Երիտասարդ գրող, լրագրող, լուսանկարիչ Լիկա Զաքարյանը, նախորդ տարվա հուլիսից սկսելով թղթակցել տեղի լրատվամիջոցներից մեկին ու պատմելով Արցախի խաղաղ կյանքի, զարգացման ու տեղի բնակիչների ապրելակերպի մասին, չէր էլ պատկերացնում, որ երկու ամիս անց պատսպարվելու է ապաստարաններում եւ սկսելու է գրել ընթացող պատերազմի մասին։ Շատերը նրա գրառումներին սպասում էին ավելի մեծ վստահությամբ, չէ՞ որ արցախցի աղջիկն առաջին ձեռքից էր հասցնում բոլոր լուրերն ու զգացողությունները։ Նրա էջի հետեւորդները սկսեցին այդ գրառումների շարքն անվանել օրագիր։ Այսօր արդեն Լիկա Զաքարյանի օրագիրը տպագրվել է նրա հեղինակած լուսանկարների հետ։ BRAVO.am-ը ներկա է եղել «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի շնորհանդեսին, լուսանկարել է միջոցառման ընթացքը, ինչպես նաեւ գրի առել Լիկա Զաքարյանի պատմությունը։
Խաղաղ կյանքի մասին ռեպորտաժները դարձան պատերազմի մասին
Ծնվել, մեծացել եմ Արցախում։ Որպես լրագրող այնտեղ աշխատում էի 2020 թվականի հուլիսից. ցանկանում էինք ցույց տալ կյանքը Արցախում, որ Արցախը միայն պատերազմ չէ, կոնֆլիկտ չէ, այլ մարդիկ են։ Բայց դա երկար չտեւեց․ երկու ամսից սկսվեց պատերազմը, ու ես հայտնվեցի էպիկենտրոնում ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ պարզապես որպես մարդ, որն ապրում է Ստեփանակերտում։ Այնպես էր ստացվել, որ մենք հիմնականում վիդեոռեպորտաժներ էինք պատրաստում, բայց ինձ հետ աշխատող օպերատորը շուտով նույնպես մոբիլիզացվեց բանակ։ Ինձ մնում էր տեքստեր գրել եւ լուսանկարել, որը ես միշտ շատ եմ սիրել։
«Ավելի շատ գեղարվեստական լրագրություն էր»
Իմ ամբողջ ընտանիքն Արցախի տարբեր մասերում էր գտնվում. մեկը զինվորական ծառայության էր գնացել, մեկը հիվանդանոցում էր աշխատում, եւ այլն, իսկ ես, կարելի է ասել, մնացել էի մենակ։ Երբ սկսեցի գրել, սկզբում միտք չունեի այդ գրառումները որպես օրագիր ներկայացնել, պարզապես իմ մտքերով էի կիսվում ֆեյսբուքյան էջում։ Սակայն որոշ ժամանակ հետո այն լայն տարածում ստացավ։ Գրում էի ռուսերենով, ու այնպես ստացվեց, որ դրա շնորհիվ ավելի մեծ լսարան ներգրավվեց, նույնիսկ հետխորհրդային երկրների ռուսախոս մարդիկ սկսեցին հետեւել։ Գրում էի այն մասին, թե ինչպիսին է կյանքն Արցախում, մարդկանց մասին էի գրում, ովքեր նկուղներում են ապրում, իմ ընտանիքի, ծանոթների, իմ մասին։ Օրեր կային, որ անհնար էր նկուղներից դուրս գալ, ես էլ գրում էի իմ տեսածի, լսածի ու զգացածի մասին, հայտնում էի, որ այն, ինչ ասում են, ճիշտ են ասում, օրինակ՝ հրադադարը հինգ րոպե հետո խախտվեց, եւ այլն։ Քանի որ այդ ժամանակ ինֆորմացիայի մեծ ծավալ կար, մարդիկ չգիտեին՝ ինչին հավատալ, ինչին՝ ոչ, հայկական ու ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները լրիվ տարբեր բաներ էին ասում։ Շատերը հետաքրքրված էին այնպիսի մարդու ձայնով, որը տեղում կլիներ, քաղաքական որեւէ դիրքորոշում չէր ունենա ու պարզապես որպես բնակիչ կգրեր այն մասին, ինչ ինքը տեսնում էր ու զգում։
Բավական շատ էմոցիոնալ տեքստեր ունեմ։ Իհարկե, նաեւ բազմաթիվ փաստեր կան գրքում, սակայն կարելի է ասել՝ ավելի շատ գեղարվեստական լրագրություն է։ Գրում էի պատերազմի արդյունքների ու հասցրած վնասների մասին, դժվարությունների, ուրախությունների ու դրական պահերի մասին։
«Էմոցիաները ներսում պահելը շատ դժվար էր»
Որոշ ժամանակ հետո մարդիկ սկսեցին իմ գրառումների շարքն անվանել օրագիր եւ համեմատում էին Աննա Ֆրանկի օրագրի հետ․ նա էլ է այդպիսի իրավիճակներում գրել իր օրագիրը։ Ես էլ էի զգում, որ կարեւոր գործ է դարձել այն, ինչ անում էի։ Իհարկե, սկզբում ինքնարտահայտվելու համար էի անում, որովհետեւ այդ բոլոր էմոցիաները ներսում պահելը շատ դժվար էր, սակայն հետո շատ բան փոխվեց։ Օրինակ՝ մի օր չէի հասցրել գրառումը տեղադրել, քանի որ լույսն էլի անջատել էին, եւ հետո, երբ վերականգնվեց, ու էլի մտա իմ էջ, տեսա, որ բազմաթիվ մարդիկ անհանգստացել էին, նույնիսկ այն մարդիկ, որոնց չէի ճանաչում։ Կարծես ընկերացել էինք, հարազատ էինք դարձել։ Այդ ժամանակ նրանք ինձ ոգեշնչում էին։
Երբ արդեն օրագիրն ամբողջական տեսք ուներ, հանդիպեցի «Creative Armenia»-ի թիմին՝ ի դեմս ընկերության տնօրեն Կարին Հովհաննիսյանի, որի հետ էլ մշակեցինք գիրքը հրատարակելու գործընթացը։ Նրանք շատ կարեւոր հարթակ տրամադրեցին ինձ ու հնարավորություն ստեղծեցին, որ գիրքը հրատարակելու փոքրիկ երազանքս իրականացնեմ։
«Ճանապարհների վրա եմ»
Հիմա ամուսնացել եմ ու արդեն երկու ամիս է՝ Երեւանում եմ ապրում, քանի որ ամուսնուս աշխատանքն այստեղ է։ Իմ աշխատանքն էլ ավելի շատ գրելու հետ է կապված, հիմա ազատ գրաֆիկով աշխատող լրագրող եմ ու գրում եմ Արցախի մասին։ Ամսվա կեսն Արցախում եմ, մյուս կեսը՝ Երեւանում։ Չեմ կարող ասել, որ տեղափոխվել եմ Արցախից, ու չեմ էլ կարող ասել՝ լիովին այնտեղ եմ ապրում։ Ճանապարհների վրա եմ։
Հ.Գ․ «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» հայերեն, ռուսերեն ու անգլերեն տարբերակներով լույս տեսած գրքի վաճառքից ստացված հասույթը խթանելու է «Creative Armenia»-ի «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրին։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: