×


«Վախենում էի քնել ու չարթնանալ». Նելլի Մելիքյանը՝ 8 ժամ տեւած վիրահատության եւ կյանքի դժվար փուլի մասին

Նելլի Մելիքյանի կյանքում կարծես թե դժվար փորձությունների շղթա է սկսվել։ Սկզբում վարակվեց կորոնավիրուսով՝ բավականին ծանր ընթացքով։ Մոտ երկու ամիս առաջ ավտովթարի ենթարկվեց, օրերս էլ հայտնի դարձավ, որ տարել է բարդ վիրահատություն։ Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ վիրահատության պատճառը վթարը չի եղել. սրտի խնդիր ուներ։

«Սրտի բաց վիրահատություն եմ տարել, որը տեւել է 8 ժամից ավելի: Բավական բարդ ու ծանր վիրահատություն էր, բայց պրոֆեսիոնալ ու սրտացավ բժիշկների շնորհիվ հիմա ինձ շատ լավ եմ զգում: Բժիշկներ Գագիկ Հեբոյանը, Միքայել Ադամյանը, բուժքույրերը շատ ուշադիր էին ու հոգատար», - պատմել է Նելլին։

Նելլի Մելիքյանը


Դերասանուհին այժմ վերականգնողական փուլում է, բայց ինչպես խոստովանել է,  հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրն արդեն գնացել է նկարահանման հրապարակ։

«Այնքան փորձությունների միջով անցա ու Աստծո շնորհիվ ողջ եմ։ Շատ ուրախ եմ գնացել վիրահատության, բայց նաեւ վախ ունեի, որ կարող եմ քնել ու չարթնանալ։ Հենց արթնացա, ասացի՝ վերջ, ես կապրեմ։ Շնորհակալ եմ բժիշկներին՝ կյանք պարգեւելու համար։ Ընտանիքս կողքիս է, հիվանդանոցում սկեսուրս էր ինձ  խնամում։ Շատ կարեւոր է շրջապատված լինել քեզ սիրող մարդկանցով։ Այդ դժվարություններն ավելի հեշտ ես հաղթահարոււմ», - ասում է նա։

Նելլի Մելիքյանը` դստեր հետ


Նելլիին հաճելիորեն զարմացրել է մարդկանց վերաբերմունքը: Ավտովթարից հետո շատ նամակներ է ստացել թե՛ ծանոթներից, թե՛ անծանոթներից, ովքեր միայն քաջալերող ու ջերմ խոսքեր են ասել։

«Մտածում էի, որ շատ ճանաչված ու պահանջված դերասանուհի չեմ, այդքան հաճախ չեմ նկարվում, բայց  պարզվեց, որ հեռուստադիտողը նկատել է իմ խաղը, սիրել իմ կերպարներն ու ինձ։ Այդ օրերին ու դրանից հետո ինձ ուժ են տալիս նաեւ իմ երկրպագուները, մարդիկ, ովքեր սիրում են այն ամենն, ինչ ես մատուցում եմ էկրանից», - նշել է նա։

Դերասանուհուն մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նելլի Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին