×


«Շատ կուզեի ունենալ լիարժեք ընտանիք»՝ Ագնեսա Շահնազարյանը՝ որդուն միայնակ մեծացնելու, նրա հոր եւ երկրից «փախչելու» մասին

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Նա հանդես է գալիս տրագիկոմեդիկ դերերով՝ մարմնավորելով ուժեղ կանանց։ Սակայն հիմա դերասանուհին ներգրավված չէ նախագծերում, չի խաղում ներկայացումներում։ Ինչպես Bravo.am-ին պատմեց, իր կյանքում սկսվել է մի նոր փուլ.

- Ընտրել եմ մի ոլորտ, որից բացարձակ գաղափար չունեմ: Փորձում եմ այդ ոլորտում առաջին քայլերն անել։ Ուսումնասիրում եմ սոցիալական մեդիայի մարքեթինգ:

- Արվեստից հեռանո՞ւմ ես:

- Բոլորովին։ Ես սիրում եմ բեմը, առանց դրա ինձ չեմ պատկերացնում, բայց կարելի է համատեղել։ Տարիների փորձը ցույց տվեց, որ մարդը պետք է այնպիսի աշխատանք ունենա, որ կարողանա բարեկեցիկ կյանքով ապրել։ Գաղտնիք չէ, որ թատրոններում աշխատավարձն ուղղակի ծիծաղելի է, ու այդ գումարով չես կարող գոյատեւել։ Որոշել եմ փոքրիկ հեղաշրջում անել իմ կյանքում։

- «Պենելոպե», «Շատերից մեկը» մոնոներկայացումներդ մեծ արձագանք ունեցան։ Հանդիսատեսն իր համար բացահայտեց մի նոր դերասանուհի Ագնես Շահնազարյանի:

- Մոնոներկայացումներ իսկապես շատ եմ սիրում։ Որոշել էի «Շատերից մեկը» ներկայացումը խաղալ Ռուսաստանում, բայց համավարակը խանգարեց։ Սակայն այն խաղացի իմ հարազատ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, որը կարծես հրաժեշտի ներկայացում լիներ. մի քանի ամսից մեկնեցի Միացյալ Նահանգներ: Իսկ հիմա նոր մոնոներկայացում բեմադրելու պլաններ ունեմ, եւ անպայման տրագիկոմեդիայի ժանրում։ Այդ ժանրում ինձ զգում եմ, ինչպես ձուկը՝ ջրում։ «Պենելոպեն» ավելի թատերասեր հանդիսատեսի համար էր։


- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ զգացողություն է որոշ ժամանակ առաջ լինել այդ թատրոնի տնօրենը, հետո գնալ հյուրախաղերի։

- Տնօրեն լինելու ժամանակ էլ եմ խաղացել։ Մի ներկայացում կար՝ «Խնայեցեք տղամարդկանց», որում երեք կերպարով էի հանդես գալիս, ու անհամեստ թող չթվա, այն շատ մեծ հաջողություն ունեցավ։ Հյուրախաղերով հանդես եկանք ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում։ Այնպես որ, ինձ համար Վանաձորի թատրոնի բեմը շատ հարազատ է։ Ի վերջո առաջին քայլերս եղել են հենց այդ թատրոնում։ Իսկ իմ ղեկավարության տարիներին էլ ավելի հարազատ դարձավ։ Ինձ համար կարեւոր էր նաեւ աշխատակիցների վերաբերմունքը։ Կարեւոր չէ՝ դու ինչքան ես ղեկավարել, այլ քեզ հետո ինչպես են դիմավորում եւ ընդունում։ Ինձ համար քննության պես մի բան էր։ Ինչպես ասում են՝ իմ սուրը փառքով դրեցի պատյան։ Այն ջերմությունը, որ ստացա աշխատակիցներից, հասկացա՝ իզուր չեն եղել երեք տարիները։

- Մեկնեցիր ԱՄՆ այն ժամանակ, երբ այստեղ բավական լարված իրավիճակ էր։ Գիտեմ՝ պատերազմի օրերին բարեգործական ու կամավորական աշխատանքներով էիր զբաղված, հետո ակտիվ մասնակցում էիր բողոքի ակցիաներին, անգամ բերման ենթարկվեցիր, բայց մի օր մեկնեցիր երկրից։ Դադար վերցրի՞ր, թե՞ պարզապես փախչում էիր։

- Անշուշտ դադար պետք էր։ Ուզում էի հասկանալ՝ արդյոք կարող եմ դրսում ինձ գտնել, թե՝ ոչ։ Թեպետ 4 ամիսը կարճ ժամանակահատված է, բայց ինձ լավ ճանաչելով 10 օրն էլ բավական է, որ հասկանայի՝ կարող եմ, թե՝ ոչ։ Իրոք փախուստի դիմեցի ամեն ինչից։ Ստեղծագործող մարդուն շատ դժվար է այս պայմաններում ապրել։ Մենք ամեն ինչ շատ ավելի էմոցիոնալ ու բուռն ենք ընկալում։ Այս իրավիճակը չէր կարող ինձ անտարբեր թողնել։ Ես կա՛մ պիտի խելագարվեի, կա՛մ ծայրահեղ միջոցների դիմեի, կա՛մ պետք է փախչեի։ Ընտրեցի փախուստը։ Իսկ հիմա վերադարձել եմ այն որոշմամբ, որ մնալու եմ այստեղ։ Եվ չի կարող լինել այնպիսի իրավիճակ եւ այնպիսի մեկը, որ իմ երկրից ինձ կարող է դուրս հանել։ Արմատներով շատ կապված եմ այս հողին։


- Երեք տարի առաջ քո կյանքում հայտնվեց որդիդ՝ Դանիելը։ Ի՞նչ փոխեց նրա ծնունդը։

- Օ՜հ, այդ փոքրիկ մարդուկի շնորհիվ վերարժեւորեցի ամեն ինչ։ Պատասխանատվության զգացումս էլ ավելի մեծացավ։ Իհարկե, հիմա կարող է շատ հակասական հնչել, քանի որ Դանիելի խնամքով մայրս ու մորաքույրս են զբաղվում, բայց դա կապ չունի։ Կյանքս այնպես դասավորվեց, որ ես Դանիելին մենակ եմ մեծացնում։ Ու այնպես ստացվեց, որ նրա ծննդից 40 օր հետո անցա աշխատանքի։ Դանիելը ծնված օրվանից աշխատել է. մեկ օրական էր ու ինձ հետ նկարվում էր սերիալում։ Ավելին՝ այդ ընթացքում Վանաձորի թատրոնը մեկնեց հյուրախաղերի, ես էլ՝ իրենց հետ։ Եվ Դանիելն այդ ժամանակահատվածում աշխատեց մենակ։ Մի քանի ամսական էր, տանում էին նկարահանումների, նկարվում, գալիս էր։ Իհարկե, շատ կուզեի ունենալ լիարժեք ընտանիք, որ այսքան հոգս իմ ուսերին չլիներ։ Իհարկե, սիրում եմ աշխատել ու միշտ աշխատել եմ, բայց կուզեի աշխատել ոչ թե խնդիրներ լուծելու, այլ հաճույքի համար։ Իսկ հիմա աշխատում եմ դեռ խնդիրներ լուծելու համար։

- Իսկ Դանիելը կապ ունի՞ հայրիկի հետ։

- Բաժանվեցի, քանի որ դա ճիշտ որոշում էր։ Ծնողների անառողջ հարաբերություններն ավելի վատ կանդրադառնային երեխայի կյանքի վրա: Նա չպետք է մեծանար անառողջ մթնոլորտում: Դանիելը շփվում է հայրիկի, հայրիկի ծնողների, հորաքույրների հետ։ Իմ տղան գիտակցում է, որ ոչ մի սարսափելի բան չկա, երբ հայրիկն ու մայրիկն առանձին են ապրում:


- Երբ քեզ տեսում է եթերում, ինչպե՞ս է արձագանքում:

- Մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Նկարահանվում էի «Սարի աղջիկ» սերիալում, մորաքույրս նայում էր այդ սերիալը: Այնտեղ իմ ամուսինը՝ Արտաշեսը Ալեքսանյանի մարմնավորած կերպարը, միշտ բարձր տոնով էր ինձ հետ խոսում։ Ու մի օր այնպես ստացվեց, որ տղայիս պետք է տանեմ նկարահանման հրապարակ: Ներս մտանք, տեսավ Արտաշեսին, ձեռքս բաց թողեց, շատ արագ ու խրոխտ քայլերով գնաց կանգնեց Արտաշեսի դիմացը, աչքերը լայն բացեց ու ասաց՝ «Լսի՛ր ուշադիր՝ ինչ եմ ասում, եթե մամայիս վրա մի անգամ էլ գոռաս, ոտքերդ կջարդեմ»: Ալեքսանյանն անակնկալի եկավ, Դանին էլի նույնը կրկնեց: Նկարահանող խումբը 5 րոպե ծիծաղում էր։ Դե, ինքն արդեն մամայի պահապան է ու այնպես է անում, որ ոչ մեկը չնեղացնի:

- Ագնեսա, այս պահին կարծես թե որեւէ նախագծում չկաս: Առաջարկներ չկա՞ն, թե՞ դադարը դեռ շարունակվում է։

- Որպես դերասանուհի՝ շատ լուրջ դադար եմ վերցրել փոթորկից առաջ: Պլաններ շատ կան, բայց հիմա չեմ խոսի դրանց մասին։ Չնայած շատ դժվարություններին՝ հոգեպես կոտրված ենք պատերազմից, այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում, պետք է շարժվենք առաջ: Ես իմ ապագան չեմ փնտրելու ուրիշ երկրում։ Իմ ապագան ստեղծողն ինքս պետք է լինեմ։ Հուսամ՝ մեր երկրում իրոք լավ փոփոխություններ կլինեն: Ուզում եմ հավատալ, որ այնպես կլինի, որ մարդիկ արտագաղթի մասին չեն մտածի: Ի դեպ, երբեք արտագաղթողների թիվն այսքան շատ չի եղել: Մենք այս փոփոխությունը չէինք ուզում...

- Էմոցիոնալ լինելդ խանգարո՞ւմ է քեզ։

- Անշուշտ։ Դասագրքային ճշմարտություն է, որ պետք է հուզական դաշտդ թուլացնես, որոշում կայացնելուց առաջ երկար մտածես, բայց կա մի շատ կարեւոր բայց. եթե ես այդպիսին չլինեմ, ապա ես ես չեմ լինի: Ճշմարտախոս եմ, սիրում եմ մարդու ճակատին ասել այն, ինչ մտածում եմ: Իմ ընկերները միշտ ասում են, որ դա ճիշտ չէ, բայց եթե այդպես չվարվեմ, կլինեմ շատերից մեկը: Շատ հուզիչ էր ու կարեւոր, որ բացակայությունս նկատվել էր: Շատ էին գրում՝ ուր եմ, չկամ, գույնս պակասել է քաղաքում: Դա շատ կարեւոր գնահատական էր:


- Խոսենք մի թեմայի մասին, որը ոչ բոլորը գիտեն։ Դու նաեւ ստեղծագործում ես արձակ ժանրում, ու ես երեւի այն եզակիներից եմ, որ կարդացել եմ դեռեւս չավարտված վիպակդ։ Ինչո՞ւ ես կանգ առել, չե՞ս կարողանում այն ավարտին հասցնել։

- Ես այդ վիպակն ավարտելու եմ ու համոզված եմ՝ այդ ժամանակ իմ կյանքում մի նոր փուլ է սկսվելու։ Լուրջ ստեղծագործողների մոտ կարդացել եմ, ասել են՝ չեն հավատում, որ սա իմ առաջին գործն է, շատ հասուն է։ Իսկ ինչպես եղավ, որ սկսեցի գրել. ժամանակին գրվածքներ ունեի, կրիչների վրա էի պահել, որոնք վնասվեցին։ Իսկ ես ձեռագրերը պատռել էի ու շպրտել։ Հրատարակչություններից մեկը մրցույթ էր հայտարարել ու մայրիկիս՝ արձակագիր Նելլի Շահնազարյանին առաջարկել սիրո մասին մի պատմություն գրել: Մայրս ասել էր՝ գրելը պատվերով չէ, պիտի ստեղծագործի։ Հետո սկսեց ինձ բզբզել՝ «Դե, մի բան գրի»։ Պատասխանեցի իր պես․ «Այ, մամա, ո՞նց գրեմ, մուսան պիտի գա»: Բայց մի օր գիշերը ժամը երեքին վեր թռա, նստեցի սեղանի մոտ ու սկսեցի գրել: Ծնվեց վիպակը, գործողությունները հաջորդում էին մեկը մյուսին, հետաքրքիր զարգացումներ եղան ու դադար։ Հասա մի ճամփաբաժանի ու հասկացա, որ չեմ կարողանում շարունակել: Չեմ տեսնում ավարտը: Երկու տարի անց շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. այն, ինչ գրել էի վիպակում, տեղի ունեցավ իրականում: Ես հանդիպեցի Դանիելի հայրիկին, որին նկարագրել էի վիպակում: Այն սիրո պատմություն է՝ տրագիկոմեդիա։ Հետաքրքիրն այն է, որ երկու գլխավոր հերոսուհիները ես եմ. մեկը հանգիստ, տնային Ագնեսան է, մյուսը՝ խենթ ու խելառ Ագնեսան:

- Երրորդ Ագնեսան էլ հրաշքներ է գործում խոհանոցում։ Անգամ այսպիսի հումոր կա՝ «ներգաղթին նպաստող բորշչ ես սարքում»:

- Այո, սիրում եմ էքսպերիմենտներ անել։ Սիրում եմ լավ մարդկանց համար համեղ պատրաստել։ Միշտ նայում եմ հյուրերիս ափսեների մեջ ու հասկանում՝ շատ են հավանել: Այնքան սերն եմ դնում, որ շատ համով լինի:

- Ագնեսա, ակնհայտ նիհարել ես, բաղադրատոմսը կասե՞ս։

- Սկսեցի նիհարել պատերազմի օրերին: Ցավոք, նիհարելս պայմանավորված չէ ո՛չ սպորտով, ո՛չ սննդակարգերով։ Չափազանց նյարդային վիճակի արդյունք է։ ԱՄՆ էի մեկնել առանց որդուս. 4 ամիս լացելով քնում էի, լացելով արթնանում, որոշել էի իմ եւ Դանիելի կյանքն այնտեղ դասավորել, բայց վերադարձա։


- Բլից հարցեր. ինչի՞ց ես վախենում:

- Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք, այլ բան կասեի, հիմա կասեմ՝ պատերազմից:

- Ափսոսո՞ւմ ես:

-Ափսոսում եմ այն տղաների համար, ովքեր մեզ հետ չեն։ Ափսոսում եմ Արցախը կորցնելու համար: Մեր կյանքը կիսվեց երկու մասի՝ պատերազմից առաջ եւ հետո։

- Թույլ կողմերդ:

- Հուզական լինելը:

-Ուժեղ կողմերդ:

- Հուզական լինելը:

- Ինչպիսի՞ հարցեր չես սիրում։

- Ե՞րբ ես ամուսնանալու։

- Ինչի՞ն կամ ո՞ւմ ես հավատում:

- Կլինի այն, ինչ ի վերուստ տրված է ու սահմանված։

Հարցազրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին