ենք բոլոր թեմաներից ազատ խոսել:


- Ձեր սիրելի հայ դերասաններից ո՞ւմ կնշեք, որոնցից սովորել եք նաեւ:

- Այնքան շատ են՝ մեր Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Սոս Սարգսյանը: Բոլորն էլ եղել են թատրոնի սյուներ:

- Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերը:

- Սիրում եմ Ալ Պաչինոյի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը: Ես նրանից շատ բան եմ գողանում ու սովորում:

- Իսկ կին դերասաններից ովքե՞ր են առանձնանում Ձեզ համար:

- Աննա Մանյանիի համար գժվում եմ, դրանում ոչ մի խոսք: Ալիսա Ֆրեդլիխին եմ հավանում, Ֆաինա Ռանեւսկայային, որին, չգիտեմ՝ ինչու, ինձ նմանեցնում են: Բայի դերի համար ինձ հաստատելիս ասել են, որ ես հայկական Ռանեւսկայան եմ, ու դա ինձ շատ է շոյել:

- Տարիների ընթացքում Ձեր մասին ի՞նչ եք բացահայտել:

-Որ պետք եմ թատրոնին ու իմ մասնագիտությանը:

-Ձեր կերպարներից որի՞ն եք դժվարությամբ բաց թողել:

-Երեւի «Աշնան արեւի» Աղունին:

-Ի՞նչ եք սովորում երիտասարդ գործընկերներից:

-Վա՜յ, իրենց ցավը տանեմ, շատ եմ սիրում, շատ շնորհքով դերասաններ ունենք: Կուզեի երիտասարդ լինել ու միշտ նրանց կողքին: Իսկական նվիրյալներ են, ես էլ եմ այդպիսին եղել:

-Իսկ հայելին Ձեր ընկե՞րն է, թե՞ հակառակը:

-Իմ ամենամեծ ընկերն է, միշտ հայելու միջոցով եմ խոսել ինձ հետ: Դո՞ւք որտեղից իմացաք, որ այդ հարցը տվեցիք: Բոլորին միշտ ասում եմ՝ եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ ձեր մասին, խոսեք հայելու հետ: Ես հայելու հետ մեծացա, փոքր տարիքից եմ այդպիսին եղել: Ճիշտն ու սխալն այդպես եմ զգում:

-Ամենաշատն ի՞նչ եք ուզում հիմա:

-Խաղալ ու մարմնավորել իմ ուզած կերպարները, ինչը երբեք չի լինում:

Զրուցեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Ջուլիետա Ստեփանյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին