×


Ջիվան Ավետիսյանը

««Դրախտի դարպասը» տասնյակ խոչընդոտներ է ունեցել Ադրբեջանի պատճառով, բայց մենք շարունակեցինք առաջ գնալ». Ջիվան Ավետիսյան

Ջիվան Ավետիսյանը նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ նրա «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային շրջագայությունն էր: Ռեժիսորը Bravo.am-ին պատմել է, որ իրականացրել են իրենց ծրագրի առաջին փուլը եւ 2 ամիս անց ցուցադրությունները նորից կշարունակվեն:

Այս անգամ ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել Հյուսիսային Ամերիկայի ու Կանադայի մի շարք քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Դետրոյթում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Սակրամենտոյում, Տորոնտոյում եւ Մոնրեալում:


«Հիմնականում մասնավոր ցուցադրություններ էին, բայց հետագայում մի շարք քաղաքների կինոթատրոններում շարունակելու ենք ֆիլմը պաշտոնապես տարածել: Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ «Դրախտի դարպասը» Մոնրեալի կինոթատրոններում «Բոնդի» ու մնացած ֆիլմերի հետ 3 շաբաթ ցուցադրվեց: Այն Հայաստանում արտադրված առաջին ֆիլմ է, որ նման ցուցադրություն ունեցավ Կանադայում: Բոլոր ցուցադրություններին եղել եմ, հանդիսատեսը շատ հուզված էր, տասնյակ հարցեր էին տալիս ֆիլմի, ապագա ծրագրերի, ինչպես նաեւ Արցախի մասին»:

Ավետիսյանը խոստովանում է, որ իրենց առաջնային նպատակն է եղել աշխարհով մեկ պատմել Արցախի ու հայկական արժեքների, խնդիրների, հույզերի, երազանքների ու մաքառումների մասին: Ֆիլմը դիտողների թվում շատ են եղել օտարերկրացիներ, որոնք ծանոթացել են Հայաստանի մշակույթին:

«Մոնրեալում մեծ հաջողության հասանք, բայց դրանով կանգ չենք առնելու. կշարունակենք ցուցադրություններն ու կհրավիրենք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների ու կինոյի ոլորտի մասնագետների: Լոս Անջելեսում ֆիլմը դիտողների թվում էին նաեւ արտասահմանցի սցենարիստներ, պրոդյուսերներ, որոնք կարող են հաջորդ ծրագրի մասը լինել եւ օգնել ֆիլմի տարածմանը»:

Նարինե Ոսկանյանը եւ Ջիվան Ավետիսյանը


Ռեժիսորի վկայությամբ՝ ուղեւորության կարեւոր կետերից մեկը Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի կազմակերպած հանդիպումներն էին ամերիկացի կոնգրեսականների հետ: Ավետիսյանն ու ֆիլմի սցենարի հեղինակ Նարինե Ոսկանյանը նրանց հետ զրույցներում պատմել են Արցախի խնդրի մասին:

«Արցախի 3 պատերազմների ու մեր ֆիլմերի մասին պատմեցինք, շատ հարցերի պատասխանեցինք: Հանդիպումները 9 կոնգրեսականների հետ առանձին-առանձին էին, մեր տեսած ամենադաժան ու սոսկալի իրականությունը ներկայացրինք նրանց»,-հայտնել է նա:

«Դրախտի դարպասը» Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում 4 մրցանակի է արժանացել «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» ու «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգերում: Ջիվան Ավետիսյանն այդ մասին Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում է իմացել, երբ շարունակում էր ֆիլմի հետ շրջագայությունը:

Ջիվան Ավետիսյանը


«Ծրագրում էի ներկա լինել փառատոնին եւ մրցանակաբաշխությանը, բայց համավարակի պայմաններն այնտեղ բավական տարբեր են: Որոշ նահանգներում կինոթատրոնները բաց են, մյուսներում՝ ոչ: Մրցանակներն էլ առցանց հայտարարեցին: Իհարկե, շոյող է, որ քո ու թիմիդ աշխատանքն օտարների կողմից մրցանակի է արժանանում, բայց պատանի տարիքում են նման հաջողությունները կարեւոր: Մենք շարունակում ենք առաջ գնալ ու նոր ֆիլմեր ստեղծել»:

Սակայն դա էլ Ավետիսյանի ու նրա ստեղծագործական թիմի վերջին ձեռքբերումը չէ: Ռեժիսորը մեծ ոգեւորությամբ է պատմում, որ կարողացել են «Վերածնվածը» ֆիլմի համար քրաուդֆանդինգով 100 հազար դոլար հավաքել:

«Բացառիկ արդյունք է: Հայաստանում ստեղծվող ֆիլմերի պարագայում երբեք չէր եղել, որ այդքան գումար հավաքվեր: Այդ գումարն այն մասին է վկայում, որ հարյուրավոր մարդիկ հետեւում են մեր գործունեությանը, հավատում են ֆիլմին ու աջակցում, որ այն իրականություն դառնա: 5-ից մինչեւ 10 հազար դոլար նվիրաբերողներ են եղել: Այդ հանգամանքն ինձ շատ է ոգեւորում, մեծ մասին չեմ էլ ճանաչում, բայց նրանք օգնել են գոյացնել հսկայական բյուջե»:


Ֆիլմի նկարահանումն իրականացնելու համար պատրաստվում են պետական աջակցության համար դիմել Կինոկենտրոնին, որը ստանալու դեպքում նկարահանումները կմեկնարկեն 2022-ի աշնանը, ինչպես եւ պլանավորել էին:

«Մեր մյուս ֆիլմի՝ «Սեւ ցուցակի» հետ կապված էլ բավական առաջընթաց կա, բայց դեռ մանրամասները չենք հրապարակում: Հաջողություն կա եւ դերասանական ու ստեղծագործական մեծ կազմով ենք քայլ առ քայլ մոտենալու դրա իրականացմանը: Այլ ֆիլմերի գաղափարներ էլ ունենք, էլի գեղեցիկ ու զորեղ պատմություններ են, իսկապես օր ու գիշեր աշխատում ենք դրանք կյանքի կոչելու համար: Մինչեւ վերջ հետեւում ենք ֆիլմի տարածմանը, բախտի քմահաճույքին չենք թողնում: «Դրախտի դարպասը» տասնյակ խոչընդոտներ է ունեցել ադրբեջանցիների ագրեսիվ քաղաքականության պատճառով, բայց մենք շարունակեցինք առաջ գնալ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ջիվան Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին