×


19-րդ «Հայ Ֆեստ»-ի վիրտուալ ընթացքն ու «Աշնանային սպասուհիներ»-ով ամփոփումը

«Սա ոչ թե ավարտն է 2021 թվականի, այլ սկիզբն է 2022-ի, որտեղ, հուսով ենք, կլինեն իրական ու կենդանի ձեւաչափով ներկայացումներ, արտասահմանից հյուրեր, լեփ-լեցուն դահլիճներ, ինչին բոլորս սովոր ենք»,- նշել է «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն՝ ամփոփելով այս տարվա փառատոնային օրերի արդյունքները։ 19-րդ «Հայ Ֆեստը», որ անցկացվեց նոյեմբերի 21-ից 24-ը, աչքի ընկավ ժամանակակից կատարողական ձեւաչափերով ու նոր մոտեցումներով՝ առցանց ցուցադրություններ, ինտերակտիվ եւ VR ներկայացումներ, վարպետության դասեր, միջազգային կոնֆերանսներ, ցուցահանդեսներ եւ այլն։

Փառատոնի մեկնարկը տրվել էր հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդեսով: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացվել էին բացառիկ ցուցանմուշներ՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Բեմական տարածքներով շրջելու գաղափարը փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է եղել (նա, ցավոք, վերջերս հեռացավ կյանքից,-հեղ.)։ Այդ գաղափարը կյանքի է կոչել եւ համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է Եղիշե Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան):

Արթուր Ղուկասյանը


Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարել էր «Arlekin Players» թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին էր հանձնվել բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Այս ներկայացման ձեւաչափն անսովոր էր հանդիսատեսի համար․ ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր էր տանում, եւ սյուժետային գիծը հնարավոր է՝ փոխվեր՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում հանես է գալիս բալետի անվանի արտիստ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովը։ Ռանեւսկայի դերում «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթն է։

Փառատոնի օրերին առաջին անգամ ցուցադրվեցին մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչեւսկու (Լեհաստան) «Բացատրություն» եւ «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (վիրտուալ իրականություն) ներկայացումները։ Այդպիսի ցուցադրություններով հանդես եկավ նաեւ Աուքսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։

Նարինե Պետրոսյանը եւ Ռուբեն Բաբայանը


Հագեցած էին նաեւ փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություններ, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը» խորագրով, ինչպես նաեւ zoom հանդիպումներ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով եւ այլք։   

«Աշնանային սպասուհիներ» ներկայացումը


Փառատոնն ամփոփվեց «Աշնանային սպասուհիներ» ներկայացումով՝ ըստ Եվրիպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» թատրոնի գերմանավրացական համատեղ նախագիծ է, որ ցուցադրվեց Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում եւ անցել դաժան փորձությունների միջով․«Ինչպես միշտ, մեզ աջակցում է Գյոթե ինստիտուտը։ Հենց նրանք էլ առաջարկեցին ներկայացումն այստեղ ցուցադրել։ Ասացինք՝ խնդիրն այն է, որ այս տարի հյուրեր չունենք, միայն առցանց ներկայացումներ են։ Բայց քանի որ կենդանի ցուցադրություն ունենալու հնարավորությունը կար, գաղափարը կյանքի կոչվեց։ Տեխնիկապես շատ հետաքրքիր ներկայացում է, պահպանում է «Հայ Ֆեստ»-ի գիծը։ Հուսով ենք՝ հաջորդ տարի ամեն ինչ կենդանի կատարմամբ կլինի, եւ կվերադառնանք նախկին ձեւաչափերին, այսինքն՝ թատրոնը կլինի թատրոն, փառատոնը կլինի փառատոն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Ղուկասյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին