×


Հայկականը՝ ջազով. «Մենք ու մունք» ալբոմի շնորհանդեսն ու երեկոյի հատուկ հյուրը

Հայկական երաժշտությունը՝ ջազային ելեւէջներով ու նորովի. «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգային ծրագրով հանդիսատեսին է ներկայացրել իր նոր՝ «Մենք ու մունք» ձայնասկավառակը: Մինչ այս նվագախումբը թողարկել է երեք ալբոմ, բայց վերջինը լույս է տեսել շուրջ 15 տարի առաջ. ընդմիջումը երկար էր:


«Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունենք ներկայացնելու այս երկար սպասված ձայնասկավառակը, որում զետեղված են տարբեր սերունդների միայն հայ հեղինակների ստեղծագործություններ: Ինչպես յուրաքանչյուր նվագախումբ, մենք էլ մեր ձեւով ենք ներկայացնում ստեղծագործությունները, եւ հանդիսատեսը կնկատի մեղեդու եւ հարմոնիայի որոշակի փոփոխություններ. ուզում եմ՝ ընկալվի որպես վերափոխում»,- նշել է ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցը եւ հույս հայտնել, որ նախագիծը կլինի շարունակական.«Մեր երաժշտական ժառանգությունն ու ներկայացնելիքն ավելի ծավալուն է, քան մեկ սկավառակը»:

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են CD-ում ընդգրկված 9 գործերը: Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտաշես Քարթալյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները նոր գործիքավորում ու նորովի մշակումներ են ստացել:


Հյուսնունցը մեկնաբանել է նաեւ ձայնասկավառակի անվանումը.«Ընտրեցինք «Մենք ու մունքը», քանի որ կարիք կա վերագնահատելու մերը, նորից ներկայացնելու ու լսելու, որից հետո վերահաստատելու մեր ինքնությունն ու դարավոր մշակույթը»:

Ռուսաստանաբնակ ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան, որն այս օրերին հայրենիքում է, սիրով ընդունել էր երեկոյի հատուկ հյուրը դառնալու առաջարկը: Նա ներկայացել է Ստեփան Շաքարյանի «Վերադարձիր երազ» եւ Կոնստանտին Օրբելյանի «Երջանկության հարյուր ժամ» երգերով: Ելույթից առաջ Bravo.am-ի հետ զրույցում Մերաբովան խոստովանեց՝ հաճույքը մեծ է եւ հուզմունքն էլ շատ, քանի որ հայերեն է երգելու:


«Մեծ պատիվ է այս նվագախմբի հետ ելույթ ունենալը, որի բոլոր անդամներն արժանի են հիացմունքի: Կրկնակի անհանգիստ եմ, քանի որ իմ լեզվով եմ երգելու: Այստեղ բոլորին ուզում եմ գրկել ու ասել, որ մեր երջանկությունը միասնության մեջ է»,-եզրափակել է երգչուհին:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին