×


Երաժշտական գործիքներ Ստեփանակերտի երեխաների համար՝ ֆրանսիական Լ՛Այ լե Ռոզ քաղաքից

Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ ֆրանսահայ անհատներ, կազմակերպություններ եւ խմբեր աջակցություն են ցուցաբերում Արցախին, այս գործում փորձում են ընդգրկել նաեւ ֆրանսիացիներին: Այսպիսի մի երկկողմ համագործակցության արդյունքում էլ հոկտեմբերին ֆրանսիական Լ՛Այ լե Ռոզ (L’Hay les Roses) քաղաքում մեծ միջոցառում կայացավ՝ ի նպաստ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի: Միջոցառման հասույթն արդեն հավաքված է եւ կտրամադրվի պատերազմից տուժած երաժշտական դպրոցի համար գործիքներ գնելուն:

Միջոցառման հեղինակն ու կազմակերպիչն Օնիկ Ադուրյանն է, որն իր տիկնոջ՝ Կատրին Ադուրյանի հետ համախմբել էր ֆրանսահայ եւ ֆրանսիացի արտիստների եւ գործիչների եւ քաղաքապետարանի աջակցությամբ իրագործել այս մշակութային միջոցառումն՝ ի նվիրումն հայրենիքի մշակույթի: Միջոցառման ընթացքում հայերեն կատարումներով հանդես եկավ ֆրանսիական «Troup’Adour» երգչախումբը, կոմիտասյան հնչյուններից մինչեւ ջազային նոտաներ հնչեցրին դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մանուկյանը, դուդուկահար Ռոստոմ Խաչիկյանը, ջութակահար Դավիթ Հարությունյանը եւ այլք, «Դլե յամանը» ներկայացրեց Աստղիկ Ադուրյանը։


«Troup’Adour» երգչախմբի երաժշտական ղեկավար Օնիկ Ադուրյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ ինչպես հղացավ այս միջոցառման միտքը, եւ թե ինչպես ֆրանսիացիները սիրով հայերեն երգեցին:

«Երբ պատերազմը սկսվեց, չէի կարողանում քնել, մտածեցի՝ ես էլ պետք է մի բան անեմ, եւ քանի որ երգչախմբի ղեկավար եմ, որոշեցի բարեգործական համերգ կազմակերպել։ Մտածեցի, որ լավագույն միջոցը երաժշտությունն է։ Կապվեցի իմ հայերենի ուսուցչուհու՝ Վիլմա Կույումջանի հետ եւ խնդրեցի տվյալներ փոխանցել, կամաց-կամաց ստեղծվեց մի խումբ, որի բոլոր անդամների մտքերն ուղղված էին դեպի Արցախ։ Լ՛Այ լե Ռոզ քաղաքի ղեկավարությունը աջակցեց իմ ծրագրին, քաղաքապետարանը զբաղվեց կազմակերպչական հարցերով»,-պատմեց նա։

32 տարի «Troup’Adour» երգչախմբի ղեկավարը լինելով՝ նա առաջարկել է խմբի երգիչներին հայերեն երգել, հիմա նրանք կախարդված են հայկական երգերով եւ ցանկանում են կրկին երգել հայերենով։ Հայերենին բոլորովին չտիրապետող երիտասարդ երգիչները համերգին ներկայացրին «Կռունկներ», «Հոյ, իմ նազանի», «Երեւան» եւ այլ երգեր։ Արդյո՞ք երգիչները չդժվարացան հայերեն երգել հարցին ի պատասխան՝ նա պատմեց, որ երգիչներից մեկը նույնիսկ ասել է, որ անգլերեն երգելն ավելի դժվար է, քան հայերեն։

«Ցանկանում էի որեւէ գործունեություն ծավալել, որն օգտակար կլինի երեխաներին, երաժշտությունն իմ ամբողջ կյանքն է, նաեւ իմ հայ լինելու գիտակցությունը, երկուսը միասին դարձան այս միջոցառման հիմքը։ Անգամ եթե հավաքված գումարն այդքան էլ մեծ չլինի, բայց կկարողանան մի քանի երաժշտական գործիք ունենալ, սա խորհրդանշական է ինձ համար»,-ասաց երաժիշտը։


Օնիկ Ադուրյանը հատկապես կարեւորում է ֆրանսիացիներին իրազեկելու հարցը, նա հրավիրել էր մասնագետների, ովքեր պատմեցին պատմական եւ իրական փաստեր Արցախից, քանի որ կարծում է՝ ֆրանսիական լրատվամիջոցներն «ամոթալի լռությամբ» չեն տեղեկացրել, թե ինչ է կատարվում։ Միջոցառման ընթացքում ֆրանսահայ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանը ներկայացրեց պատմական փաստեր, իսկ «Ֆիգարո» թերթի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը պատմեց, թե ինչ է տեսել Արցախում պատերազմի օրերին, Լ՛Այ լե Ռոզի քաղաքապետը խոսեց Արցախին օգնելու իրենց պատրաստակամության մասին։ Ներկա էին նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը եւ այլ հյուրեր։  

«Այս համերգի իրական նպատակն այն էր, որ կարողանայինք իրականությունը հասցնել ֆրանսիացիներին, տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում։ Կապվեցի Ժան-Քրիստոֆ Բուիսոնի հետ, որովհետեւ կարծում էի, որ այդ երեկոն չպետք է լիներ հայերի համար, այլ պետք է ուղղված լիներ ֆրանսիացիներին, իսկ նա ֆրանսիացի լրագրող է, ով եղել է Արցախում եւ կարող է որպես ականատես պատմել ամբողջ իրականությունը։ Քաղաքապետարանն առաջարկեց իր աջակցությունը, երեկոյից մեկ օր առաջ ցուցադրվեց Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը, եղավ հանդիպում հեղինակի հետ, որը եւս հետաքրքրություն առաջացրեց մեր քաղաքում։ Ստացվեց մի փոքրիկ շաբաթ՝ նվիրված Արցախին»,-ասաց Օնիկ Ադուրյանը։

Նա հույս հայտնեց, որ այս քաղաքում, որտեղ ապրում է արդեն 40 տարի, շարունակական կլինեն նման միջոցառումները եւ կլինեն նաեւ քաղաքական հանդիպումներ Արցախի հարցի շուրջ։


Արվեստագետը մեզ պատմեց, որ պատերազմից մեկ տարի առաջ ինքն ու կինն այցելել են Արցախ, այնտեղ երկար շրջագայել, «ամուր թելերով կապվել Արցախի եւ այնտեղի մարդկանց հետ, անմոռանալի հիշողություններով հետ վերադարձել»։

«Կինս՝ Կատրինը, հայ չէ, բայց հայերեն հասկանում է, եւ մեր երեք երեխաները հայերեն են խոսում։ Կատրինը միշտ ներգրավված է հայկական հարցերում, այս միջոցառումը եւս միասին ենք իրականացրել։ Արցախում եղել ենք 2019-ին, մեր շրջագայությունը չափազանց տպավորիչ էր, եւ մեկ տարի անց պատերազմը մեզ ցնցեց։ Այնպիսի զայրույթ կա իմ ներսում այդ անարդարության, միջազգային լռության դեմ, որ ցանկանում էի որեւէ բան ձեռնարկել իմ հնարավորությունների չափով։ Ինձ համար սա Ցեղասպանության շարունակությունն էր։ Հույս ունենք շուտով վերադառնալ հայրենիք»,-նշեց նա։

Զրուցեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին